«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ին կազմակերպել էր հանրային քննարկում «2016թ. ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով:
Քննարկման ընթացքում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ առանձնապես ոգեւորված չէ կառավարության ծրագրից: Ըստ նրա, ճիշտ կլիներ, որ այն լիներ ընդհանուր իշխանության ծրագիր, ոչ թե կառավարությանը մնար միայն տնտեսական բլոկը:
«Ցանկալի կլիներ, որ կառավարության զեկույցում լինեին այն հարցերը, որոնք կան պարբերական զեկույցում եւ ոչ միայն պարբերական զեկույցում, այլ նաեւ լինեին տարբեր ՄԱԿ-ի կոմիտեների կողմից առաջադրված կոնվենցիաներից հետո Հայաստանին առաջարկվող բարեփոխումները: Խոսքը խոշտանգումների կոնվենցիաների փաթեթի մասին է, ե՛ւ երեխաների, ե՛ւ խտրականության:
Ի դեպ, այդ կոնվենցիաների կատարումը մտնում է Հայաստան-GSP+ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում: Այսինքն՝ կառավարության ծրագրում շատ ճիշտ կլիներ գրվեր այդ ամբողջ կոնվենցիաների կատարումը, որը նաեւ կնպաստեր «GSP+»-ի բարեհաջող կատարմանը: Բայց երբ որ ես նայում եմ «Մարդու իրավունքներ, արդարադատություն գլուխը» այս մասին որեւէ բան չկա»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով պատժից վաղաժամկետ ազատումն ինստիտուտի բարելավում կետին, ասաց. «Ողջունում եմ, շատ կարեւոր հարց է, բայց այս հարցը բազմիցս բարձրացվել է, բարձրացվել է 2004, 2005, 2006, 2007 թվականներից եւ նույնիսկ անցած տարի եղել է հանդիպում նախարարի հետ, հույս ունեինք, որ շատ արագ դա կլինի: Վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում Հայաստանում եւ ոչ 6 ամսվա ժամկետում, այլ շատ արագ դա պետք է փոխվեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ