Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումների քամին բուհերի լսարանների դռնից ներս չի թափանցել»

Նոյեմբեր 03,2016 14:00

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով կրթության ոլորտի բարեփոխումներից` առանձնացրեց համալսարանական կառավարման հետ կապված մի քանի խնդիրներ, որոնք վերջին 10 տարիներին մշտապես առկա են: Նրա ձեւակերպմամբ, կրթական բարեփոխումներն իրագործողները` դասախոսներն ու ուսանողներն, ըստ էության օտարված են բարեփոխումների գործընթացից, որովհետեւ կառավարման համակարգն այնպիսին է, որ նրանք որեւէ որոշման կայացմանը չեն մասնակցում:

Կառավարում են ոչ թե ուսումնական պրոցեսը, այլ ուսանողներին եւ դասախոսներին

«Համալսարանը երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան կամ ավտոտրանսպորտային ձեռնարկություն չէ, եւ այնտեղ կառավարման այլ մեխանիզմներ պետք է գործեն, կառավարման բոլորովին այլ մշակույթ է սա՝ խարսխված ակադեմիական ազատությունների, լայն քննարկումների, կարծիքների բախման, բանավեճերի, որոնք անհրաժեշտաբար պետք է նախորդեն կառավարչական ցանկացած նշանակալի որոշում. սա բացարձակապես բացակայում է համալսարանական միջավայրում, եւ այս կամ այն հատուկենտ դրսեւորումները ընդհանուր իրավիճակ չեն փոխում, մանավանդ, որ ի վերջո որեւէ էական ազդեցություն նախապես համաձայնեցված եւ հրահանգված որոշման վրա այդօրինակ «շեղումները» թողնել չեն կարող։ Հասկանալի է, որ կազմակերպական նման մշակույթում դասախոսներից որեւէ նախաձեռնողականություն ակադեմիական հարցերում ակնկալել չի կարելի. ինչո՞ւ նախաձեռնող լինել, եթե դրանից ոչինչ կախված չէ, եթե դա որեւէ կերպ չի անդրադառնալու աշխատավարձի, մասնագիտական առաջխաղացման վրա։

Դեռ մի բան էլ ավելին՝ վտանգ կա, որ կհայտնվես անբարենպաստ վիճակում, հատկապես նկատի ունենալով դասախոսների ոչ պաշտպանված լինելու հանգամանքը։ Օրինակ, գրեթե համատարած երեւույթ է, երբ չի պաշտպանվում օրենքի այն դրույթը, որ դասախոսներն ընտրվում են մրցույթով, բոլոր բուհերում ուղղակի պայմանագիր է կնքվում: Այդպես են վարվում, որովհետեւ վստահ չեն, թե մյուս տարի շատ ուսանողներ կունենան, իսկ մրցույթի պարագայում դասախոսը պաշտպանված կլիներ առնվազն 5 տարվա պայմանագրով: Դա էլ պայմանավորված է անարդյունավետ ֆինանսական կառավարմամբ, երբ համալսարանի բյուջեի հիմնական աղբյուրը ուսանողներից գանձվող վարձավճարներն են»,-ասում է մասնագետը: Դառնալով բուհի ներսում իրականացվող ընտրություններին, Սամվել Կարաբեկյանը նշում է. «Մյուս կողմից, ձեւավորված կազմակերպական մշակույթում մրցութային ընտրություններն էլ են վերածվում ձեւական ընթացակարգերի։ Շատ ենք խոսում տեղական կամ համապետական ընտրություններից, բայց եթե համալսարանի ֆակուլտետի ամբիոնի վարիչի կամ դեկանի ընտրության ժամանակ կարող ես նկատել, որ մարդը լուսանկարում է իր քվեարկածը, որպեսզի հետո հաշվետու լինի, էլ ինչ եք ուզում սոցիալական անհամեմատ ավելի ծանր պայմաններում գտնվող, կրթական ավելի ցածր պատրաստվածություն ունեցող մարդուց, որին շատ ավելի հեշտ է վախեցնելը»:

Ըստ մեր զրուցակցի, իհարկե, կան նաեւ էնտուզիազմով գործող դասախոսներ, բայց նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են, թե՛ դասավանդման նոր ձեւերի համար պարտադիր նյութատեխնիկական ապահովման ոչ բավարար լինելու, թե՛ ուսումնական պրոցեսի կառավարման կոշտ եղանակի պատճառով՝ դասախոսը բավարար ինքնուրույնություն չունի ուսումնական գործողությունները պլանավորելու այնպես, ինչպես դա պահանջում է մասնագիտական նյութը, մեթոդաբանությունը: Փորձագետն ընդգծում է, որ մեր համալսարանները կառավարում են, ըստ էության, ոչ թե ուսումնական պրոցեսը, այլ ուսանողներին եւ դասախոսներին:

Իսկ ուսանողնե՞րը

«Ժամանակակից համալսարաններն աշխատում են ուսանողակենտրոն մոդելով: Տեղեկատվական ժամանակակից հոսքերի ծավալի եւ արագության պայմաններում դասախոսն այլեւս դադարում է դառնալ մասնագիտական տեղեկատվության միակ կրողը, հետեւաբար լսարանում շեշտակիորեն փոխվում է հարաբերությունների համակարգը: Այսինքն` ուսանող լինելը ենթադրում է լուրջ աշխատանք, եւ սեփական կրթության համար պատասխանատվության հիմնական մասը ընկնում է հենց ուսանողի վրա, մինչդեռ մեր ուսանողը դրան պատրաստ չէ:

Նրան դպրոցից սովորեցրել են լսել, կատարել առաջադրանքը, պատասխանել դասը եւ որեւէ այլ պատասխանատվություն չկրել: Հիմա էլ գալիս է համալսարան նույն մտայնությամբ, եւ եթե դասախոսն ուզում է եռակի, տասնակի ու հարյուրակի ջանք թափել ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու համար, նա չի կարող չհանդիպել ուսանողների դիմադրությանը, որովհետեւ ուսանողի համար էլ հարմարավետ է նախկին՝ ուժերի լարում չպահանջող միջավայրը: Այսպիսով շրջանը կարծես թե փակվում է եւ ստացվում այնպես, որ ունենք բարեփոխումների համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտները` բոլոր բուհերում աշխատում են կրեդիտային համակարգով, առնվազն երկաստիճան կրթություն է իրականացվում, կան որակի ապահովման ժամանակակից կենտրոններ, համապատասխան փաստաթղթավորում, սակայն լսարանում վիճակն այլ է»,-ասում է պարոն Կարաբեկյանը:

Ինչու ճիշտ չի ընկալվում կրեդիտային համակարգը

Սամվել Կարաբեկյանը շեշտում է նաեւ, որ կրեդիտային համակարգի սխալ ընկալում կա Հայաստանում, այն երբեմն նույնիսկ գնահատման համակարգի հետ են խառնում: «Կրեդիտային համակարգը 3 գործառույթ ունի` կուտակման գործառույթ (կրեդիտների համապատասխան քանակի կուտակումը հանգեցնում է որակավորման), փոխանցման գործառույթ (բուհից բուհ` այդ թվում արտասահմանյան, փոխադրվելիս ընդունող կողմը պատկերացում է ունենում, թե որ մակարդակում է գտնվում ուսանողը), սակայն կրեդիտը նաեւ կառավարման գործիք է։ Կրեդիտային համակարգի նպատակն այն է, որ կրթական ծրագիրը կազմելիս ուսանողը որոշակի խորհրդատվության պայմաններում կարողանա մասնակցել իր կրթական ծրագրի կառուցմանը` ընտրի այս կամ այն առարկան այս կամ այն ֆակուլտետից: Ընդ որում, խոսքը կիսաամոթխած կամընտրական դասընթացների խղճուկ սահմանների մասին չէ, որոնք նույնիսկ մագիստրատուրայում այդքան շատ չեն, էլ ուր մնաց` բակալավրիատում: Օրինակ, եթե ես ընդունվել եմ արեւելագիտության ֆակուլտետ, բայց հետաքրքրված եմ արաբական երկրների տնտեսությամբ կամ բանկային համակարգով, բնական է, որ համալսարանը չի կարող ապահովել այդպիսի նեղ ծրագիր, բայց ես կարող եմ իմ կրեդիտների որոշակի որակ բերող մի մաս վերցնել տնտեսագիտական ֆակուլտետի դասընթացներից եւ ինձ համար ապահովել այն համապատասխան գիտելիքը, հմտություններն ու կարողությունները, որոնք թույլ կտան ստանալ յուրահատուկ նեղ մասնագիտացում»,-օրինակով մանրամասնում է մեր զրուցակիցը:

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետն ամփոփելով ասվածը, եզրակացնում է` ներկայիս ներբուհական կառավարման մոդելը որեւէ կերպ չի խրախուսում ժամանակակից պահանջներին համապատասխանող դասավանդման եւ ուսումնառության միջավայրը. «Բուհերի ու համալսարանների կառուցվածքային բարեփոխումները եւ արդիականացումը «եկել-հասել» է լսարանի դռանը, բայց լսարանի ներսում դեռ շոշափելի փոփոխություն չկա, եւ մինչեւ բարեփոխումների քամին այդ դռնից ներս չթափանցի, որեւէ էական տեղաշարժ չի լինելու»:

Մեր զրույցի ժամանակ գնահատման համակարգի մասին էլ անդրադարձ եղավ: Կրթության փորձագետը համոզված է, որ գնահատման համակարգը պետք է ուսանողին խրախուսի բարելավել իր ուսումնառությունը, այլ ոչ թե պատժի. «Գնահատման ողջ մեթոդաբանությունը կառուցված է «անցածի գնահատում» մոդելի վրա՝ գնահատվում է այս կամ այն նյութի յուրացման աստիճանը, մինչդեռ գնահատման մոդելը պետք է միտված լինի դեպի ապագա՝ դեպի ուսանողի առաջադիմության բարելավումը»:

Անվստահության մթնոլորտն ու հնարավոր անկեղծ մղումները

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի վերաբերյալ ավելի վաղ պարոն Կարաբեկյանը կարծիք էր հայտնել ու ասել, որ որոշ կետեր դեկլարատիվ բնույթ ունեն: Այժմ էլ հավելում է, որ եթե 10-15 տարի առաջ կարդար այդ ծրագիրը, գուցե ոգեւորվեր, մինչդեռ հիմա չի տեսնում հիմնականը` մթնոլորտը իրապես վերափոխելու կամքը: Չնայած տարբեր հարցերում ունեցած լուրջ գաղափարախոսական տարբերություններին, Սամվել Կարաբեկյանը պատրաստ է ցանկացած իրական բարեփոխմանը իր նպաստը բերել: Ասում է` դա իր փորձագիտական կոչումն է եւ քաղաքացիական դիրքորոշումը: Մեր հարցին` hնարավո՞ր է կարճաժամետ կառավարության պարագայում` ծրագրում բանաձեւած դրույթները կյանքի կոչել, փորձագետը պատասխանում է. «Հասարակության շրջանում հիմնավորված ընդհանուր անվստահության մթնոլորտ կա, որեւէ հիմք չկա դեռեւս ենթադրելու, որ սա ժամանակավոր կառավարություն չէ, հետեւապես լուրջ ակնկալիքներ կապել դրա հետ, դեռ պատրաստ չեմ, եթե անգամ հավատամ, որ անկեղծ մղում կա»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930