«Չեմ ասում՝ Արծվիկ Մինասյանը վատ մարդ է կամ չի ուզում աշխատել, նա բավականին կրթված, զարգացած մարդ է, բայց բնապահպան չէ»,- այս կարծիքին է բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նա երեկ բնապահպանության նախարարությունում էր նախախարի ու ոլորտի մասնագետների հետ քննարկում էին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրները:
«Երեկ, երբ իրավաբան Նազելի Վարդանյանը նախարարին ասաց՝ մեծացել է Ջերմուկում, իր արմատներն այնտեղից են, ու ինքը գիտի՝ Ջերմուկն ինչ արժեք ունի Հայաստանի համար, պարոն Մինասյանը դիտողություն արեց, ասաց՝ կարգի ձեզ հրավիրեք, սա բնապահպանության նախարարություն է, էմոցիաների տեղ չէ: Շատ կներեք, սա էմոցիա չէ, բնապահպանության նախարարը պետք է լինի բնասեր մարդ, ոչ թե իրավաբան: Բնապահպանության նախարարն առաջին հերթին պետք է ստանա բնագիտական կրթություն, որը շատ կարեւոր է, եթե նա չունի այդ կրթությունը, նա չի կարող, ինչքան էլ լավ մենեջեր ու իրավաբան լինի… ստացվում է այնպես, որ միտումնավոր, ամեն անգամ բնապահպանության նախարար են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք բացարձակ գաղափար չունեն, էլ չեմ թույլ տա ասել, թե մենք ինչ պատասխանեցինք դրան»,- Aravot.am-ին պատմեց տիկին Ադամյանը:
Նա նաեւ ասաց, որ նախարարն իր վրա այնքան վատ տպավորություն է թողել, որ ինքը հիմա մտածում է՝ արդյոք արժի աշխատել նրա հետ. «Այն մարդկանց հետ, որոնք մտածում են մենեջերի տեսանկյունից, ինքը լավ մենեջեր է, ինչպես Կարեն Կարապետյանը, բայց պարոն Կարապետյանը կարող է լինել լավ մենեջեր, իսկ պարոն Մինասյանը պարտավոր է լինել առաջին հերթին բնապահպան»:
Կարդացեք նաև
Տիկին Ադամյանը նաեւ պատմեց, որ երեկ հանքի շահագործմանը վերաբերող քննարկմանը խոսել են խնդիրներից, իսկ խնդիրներ շատ կան. «Շատ խնդիրներ բարձրացվեցին, այդ տարածքում, որտեղ պատրաստվում են հանքը շահագործել, լուրջ խնդիրներ կան: Եթե այդ խնդիրները դուրս բերվեն ջրի երես, ապա հանքի շահագործումն ուղղակի անհնարին կդառնա: Խնդիրներ կան ե՛ւ ջրային ռեսուրսների հետ կապված, ե՛ւ հանքի՝ Ջերմուկ քաղաքի հարեւանությամբ գտնվելու հանգամանքն է խնդիր…այնտեղ ե՛ւ կենդանատեսակներ, ե՛ւ թռչուններ, ե՛ւ բույսեր կան «Կարմիր գրքում գրանցված: Այս ամենը խնդիրներ են»:
Տիկին Ադամյանը նաեւ պատմեց, որ բոլոր փորձագետների ելույթները լսելուց հետո նախարար Մինասյանն ասաց՝ եթե ներկայացնեք հիմնավոր փաստարկներ, որ որեւէ օրենք է խախտվել կամ օրենսդրական ինչ լուրջ խնդիրներ կան հանքի շահագործման հետ կապված, ապա փորձաքննությունն անվավեր կճանաչվի, կնշանակվի նոր փորձաքննություն: Նախարարի հանձնարարականից հետո փորձագետները հեռացել են հիմնավոր փաստարկներ բերելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ