«Կառավարության ծրագրում ֆիքսվում է, թե ինչ պետք է անել, իսկ թե ինչպես պետք է անել, թողնվում է ապագայի հայեցողությանը»,- նոյեմբերի 2-ին «2016թ. ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով հանրային քննարկման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նա անդրադառնալով հակակոռուպցիոն քաղաքականությանը, ասաց, որ առաջին կետը դեկլարացիոն բնույթ ունի. ««Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»: Այսինքն՝ սա ինձ հիշեցնում է կոմունիստական կուսակցության համագումարների լոզունգ, քան ժամանակակից ծրագրի դրույթ»:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ իր մոտ հարցեր են առաջանում նաեւ 6 ամսից ավել ժամկետում քայլեր ձեռնարկելու հետ կապված. «Որքանով ես գիտեմ Սահմանադրությունից այս կառավարությունը աշխատելու է մինչեւ մյուս տարվա, եթե չեմ սխալվում մայիսի 24-ը: Այսինքն՝ հենց այդ օրը, եթե ոչ ավելի շուտ, այս կառավարությունը հրաժարական պետք է ներկայացնի եւ ձեւավորվի նոր կառավարություն: 1 տարվա կտրվածքով քայլերի ձեռնարկումը չգիտեմ, թե որքանով է դա արդարացված»:
Նա առանձնացրեց նաեւ կառավարության ծրագրի «հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում» կետը. «Հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ են մեր հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ մարմինները: Մենք մասնագիտացված ո՛չ հակակոռուպցիոն, ո՛չ իրավապահ, ո՛չ կանխարգելիչ մարմիններ չունենք: Կան մարմիններ, որոնք ունեն որոշակի գործառույթներ, որոնք համապատասխանում են մասնագիտացված հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ գործառույթներին:
Կարդացեք նաև
Բայց ամբողջովին վերցրած չունենք: Բավականին մոտ մարմին է Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը, որին ես այժմ մասնագիտացված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին չեմ կարող անվանել: Նույն ձեւով նաեւ Հատուկ քննչական ծառայությունը՝ մասնագիտացված իրավապահ մարմին: Ես առանձնապես վստահ չեմ, որ մասնագիտացումը կլինի մինչեւ այս կառավարության ժամկետի ավարտը: Փաստորեն ինստիտուցիոնալ համակարգի հիմքում նորից մնում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որի ուժեղացման որեւէ նպատակ եւ հիմք չեմ տեսնում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ