Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով»

Նոյեմբեր 03,2016 12:24

Վարչապետն այսօր կառավարության նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին մի քանի հանձնարարականներ էլ տվեց, որոնք առնչվում էին բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին, հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկի ընդլայնմանը:

Այսպես՝ վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում «Ապօրինի հարստացման քրեականացման» մասին նախագիծը ներկայացնել կառավարությանը: Նա նաեւ ասաց, որ «Ապօրինի հարստացման քրեականացման» նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակող օրենքի նախագիծ:

«Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով: Եվ գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ, արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը թե՝ ոչ»,-ասաց վարչապետը:
Այս խնդիրների լուծման նպատակով վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ:

Վարչապետը նաեւ ասաց, որ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով ե՛ւ կրթական ե՛ւ կոռուպցիայի կանխարգելման գործառույթը. «Բացի դրանից անհարժեշտ է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավական մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին հանրային հաշվետվություն ներկայացնեն: Խոսքը գնում է առանձին, հենց կոռուպցիայի մասին հաշվետվությանը»,- նշեց Կարեն Կարապետյանը՝ արդարադատության նախարարին հանձնարարելով մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:

Վարչապետի խոսքերով, անհրաժեշտ է անդրադառնալ հայտարարագիր ներկայացրած անձանց շրջանակի ընդլայնմանը. «Կան պաշտոնատար անձիք, որոնք այս ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են խոշոր տեղական գնումների գործընթացում կամ տարբեր այլ կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող տեսանկյունից գործունեության մեջ: Արդարադատության նախարարին հանձնարարում եմ երեք շաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930