Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, 72-ամյա Հրաչ Սահակյանի կնոջ հուղարկավորման օրը «Գազպրոմ Արմենիան», այսպես ասած՝ սեւ «անակնկալ է» մատուցել՝ 52 հազար դրամ տուգանքի մասին է տեղեկացրել: Հուղարկավորումից մեկ շաբաթ հետո էլ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները այցելել են Հրաչ Սահակյանի բնակարան եւ պահանջել վճարել 52 հազար դրամը, հակառակ դեպքում կանջատեն:
Հրաչ Սահակյանը տուգանքի մասին այս տհաճ «աչքալուսանքից» զարմացել է, ինչպես ինքն ասաց՝ երբեք, ոչ մի օր սպառած գազի դիմաց վճարումները չի ուշացրել եւ ոչ մի լումա պակաս չի վճարել:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Սահակյանը պատմեց, որ այս տարվա հունիսի 12-ին իրեն է մոտեցել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցն ու տեղեկացրել, որ լրացել է նրա բնակարանի գազահաշվիչի տեղադրման 5 տարին, եւ այն ենթակա է փոխման:
«Ես, իհարկե, համաձայնվեցի, բայց խնդրեցի այդ գործընթացն արագ կազմակերպել, քանի որ կինս մահամերձ էր: Հունիսի 20-ին ընկերության աշխատակիցները եկան եւ արագ փոխեցին հաշվիչը, ակտ կազմեցին՝ հստակ նշելով նախկին գազահաշվիչի տեխնիկական վիճակը՝ արտաքինից թերություն չի նկատվում, թե ներկը, թե 5,5 տարվա փոշին, թե կնիքը վկայում են, որ բազմաբնակարան շենքի մուտքում տեղադրված հաշվիչին ձեռք տվող չի եղել»,-պատմեց Հրաչ Սահակյանը: Բայց 40 օր հետո Աբովյանի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղից (ԳԳՄ) Սահակյանին ուղարկվել է ծանուցում, ըստ որի՝ նախկին գազահաշվիչի ստուգաչափման արդյունքում հայտնաբերվել է խախտում (արտաքին միջամտություն): Ըստ ընկերության պաշտոնական ծանուցման՝ «Չափագիտական ազգային ինստիտուտի եզրակացության համաձայն՝ գազահաշվիչի իրանի եւ համրման սարքի բացումից եւ կատարված վերլուծության արդյունքում հայտնաբերվել է, որ խցան կնիքի բնիկն ունի ներքին ճաք, կոտրված է խցան կնիքի լայնակույտը: Համրման սարքի իրանն ունի ներքին ճաք»: Սա որակվել է որպես առեւտրային հաշվառքի սարքի խախտում, պատճառը՝ արտաքին միջամտություն: Սրա հիման վրա էլ կատարվել է սպառած գազի վերահաշվարկ եւ ենթակա է մուծման 46 հազար դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում, եւ հաշվիչի նորոգման համար էլ՝ 6827 դրամ:
«Չգիտեմ ինչպե՞ս են հաշվարկել, ի՞նչ են արել, Պյութագորասի թեորեմից էլ բարդ հաշվարկային մեթոդ էր, բայց պարզվում է, որ ես 66 ամիս շարունակ «Գազպրոմից» գողություն եմ արել ու ամեն ամիս 700 դրամ: Ես 50 տարվա աշխատանքային փորձ ունեմ, 25 տարի հասարակական աշխատանք եմ կատարում, 10 տարի է՝ պատերազմի, աշխատանքի եւ զինված ուժերի վետերանների Նաիրիի տարածքային խորհրդի ղեկավարն եմ, բազմաթիվ պատվոգրերի ու խրախուսանքների եմ արժանացել, իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը արատավոր կենսագրություն չունի, բայց «Գազպրոմ Արմենիան» մեզ մեղադրում է գողության համար: Անհեթեթություն է, որ ես կարող էի միջամտել հաշվիչի աշխատանքում: Այդ իրենք են մեղավոր, որ հաշվիչը խնդիր է ունեցել, եւ միայն «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների պատճառով է, որ հաշվիչում թերություններ կային:
Կարդացեք նաև
Ընկերության փոխտնօրեն Գեւորգյանին էլ նամակ եմ գրել ու ասել՝ մեղավորներն իրենց աշխատակիցներն են, քանի որ հաշվիչն էլ է իրենցը եղել, 5,5 տարի առաջ իրենց աշխատակիցներն են տեղադրել, հաշվիչը լաբորատորիա էլ բեռնատար ինքնաթափ մեքենայով տեղափոխողներն էլ իրենց աշխատակիցներն են եղել, կնիք փակցնողն էլ իրենք են, լաբորատոր ստուգումներն էլ ձեր ՍՊԸ-ն է անում: Այդ ինչպես եղավ, երբ հաշվիչը հանում էին փոխելու մեկ ուրիշով, աշխատակիցներն արձանագրել են, որ արկղը ձեռք տված չի եղել, ու հիմա ինձ ասում են, թե խախտումներ կան: Ո՞ւմ եք գողի պիտակ կպցնում, ինձ ճանաչողները, այդ թվում նաեւ ձեր աշխատակիցները, շատ լավ գիտեն՝ ես ինչ պարտաճանաչ սպառող եմ, թաղում ամենամեծ գումարն էլ ես եմ վճարում: Գո՞ղ եք փնտրում, գնացեք գազով աշխատող արտադրամասերը ստուգեք, գազալցակայանները ստուգեք: Գողը ձեր աշխատակիցներն են»,- վրդովված պատմեց Հրաչ Սահակյանը:
Եղվարդի քաղաքապետը, ինչպես մեզ ասաց Հրաչ Սահակյանը, խնդրել է «Գազպրոմ Արմենիայի» տարածքային բաժնի աշխատակիցներին Սահակյանի բնակարանի գազամատակարարումը չանջատել. «Քաղաքապետը նրանց ասել է՝ ինձանից նման բան կսպասի, Հրաչից՝ ոչ, նա հաշվիչին մատով չի կպնի, դա անհնար բան է, մի անջատեք գազը, բայց նրանց պետքը չի»:
Թեեւ պարոն Սահակյանին հորդորել են հաշտվել իրավիճակի հետ եւ չպայքարել խոշոր եւ մենաշնորհային դիրք ունեցող ընկերության դեմ, սուսուփուս վճարել գումարը, սակայն նա դիմել է դատարան, հայցն ընդունվել է վարույթ, առաջին նիստը փետրվարի 16-ին կլինի:
Հիմա Սահակյանի ընտանիքը՝ 2 անչափահաս թոռներն ու հղի հարսը, այս ցուրտ եղանակին զրկվել են գազամատակարարումից, նրանց բնակարանը ջեռուցվում է գազով: Սահակյանն ասաց, որ էլեկտրական սարքով չի կարող բնակարանը նորմալ տաքացնել. «Սա անմարդկային վերաբերմունք է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ինչպե՞ս կարելի է տարիներով պարտաճանաչ սպառողին անհիմն զրկել գազից: Կրկնում եմ՝ ես գող չեմ, պայքարելու եմ մինչեւ վերջ, էլ չեմ ասում, որ մեր հոգեկան ապրումներն ու նյարդայնանալն իրենց մեղքով է, բա այդ վնասն ինչպե՞ս են փոխհատուցելու: Այդ ինչպե՞ս պատահեց, որ գազահաշվիչը երբ հանում էին, գրեցին՝ հաշվիչի շեղումը 0.00% է, հետո էլ իրենք իրենց հակասող բան գրեցին՝ իբր խախտում եմ արել: Գողն իրենք են»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
02.11.2016