Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակը վերջում ՀՀԿ-ական դարձնելը չէ». Աշոտյանը ՀՀԿ քաղաքական դպրոցի մասին

Նոյեմբեր 02,2016 17:51

ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը շուրջ 100 ունկնդիրներով նոյեմբերի 7-ից կսկսի պարապմունքները: Ունկնդիրների շարքում է Անդրանիկ Մարգարյանի թոռը: Երկու հոսքով ` 50-ական ունկնդիրներով, շաբաթը չորս ժամ տևողությամբ պարապմունքները կընթանան չորս ուղղություններով ` ազգային գաղափարախոսություն, ՀՀԿ պատմություն, ներքին, միջազգային քաղաքական օրակարգ, հմտությունների տրամադրում:

ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս առիթով ասաց. «Դժվար էր կատարել ընտրություն: Ընդհանուր ստացել ենք 172 հայտ, 110 հոգի հարցազրույցի փուլ է անցել: Ծանր կացության մեջ էինք. բոլորը լավ պատրաստված էին, ընդամենը 6 հոգի է կտրվել»:

Նա տեղեկացրեց, որ այն 70 դիմումների հասցեատերերը, որոնք փաստաթղթային փուլից հետո չէին անցել, դիտվելու են որպես ձմեռային կարճատև կուրսերի հնարավոր ունկնդիրներ: Ըստ Արմեն Աշոտյանի` գրեթե հավասար կիսվել է քաղաքային և մարզային ունկնդիրների թիվը: Նրանց շարքում 40 տոկոսն աղջիկներ ու կանայք են. «Ընդունվածների միայն 42 տոկոսն են ՀՀԿ-ականներ: Կան նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցականներ»:

Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ այս ընթացքում տասնյակ դիմումներ են ստացել հնարավոր դասախոսներից` նախկին պաշտոնյաներ, դասախոսներ. «Մեր դասախոսական բազայում 100-ից ավելի դասախոս կա: Ուրախ ենք, որ ՀՀԿ-ականների քաղաքական նախաձեռնությունը չի քաղաքականացվել և իրականում դիտվել է որպես քաղաքական և քաղաքացիական կրթության որակի բարելավմանն ուղղված քայլ»:

Այն խոսակցություններին, թե ՀՀԿ քաղաքական դպրոցում կդասավանդեն նաև ընդդիմադիրներ, օրինակ` Ստեփան Սաֆարյանը, պարոն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Առաջին ասուլիսին ասել եմ, որ կլինեն նաև ընդդիմադիր փորձագետներ: Չեմ տա նրանց ցանկը, քանի որ մեր ազնիվ մղումները քաղաքական շահարկումների առարկա են դառնում: Մենք այլ հարթության մեջ ենք ու այլ գործով ենք զբաղված»:

Ակնարկներ եղան նաև ՀՀԿ-ականների հակասական հայտարարությունների, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին: Պարոն Աշոտյանը, հորդորելով հարգել օրակարգը, նշեց. «Ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, դա բնական է, բայց ՀՀ-ում այլ քաղաքական ֆենոմեն կա, որ ժողովուրդն էլ քննադատում է նաև ընդդիմությանը: Մենք հաղորդակից անոթներ ենք: Մեր ունկնդիրների մեջ բազում մարդիկ կային, որ ձեր դասակարգմամբ ընդդիմադիր բաներ էին ասում, բայց դա իմ դասակարգմամբ ընդդիմություն չէ: Ամեն քննադատություն չէ, որ ընդդիմություն է: Այս տեսանկյունից մեր ունկնդիրների հետ ազնիվ ու բաց շփումների հետ կապված մենք խնդիր չենք տեսնում, քանի որ մեր նպատակը քարոզչական չէ: Մեր դասախոսների մեջ կան մարդիկ, որոնց աշխարհընկալումներն այլ է, ինչ ՀՀԿ-ինն է: Դպրոցի իմաստը ամենևին էլ դպրոցի ավարտին ունկնդիրներին ՀՀԿ-ական դարձնելը չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930