Կառավարության ծրագրի ռազմավարական խնդիրներ եւ գերակա ուղղություններ բաժիններում որեւէ հիշատակում չկա տարածաշրջանային անվտանգության կամ Հայաստանի միջազգային հեղինակության մասին:
Նոյեմբերի 2-ին «2016թ. ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով հանրային քննարկման ընթացքում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Ըստ կառավարության ծրագրի, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը որեւէ նպատակ չունի աշխարհում կամ գոնե տարածաշրջանում խաղացող դերակատար դառնալ, այլ ընդամենը նպատակ է հետապնդում սպառել տեղի ունեցող գործընթացները»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ ծրագրով ամրագրված է, որ կառավարությունը մտադիր է գործարարության խթանման համար լիցենզիաների ցանկը կրճատել: Նա նշեց, որ դա հակասում է Եվրասիական տնտեսական միության քաղաքականությանը, որը լիցենզավորման ենթակա ապրանքների ցանկն արմատապես մեծացնում է. «Այսինքն՝ կառավարության ծրագրի այս հատվածը հակասում է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, որոնք ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան կառավարության ծրագիրը»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ ծրագրում 15-րդ կետով նշված է, որ արտաքին քաղաքականությունը ուղղված է լինելու Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնմանը, համագործակցության իրավական նոր շրջանակի ձևավորմանը. «Թեեւ Եվրոպական միությունը Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունն է, թեեւ տարածաշրջանում խաղաղության հիմնական ջատագովն է, թեեւ Հայաստանի պետական մարմինների թիվ մեկ դոնորն է եւ բազմաթիվ բարեփոխումների թիվ մեկ աջակիցն է, այդուհանդերձ Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ արտաքին քաղաքականության ուղեծրերի մեջ նշված է 15-րդ կետի տակ:
Ես չասեմ, որ դա ՀԱՊԿ-ից կամ Եվրասիական տնտեսական միությունից հետո է, դա անգամ Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից, Ասիայից, Չինաստանից հետո է: Ստացվում է՝ Աֆրիկյան պետությունների հետ, ամենայն հարգանքով, իհարկե՛, աֆրիկյան պետությունների նկատմամբ, համագործակցությունը ավելի կարեւոր է, քան Եվրոպական միության: Ակնհայտ է, որ այս հերթականությունը պատահական չէ, այս հերթականությամբ առաջին հորիզոնականում Ռուսաստանն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ