Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավարտվել է Լոռու մարզում երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Նոյեմբեր 02,2016 19:00

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Անտոնյանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ.Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա.Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի  ավտոմեքենաները։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ.Անտոնյանը  հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին՝  Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից,  Վ.Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են  «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։

Պարզվել է նաև, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու և ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Վ.Անտոնյանը չէր նկատել, որ Վ.Ագբարյանը ավտոմեքենայի մեջ չէ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հ.Գ. Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ 2016 թվականի մայիսի 19-ին սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 2016թ. մայիսի 21-ին մահացել է: Նրա սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեհրաբ says:

    ՀԱՐՑԵՐ: Բա ետ վ. Աբգարանին ինչի են ուզեցել սպանեն: Իսկ ինչի ա իրա ,,համրը,, զրահապատած, իրանք էլ միշտ զինված խմբով են ման եկել, միլիցեքն էլ ոչ մի բան չեն տեհել:
    Մի տարի եդը գլխի ընգան որ քշողը վահակը չի եղել այլ եդոն ա էլել, որը արդեն մահացել ա ցուցմունք չի կարա տա: Իսկ Եդոն որտեղ էր, ինչ էր անում որ սպանվեց: Էդ ամեն ինչը թերթերում էլ ա գրվել, էտ դեպքերին սաղ քաղաքն ու շրջանը լրիվ տեղակ ա, դզելով չի ըլի: իսկական պատճառները ու մեղավորներին ասեք, թե չէ ավելի գեշ բաներ կլեն, էս ժողովուրդը մեղք ա, վրաները մի խնդացեք …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930