«Մենք ենք» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Պողոսյանը`իրենց ծրագրերի մասին
–Կրթական համակարգի հետ կապված ի՞նչն է դժգոհություն առաջացնում ձեզ մոտ, որ ընդդիմանում եք: Ուսման վարձերի հետ կապված խնդիրը հիմա՞ է սրվել:
-Իրականում այս դժգոհությունը խոր արմատներ ունի և նոր չէ, որ առաջացել է: Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսում ենք «հաճելի» բարեփոխումներով, որոնք հիմնականում դրսևորվում են ուսման վարձերի բարձրացման տեսքով։ Տրամաբանական կլիներ, եթե բարձրացումը համապատասխաներ մատուցվող կրթական որակին և մեր բնակչության միջին եկամտային չափին։ Սակայն իրականությունը այլ է: ԲՈՒՀ-երը դարձել են փող գանձող մարմիններ, ու քանի որ արտագաղթի պատճառով ուսանողության թիվը քչանում է, ֆինանսական «բացը», հավանաբար, փորձում են ուսման վարձերի բարձրացման միջոցով ծածկել: Իսկ եթե մակրոմակարդակի դիտարկում անեմ կրթական համակարգի վերաբերյալ, ապա պատկերը հետևյալը կլինի. ունենք կոռումպացված, կուսակցականացված, ավելի ճիշտ՝ իշխանակցված ու իր գլխավոր ֆունկցիան չկատարող հիմնարկներ:
Կրթության որակի մասին այս պայմաններում դժվար է դրական խոսել: Իհարկե՝ կան առանձին բացառություններ որոշ ԲՈՒՀ-երի առանձին ֆակուլտետների մասով, բայց այդ բացառությունները ավելի շատ են ընդգծում իմ նկարագրած պատկերը: Մենք համոզված ենք, որ ցածրորակ կրթական համակարգն ուղղակի հարված է պետության հիմքերին: Մեր բողոքն, ըստ այդմ, նաև ընդհանուր կրթական ոլորտի բարեփոխումների համար է: Ուսման վարձերի հարցը մեր պահանջում առանձին դետալ է: Մենք դեմ ենք ուսման վարձերով ԲՈՒՀ-երը բիզնես կենտրոնի վերածելուն: Ի դեպ, կրթական ոլորտի «կոմերցիալիզացիային» և ուսանողության համար ծանր պայմաններ ստեղծելուն նպաստեց նաև ուսանողական վարկեր կոչվածը: Բայց սա առանձին թեմա է:
Կարդացեք նաև
–Ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում պայքարել ուսման վարձերի իջեցման համար:
-Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր հարթակները: Կփորձենք ներգրավել շահագրգիռ շրջանակներին: Ակնկալում ենք մամուլի աջակցությունը, ինչպես նաև ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվածությունը, քանզի համոզված ենք, որ ոչ միայն ուսանողության, այլ նաև իրական մասնագետների համար էլ է մտահոգիչ կրթական ոլորտի այսօրվա վիճակը և կրթության «կոմերցիալիզացիան»: Կարծում եմ՝ բոլորին էլ պետք է հետաքրքրեն մեր պահանջները, քանի որ կրթության ոլորտը բոլորին է առնչվում: Հայ ընտանիքներում ընդունված է, որ ծնողները, ժողովրդական լեզվով ասած, իրենց բերանից կտրում են ու զավակներին ուսման են տալիս: Տպավորությունս այնպիսին է, որ հայ ժողովրդի այդ հատկանիշը հաշվի առնելով են անընդհատ բարձրացնում ուսման վարձը՝ «Միևնույն է գումար կճարեն, կբերեն, կտան» համոզվածությամբ:
–Ի՞նչ առաջարկներ ունեք, փորձե՞լ եք դրանք ներկայացնել կառավարությանը: Համընդհանուր բարեփոխումների ֆոնին ձեր առաջարկները, միգուցե ընդունվեն եւ գործարկվեն:
-Մենք մեր պահանջները և առաջարկությունները ներկայացնում ենք մամուլով, սոցիալական ցանցերում: Թեմայի շուրջ կազմակերպելու ենք սեմինար-քննարկումներ, նաև այլ տիպի միջոցառումներ և ակցիաներ: Եթե, ինչպես դուք եք նշում, բարեփոխումներ են արվում, ապա մեր հրապարակայնորեն հնչեցված պահանջներին կարող են ընթացք տալ: Միայն ուրախ կլինենք: Կարևորը խնդրի լուծումն է: Մեր երկրի անվտանգության համար բանակից ոչ պակաս կարևոր է կրթական համակարգի արդիականացումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ