Լրահոս
Օրվա լրահոսը

Տաք ըմպելիքներ՝ ցուրտ եղանակին

Նոյեմբեր 03,2016 12:30

Որքան հաճելի է ցուրտ օրերին մեկ գավաթ տաք կաթ, թեյ կամ սուրճ, ինչու չէ՝ նաեւ տաք շոկոլադ, կամ երեկոյան տաք գինի` գլինտվեյն խմել։ Այս խմիչքները ոչ միայն ջերմացնում են մեր մարմինը, այլ նաեւ այս եղանակին պարգեւում են անբացատրելի զգացողություն։
Մասնագետների կարծիքով, օգտակար եւ հաճելի խմիչքներն իրենց հերթին կարող են տհաճություններ առաջացնել` օգտագործումը չարաշահելու պարագայում։

Տաք գինի

Շատ տաք հրամցված կարմիր գինին` գլինտվեյնը, չափազանց համեղ է եւ հաճելի։ Առաջին բաղադրատոմսերը, որոնք բավականին նման են այսօրվա գլինտվեյնին, հայտնի էին դեռեւս Հին Հռոմում: Հիմա այն առավել օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում: Գլինտվեյնը պատրաստում են կարմիր կիսաչոր կամ չոր գինուց` տաքացնում մինչեւ եռման աստիճան՝ մի փոքր շաքարավազով եւ համեմունքներով: Տաքացումը կատարում են միջին ուժգնության կրակի վրա` անընդհատ խառնելով: Օգտագործվող համեմունքներն են՝ դարչինի փայտիկներ, մեխակի հատիկներ, աստղաձեւ անիսոն ու նարնջի կեղեւ, երբեմն կոջապղպեղ: Դրանից հետո թողնում են, որ գլինտվեյնը հանգստանա՝ կափարիչը փակ վիճակում 40-50 րոպե: Գինին ակտիվացնում է արյան շրջանառությունը եւ պաշտպանում սիրտը։ Բայց ինչպես բոլոր ալկոհոլ պարունակող խմիչքները, տաք գինին եւս պետք չէ չափն անցնել։

Սրտանոթային համակարգին քիչ քանակությամբ ալկոհոլը նույնիսկ օգտակար է, բայց ինչպես նշում են մասնագետները` 3 բաժակից ավելի որեւէ ալկոհոլ պարունակող խմիչքի կամ թեկուզ տաք կարմիր գինու դեպքում էլ վտանգավոր է մեր առողջության համար։ Գինին ամենօրյա օգտագործման համար խորհուրդ է տրվում օրական մեկ բաժակից ոչ ավելի։

taq-ympeliqner8

Տաք կաթ

Առհասարակ քնից առաջ տաք կաթը նպաստում է արագ քնելուն։ Կաթը պարունակում է վիտամիններ A եւ B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ եւ ռիբոֆլավին:

Տաք կաթը նպաստում է մեր քնի կարգավորմանը, քանի որ ունի հանդարտեցնող հատկություն։

Ինչ վերաբերում է անպատեհություններին` նշենք, որ ոմանց մոտ կաթը կարող է դժվարամարս լինել եւ բնականաբար` խանգարել քունը։

Մյուս կողմից՝ կաթը յուղ է պարունակում եւ խոլեստերինի բարձր տոկոս ունեցողների եւ սննդականոնին հետեւողների համար ցանկալի չէ երեկոյան ժամերին կաթ խմելը:

Տաք շոկոլադ

Տաք շոկոլադով թուրմը շատերի սիրելի խմիչքն է։ Կաթով խառնված տաք շոկոլադը իր մեջ պարունակում է մագնեզիում, երկաթ։

Այս խմիչքը պարունակում է բավականին յուղ եւ նպաստում է գիրացմանը։
Ուստի այն եւս չարաշահել պետք չէ` օգտագործել օրական մեկ բաժակ։

Կաթով սուրճ

Կաթով սուրճը շատ ընդհանրացված տաք խմիչք է։ Այն թարմացնում է նյարդային բջիջները։ Սակայն կաթով սուրճը կարող է նաեւ մարսողական խնդիրներ ստեղծել` սրտխառնուք, փսխուք: Նույն ձեւով տհաճություններ կարող է ստեղծվել նաեւ կաթով թեյ խմելու պարագայում։ Սա եւս օրական մեկ գավաթից ավելի չպետք է օգտագործել:
Տաք անանուխով, ուրցով եւ այլ խոտաբույսերով պատրաստված թեյերը նյարդերը հանգստացնելու, մարսողությունը դյուրացնելու անհամար հրաշալի միջոց են:
Պատրաստելու համար հարկավոր է եռացրած ջուրը լցնել խոտաբույսերի վրա, թողնել 5-10 րոպե եւ խմել:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930