Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Սա PR ակցիա է եւ որեւէ տնտեսական վերլուծության չի ենթարկվում»

Նոյեմբեր 02,2016 22:15

«Դիտելով վերջին մի քանի օրերին տեղ ունեցող երեւույթները, երբ վարչապետը ցուցադրաբար պատժելու հրահանգներ էր տալիս`պատժել նրանց, ովքեր հանդգնել են շենքը պայթեցնել, ոչ թե գործիքներով են քանդել, եւ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած խորհրդակցությունը, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում PR-ի մրցավազք է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել. ըստ պաշտոնական հաղորդագրության «Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը»:

Թեւան Պողոսյանը տպավորություն ունի, որ PR-ի ոլորտում նախագահն ու վարչապետը մրցակցության մեջ են մտել: Նա ցավում է, որ նախագահականում կազմակերպված PR-ակցիայի կազմակերպիչների միջեւ չի եղել որեւէ տնտեսագետ, որը կներկայացներ թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման հանձնարարականը ակնկալվող ներդրումների վրա: Պատգամավորը նկատի ունի դրա բացասական ազդեցությունը:

Հարցին`ի՞նչն է պատգամավորին անհանգստացնում, քանի որ փորձ է արվում լուծում տալ մի հարցի, որը պատգամավորները հաճախ են հնչեցրել ամբիոնից, Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ իրենք խնդիրը դնում են այսպես`ի սկզբանե դա սխալ էր: Հարցին պետք է լուծում տրվի, բայց ոչ այնպես, ինչպես հիմա է արվում, քանի որ պետությունը հիմա հայտարարում է ներդրումների անհրաժեշտության մասին. «Պատկերացրեք, որեւէ ներդրող դաշտն է ուսումնասիրում եւ որոշում է բիզնես անել: Նա, բնականաբար, չի նայում`ո՞վ ո՞ւմ եղբայրն է, այլ նայում է որ ունի պայմանագրային պարտավորություններ ու դրանք կարող են որեւէ նպատակին զոհ գնալ»:

Հիշեցնենք, որ խոսակցություններ կան, մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այդ ընկերությունները պատկանում են նախագահի եղբորը`Ալեքսանդր Սարգսյանին:

Հաջորդ հարցին՝ նախագահի այդ հանձնարարությունը կարելի՞ է անօրինական համարել, քանի որ այդպիսով, փաստորեն հրահանգ է իջեցնում մասնավոր ընկերությունը ազգայնացնելու, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Չգիտեմ հրահանգը ի՞նչ է ենթադրում, բայց նորից եմ կրկնում՝ սա PR ակցիա է եւ որեւէ տնտեսական վերլուծության չի ենթարկվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930