Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված հումորիստ «Պոնչոյի» նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին

Նոյեմբեր 03,2016 14:30

Վկաներից ոմանք չէին տեսել արնաշաղախ երիտասարդ փաստաբանին

«Պոնչո» հումորային անունով հայտնի, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել անցյալ տարվա օգոստոսի 24-ի երեկոյան՝ ժամը 20:20-ի սահմաններում, Տիգրան Մեծի շենքերից մեկի բակում տեղի ունեցածի հետ կապված:
Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սիրված հումորիստի գործով երեկ տեղի ունեցավ թվով 7-րդ նիստը:

Ըստ մեղադրական եզրակացության. «Չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, Վահագն Սիմոնյանը վիճաբանել է նույն շենքի բնակիչ, գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ։ Այդ ընթացքում Վ. Սիմոնյանն ուղղակի դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ.Գալստյանի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ.Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»։ Ապա Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց եւ կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա, նստել ու գանգահարել է ոստիկանություն։ «Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ.Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո նրանց տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին»,-ասված էր մեղադրական եզրակացության մեջ: Ի դեպ, մեղադրանքը դատարանում պաշտպանում է դատախազ Հարությունյանը:

Երեկ դատարան էին ներկայացել չորս վկաներ՝ երկու ոստիկան, տաքսու վարորդը եւ տուժողի որդին, որոնք դատավորի հարցին, թե կցանկանա՞ն, արդյոք, իրենց վկայության ժամանակ օգտվել փաստաբանի ներկայությունից, հրաժարվեցին: Ոստիկան Արմեն Սահակյանը հայտնեց, որ ամբաստանյալ դերասանին ճանաչում է դեպքի առնչությամբ: Օպերատիվ-կառավարման կենտրոնից ստացել է տեղեկություն, Կարեն Զաքարյանի հետ գնացել են վիճաբանության վայր, որտեղ նկատել են մի քանի մարդու: Նրանք էլ մատնանշել են մայթեզրին կանգնած տաքսի մեքենան, որտեղ նստած քաղաքացին ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, էլեկտրաշոկը ձեռքին: Ի դեպ, տուժողի մարմնի վրա վնասվածք չէր տեսել:

Տաքսի մեքենային սկզբում մոտեցել է ինքը, հարցրել, թե ո՞վ է զանգել 1-02: Վահագն Սիմոնյանն ասել է, թե ինքը չի զանգել, իսկ երբ վերցրել է Վահագնի հեռախոսը, տեսել է, որ զանգը նրա հեռախոսից է եղել:

«Վնասազերծել ենք, բերել բաժին»,-ասաց ոստիկանը:

Պատասխանելով դատախազի հարցերին, վկան հիշեց նաեւ, որ տուժողի հետ նկատել է մի քաղաքացու, որը սպիտակ վերնաշապիկով էր, արնաշաղախ, ասել է, որ Վահագնի ընկերն է, փաստաբան, եւ երբ Վահագնը ընկել է, վնասվածք է ստացել, արյունը Վահագնինն է, փորձել է իրավիճակը հարթեցնել: Ի դեպ, այս ոստիկանն ասաց, թե տաքսու վարորդին, թե ամբաստանյալին, ընկերոջը, տուժողին տարել են բաժին:
Ոստիկանը հայտնեց, որ ընդհանուր հայհոյանքներ էր տալիս ամբաստանյալը, եւ երբ մեքենայից դուրս է եկել, ու իրենց են մոտեցել նաեւ տուժողն ու մյուս ընկերը, ոստիկանն ասաց, թե անակնկալի եկան, քանի որ նա փորձեց էլեկտրաշոկը միացնել, հարվածել տուժողին:

Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին էլ՝ ամբաստանյալն ասա՞ց, որ իրեն են խփել, ծեծել, պատասխանեց, թե նա միայն հայհոյում էր:

Ոստիկանության 3-րդ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Կարեն Զաքարյանն էլ ասաց, թե երբ ահազանգը ստանալուն պես գնացել են դեպքի վայր, մոտեցել են տուժողին, պատասխանեցին՝ իրար չենք հասկացել, վիճել ենք:
«Մոտեցանք բոլորով, որպեսզի բացահայտենք, թե ինչ է եղել: Ինքը նկատելով՝ դուրս եկավ, ասաց՝ դուք խի՞ եք մոտեցել, ու սարքը միացրեց»,- ոստիկանի խոսքը Վահագնի գործողությունների մասին էր: Մեղադրողի հարցին, թե ամբաստանյալն ի վերջո էլեկտրահարե՞լ է տուժողին, թե՞ փորձեց էլեկտրահարել, ոստիկանն ասաց, թե չի հիշում: Ըստ այս վկայի, նա չհասցրեց հարվածել տաքսուն իրենց հետ մոտեցած տուժողին, քանի որ տուժողի որդին խոչընդոտեց:

Այս վկան էլ ասաց, թե խմիչքի հոտ էր գալիս ամբաստանյալի վրայից, մեքենայից երբ իջել է, զգացել են:

Եթե առաջին ոստիկանն ասաց, թե բոլորին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, այդ թվում՝ Վահագնի փաստաբան ընկերոջը, ապա այս երկրորդն ասաց, թե «բերման էինք ներկայացրել, սպիտակ սառոչկայով արնաշաղախ երիտասարդը անհասկանալիորեն չկար: Վահագն էլ վատացել էր, շտապօգնություն էր կանչվել»:

Պաշտպանի հարցին, թե տուժողի մոտ վնասվածք նկատե՞լ է ոստիկան վկան, նա պատասխանեց, թե թեւն անվերջ շարժում էր, ցույց տվեց ձախ կրծքավանդակի հատվածը:
Դատավորը նկատեց, որ վկան անվերջ կրկնում էր «մութ» էր, «մթով տեսանելի չէր» բառերը, եւ ասաց, թե օգոստոսյան դեպքի օրը նշված ժամը 20.00-ի հատվածը մութ լինել չէր կարող: Այս կապակցությամբ վկան հայտնեց՝ «Մութ էր, որովհետեւ մեքենայի լույսերը վառված էին»:

Հաջորդ հարցին էլ, թե տուժողը իրեն քարով խփելու մասին հայտնե՞լ է ոստիկաններին, ասաց, չի հիշում, իսկ առհասարակ, երբ մոտեցել են կողմերին, իրենք առաջին հերթին նայել են ձեռքերին, որպեսզի իրենցից թաքցվող իր նկատեն:

Դատախազը հրապարակեց նախաքննական ցուցմունքը, որը վկան տվել էր դեպքից ամիսներ հետո, 2015թ. հոկտեմբերի 16-ին: Այս ցուցմունքով էլ պարզվեց, որ տուժողն ասել է, որ Վահագնը քարով հարվածել է նրան ու էլեկտրահարել:
Տաքսու վարորդը՝ Արտակ Խաչատրյանն ասաց, որ տաքսի է վարել, հաճախորդը կանգնեցրել է մեքենան:

Ըստ վարորդի, ամբաստանյալից խմիչքի հոտ էր գալիս, նա դուռը փակել չէր կարողանում, լսել էր, որ նա զանգել է մեկին, ասել՝ «հասեք, պատերազմ է»:
Ամբաստանյալը վարորդին ցույց էր տվել էլեկտրաշոկը, հարցրել, կարո՞ղ է միացնել, ինչին վարորդը պատասխանել էր բացասական:

Վահագնն ասաց, թե առանց ակնոցի չի կարող տեսնել, օգտվել հեռախոսահամարներից, հարցրեց վարորդին, թե արդյոք ինքը դիմե՞լ է, որպեսզի վարորդը զանգի որեւէ տեղ: Վարորդը պատասխանեց, որ ոչ մի տեղ չի զանգել, ավելին, անսպասելի էր, թե ինչ արագ են ոստիկանները եկել:

Ըստ վկայի, ոստիկաններից բացի, տարածքում այդ պահին 10-15 մարդ կար: Ի դեպ, մինչ հարցերը կտար, դերասանը դիմեց տաքսու վարորդին, ասելով. «Ներողություն եմ խնդրում, եթե այդ օրը վիրավորել եմ»:

Այս վկան էլ չէր տեսել արնաշաղախ երիտասարդ փաստաբանին:
Սուրեն Գալստյանը տուժող Ռուբեն Գալստյանի որդին էր: Դստեր մասին, որը դատակոչվածների մեջ կա, հայրը տեղյակ չի, ասում է Ռուսաստան է գնացել, իսկ մայրն էլ Արցախում է, հեռախոսի համարը չգիտի: Դատարանը մինչ բերման որոշում կայացնելը, կրկին հորդորեց հեռախոսահամարը կամ պաշտոնական տեղեկություններ նրանց գտնվելու մասին: Նրանք, ըստ էության, ականատես վկաներ են եւ գտնվել են վեճի ժամանակ դեպքի վայրում: Չնայած տուժողն ասաց, թե պարտքուպահանջ չունի ամբաստանյալից, բողոք չունի, պատասխանատու է հարազատների գրածների համար, սակայն դատավորն ասաց, թե օրենքը նման պատասխանատվություն չի սահմանել:

Տուժողի որդին ասաց, թե ճանաչում է ամբաստանյալին որպես դերասան: Նրան դեպքի օրը քույրն է զանգել, լացակումած հայտնել, թե շուտ գա:

Իրականում դերասանը հայհոյել է իր զոքանչին, աներոջը, նրանց շենքում էր ապրում դերասանի կինը, իսկ հայրն էլ միջամտել է, արդյունքում եղել է վեճ: Այդ ժամանակ ինքը հինգ րոպե հետո մոտեցել է, տեսել է, թե ինչպես է հոր գլխին քարով հարվածել Վահագնը: Պաշտպանի հարցին, թե նկարագրիր քարը, վկան չկարողացավ: «Միգուցե հողակտո՞ր էր»,- հարցը շարունակեց պաշտպանը, վկան ասաց, թե՝ «կարող է քարի վրա հող լինել»: Ի տարբերություն մյուս վկաների, տեսանելի է եղել, ըստ այս վկայի, տարածքը՝ «լուսավոր»: Նա չէր տեսել Վահագնի փաստաբան ընկերոջը, տեսադաշտում մեկ րոպե է նա եղել, լսել է հայհոյանքներ՝ ուղղված հորը: Եթե ոստիկաններից մեկն ասում էր, թե տաքսուց իջնելուց տղան էլեկտրաշոկը փորձեց խլել, ապա վկան ասաց, թե նրանք են վերցրել էլեկտրաշոկը:
Արդյոք, տեսե՞լ է այդ էլեկտրահարող գործիքը, ինչպիսի՞ն է, հարցին էլ պատասխանեց՝ «սեւ էր, ձայն կար, կայծ»:

Այս վկան ասաց, թե ամբաստանյալը էլեկտրահարել է ոստիկանին՝ «նիհարին»՝ իմ հրապարակման մեջ՝ առաջին ոստիկանին, որը, սակայն, նման ցուցմունք չէր տվել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 15-ին, ժամը 9.30-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. 546 թռիչք ունեցող դերասանի համար ճիշտ է՝ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին, սակայն մեկ անգամ ՌԴ-ում ֆիլմի նկարահանման համար նախաքննություն իրականացնող մարմինը ստիպված էր նրան թույլատրել բացակայել… հանուն առերեւույթ ժպիտի:

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930