Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց վճիռը «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով:
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանություն կատարելու համար Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը դատապարտվեցին մեկ տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ կետի առաջին մասով եւ յուրաքանչյուրը տուգանվեց նաեւ 200.000-ական դրամով՝ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով:
Հիշեցնենք, որ դատաքննությունն ընթանում էր արագացված կարգով, եւ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, խոստովանել ու դատարանին խնդրել ավելի մեղմ պատիժ սահմանել:
Հիշեցնենք նաեւ, որ չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին, ժամը 22-ից 23-ի սահմաններում, Գլինկայի փողոցում կատարել են բռնություն՝ գործադրելով զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Մեղադրյալների պաշտպան՝ փաստաբան Վահե Ամիրջանյանը մեր հարցին, թե համամիտ է դատարանի սահմանած պատժի հետ, թե կբողոքարկի, պատասխանեց, որ կքննարկի այդ հարցն իր պաշտպանյալների հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ