Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն քեզ եմ սիրում» բեմադրությունը՝ երիտասարդների ուժերով

Նոյեմբեր 03,2016 13:30

Ընդունված է արվեստագետի վաստակը չափել ստեղծագործական տարիքով: Այս մտքի հետ, իհարկե, կարելի է համակարծիք լինել, բայց՝ վերապահումով: Օրինակ, թատերական ռեժիսորի տասնամյակների աշխատանքի արդյունքը երեւում է նրա որեւէ բեմադրության երկարակեցությամբ: Խոսքը շուրջ 35 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Անուշ Սարգսյանի մասին է, որը մինչ օրս իրականացրել է 25 բեմադրություն մի թատրոնում, որը մոտ ժամանակներս պատրաստվում է նշել հիմնադրման 75-ամյակը: Ընդամենը մեկ փաստ. նրա ռեժիսուրայով 1997թ. բեմադրված Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» կատակերգությունն այսօր էլ թատրոնի խաղացանկում է:

Բեմադրիչն այս բեմադրությունն իրականացնելիս աշխատել է կոմեդիայի թատրոնի այնպիսի անվանի արտիստների հետ, ինչպիսիք են Մելինե Համամջյանը, Մայիս Կարագյոզյանը, Մարիամ Ղազարյանը եւ մյուսները: Շուրջ 20 տարի անց, այսօր էլ հիշյալ ներկայացումը պահանջված է եւ, բնականաբար, «ներմուծվել» են երիտասարդ դերասաններ:

anush_sargsyan_1

Տեսարաններ «Միայն քեզ եմ սիրում» ներկայացումից:

anush_sargsyan_2

Անուշ Սարգսյանն օրերս հանդիսատեսի դատին հանձնեց Սամվել Խալաթյանի «Միայն քեզ եմ սիրում» կատակերգությունը՝ զուտ երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Նշենք նաեւ, որ կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը վերջին տարիներին, ինչպես ընդունված է ասել, մեծ տեղ է տալիս երիտասարդ արվեստագետներին, ոչ միայն դերասաններին, այլեւ նկարիչներին, պարուսույցներին, երաժշտական ձեւավորողներին եւ այլն:

Մինչ օրս «Միայն քեզ եմ սիրում»-ը ներկայացվել է երկու անգամ, բայց հանդիսատեսի արձագանքը իսկապես «առատ» է, ինչը մեզ «ստիպեց» հարցազրույցի հրավիրել Անուշ Սարգսյանին: Հետաքրքրությանը, թե ռիսկային չէ՞ր, արդյոք, միայն երիտասարդների մասնակցությամբ բեմադրություն իրականացնելը, մեր զրուցակիցը պատասխանեց, թե ռիսկը արվեստում հաջողության բաղադրիչներից մեկն է, հետո էլ ասաց. «Այս ներկայացման մեջ ընդգրկված էր 10 երիտասարդ դերասան, որոնցից գլխավոր դերերում էին Մարիամ Ղազանչյանը, Արմեն Մարգարյանը, Վարդան Կուղյանոսյանը: Նրանց կերպարների շուրջ էր կառուցված սցենարական աժիոտաժը: Ամուսինը՝ Գոգին (Արմեն Մարգարյան), հեռանում է կնոջից՝ Զառայից (Մարիամ Ղազանչյան) եւ սիրուհուն ընդունում իր տուն: Զառան վերադառնում է, որ «բռնացնի» ամուսնուն, եւ սկսվում է սիրային եռանկյունին: Գոգիի ընկերը (Վարդան Կուղյանոսյան) լինելով մասնագիտությամբ դերասան, օգնության ձեռք է մեկնում եւ ամեն ջանք թափում, որ ընկերոջ կինը տանը չհանդիպի սիրուհուն: Ստեղծվում է խառնաշփոթ, որի հետեւանքով հերոսները հայտնվում են ծիծաղելի իրավիճակում…»:

anush_sargsyan_4

Ռեժիսորը ներկայացնելով սյուժեն՝ հավելեց նաեւ, որ այստեղ Զառայի միտքը փայլատակում է, եւ նա միանգամից հորինում է, որ իր մայրը, որը ԱՄՆ-ում խնամում է մեծահասակ ամուսինների, ավտովթարի է ենթարկվել եւ ապահովագրության արդյունքում ստացել մեկ միլիոն դոլար: Նա ձեռք է բերում փեսացուներ,,, ի վերջո, ամուսինն էլ սթափվում է եւ առանց շահադիտական նկրտումների վերադառնում կնոջ մոտ:
Անուշ Սարգսյանը խնդրեց, որ հոդվածում անպայման հիշատակվեն երիտասարդ արվեստագետների, այդ թվում՝ արտիստներ Էլեն Աղամալյանի, Էլեն Նահապետյանի, Սոնա Մուրադյանի, Աշոտ Հակոբյանի, Արմեն Գասպարյանի, Գարիկ Ասատրյանի անունները, ինչպես նաեւ՝ նկարչական եւ զգեստների ձեւավորող Մարիամ Մուրադյանի, երաժշտական ձեւավորող Արթուր Կարապետյանի եւ պարուսույց Արթուր Թոփալիդիսի անունները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930