Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը ՊՊԾ գնդի դեպքերի հետ կապված իր արտահերթ զեկույցում սկզբունքային հարցեր է դնելու իշխանության առաջ

Նոյեմբեր 03,2016 12:39

Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց Մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակին 2017-ի բյուջեի նախագծով հատկացումներն ու ծախսերը:

Ալեքսանդր Արզումանյանն օմբուդսմենին հուլիսյան դեպքերից հարց ուղղեց. «Մենք բոլորս հուլիսին ականատես եղանք մի նոր երեւույթի, երբ բերման ենթարկել հասկացողության ներքո մարդանց պարզապես առեւանգում էին: Հարյուրներով մարդկանց փողոցից առեւանգում էին, տանում էին ոստիկանություն»: Պատգամավորը նաեւ հարցրեց մարդկանց զորամաս տանելու հետ կապված. «Դա չլսված եւ աննախադեպ երկու դեպքեր էին, ոստիկանությունից ձեզ բացատրություն տվե՞լ են, որեւէ գործ հարուցվե՞լ է, դա մոռացվել-գնացվե՞լ է, թե՞ շարունակվում է»:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ մի քանի հարյուր բողոքներ են ստացել. «Բերման ենթարկվածը ազատությունից  զրկված է, այդտեղ դիրքորոշումս միանշանակ է: Կապված ազատությունից զրկվածների իրավունքների ապահովման հետ, հատկապես այն ստորաբաժանումների հետ, որտեղ տարվում էին: Այդ օրերին բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ դրա գործադրումն արդյունավետ չէ, որովհետեւ եթե վերլուծում ենք, ազատությունից զրկված սկզբնական փուլում իրավունքների խախտումները ավելի շատ էին, քան հետագայում: Ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք լուրջ բացթողում՝ այդ ինստիտուտի գործադրման մեխանիզմների հետ կապված»:

Ինչ վերաբերում է զորամաս բերման ենթարկելուն, օմբուդսմենն ասաց, որ արտահերթ հրապարակային զեկույց է պատրաստում, որը պատրաստ կլինի մոտ 1 ամսից: Օմբուդսմենը խոստացավ, որ այդ զեկույցում հուլիսյան դեպքերի հետ կապված շատ սկզբունքային հարցեր են լինելու: Այդտեղ հարց ենք բարձրացնում՝ այստեղ պետությունը կրկնակի բեռի տակ է ընկնում՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք կար այդ վայր բերման ենթարկելու դեպքում վարույթ իրականացնելու նպատակ, որովհետեւ բերման ենթարկելն ինքնանպատակ չի գործադրվում: Եթե ինքնանպատակ է, ապա գործ ունենք խախտման հետ»:

Օմբուդսմենն ասաց, որ պարզաբանումներ են իրենք պահանջել ոստիկանությունից եւ ստացել են. «Կան կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ մեր գրությունների հիման վրա, կան լիազորությունները կասեցված ծառայողներ»:

ՄԻԵԴ-ի վճիռների հետ կապված Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց այն դեպքից, երբ Վճռաբեկ դատարանի նախագահի անունը կոնկրետ մեջբերվում է վճռում եւ քննադատության ենթարկվում կողմնակալ գործողությունների համար: Նրա խոսքերով՝ «Սա աննախադեպ երեւույթ է, կարո՞ղ ենք ակնկալել ձեր կողմից ինչ-որ գնահատականներ, որ այն դատավորները, որոնք հերիք չի մեզ վրա լուրջ ֆինանսական հետեւանքներ են թողնում, պետությունը ստիպված է հարյուր հազարներ վճարել անօրինական վճիռների պատճառով, բայց նաեւ արդեն ծաղրուծանակ ենք դառնում մեր ամենակարեւոր  դատարանի դատավորների վարքագծի առումով»:

Օմբուդսմենը համաձայնեց, որ մտահոգություններ կան որակակական, այսինքն՝ իրավունքների խախտման բնույթի կամ պաշտոնատար անձանց գործողությունների մասով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930