Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մամուլի թշնամիների ցուցակում են Պուտինը, Էրդողանը, Ալիևը. «Լրագրողներ առանց սահմանների»

Նոյեմբեր 02,2016 17:46

«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի թշնամի քաղաքական գործիչների և կազմակերպությունների ցուցակը, որում տեղ են գտել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները:

Ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 35 անուն՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական և հանցավոր խմբավորումներ ու շարժումներ: Բացի նշված գործիչներից՝ իրավապաշտպանները որպես մամուլի թշնամիներ առանձնացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին, «Իսլամական պետություն», «Թալիբան» շարժումները և այլ գործիչներ ու կազմակերպություններ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերող հատվածում նշվում է, որ այժմ Ռուսաստանում խոսքի ազատության մակարդակը շատ ավելի ցածր է, քան երբևէ՝ ԽՍՀՄ անկումից հետո: Այսօր այդ երկրում ճաղերի ետևում է 4 լրագրող: Կազմակերպությունը Պուտինին բնութագրում է որպես «ազգայնական ավտորիտարիզմի» ջատագով, որի կառավարման սկզբում պետության հսկողության տակ հայտնվեցին երկրի բոլոր գլխավոր հեռուստաալիքները:

Բացի այդ, իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ռուսաստանում ընդունված է առանց դատարանի որոշման կայքերի փակումը, իսկ սոցցանցերի օգտատերերը կարող է մեկ գրառման պատճառով ճաղերի ետևում հայտնվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի վերաբերյալ հատվածում իրավապաշտպանները նշում են, որ նա ընդհանրապես չի սիրում մեդիան, ավելի ճիշտ, սիրում է, որ այն լինի հնազանդ և իրեն գովերգի: Կազմակերպությունը նշում է, որ 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը Էրդողանին թույլ տվեց ձերբակալել աննախադեպ թվով լրագրողներ և փակել ավելի քան 100 թերթեր, ամսագրեր, հեռուստաալիքներ և ռադիոկայաններ: Մասնավորապես, այդ ժամանակից ի վեր փակվել է 124 լրատվական միավոր, ձերբակալվել է ավելի քան 200 լրագրող, տասնյակ լրագրողներ լքել են երկիրը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իրավապաշտպանները գրում են, որ 2014թ-ից նա դաժան պատերազմ է մղում իր քննադատների դեմ: Անկախ լրագրողները և բլոգերները բանտ են նետվում, որոշ անկախ լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Զերկալոն» և «Ազադլիքը» ճնշվում են ֆինանսապես, մյուսները («Ռադիո Ազադլիք») ուժով են փակվում: Առավել անհնազանդ լրագրողներին զսպելու համար իշխանությունները հաճախ ահաբեկում են նրանց ընտանիքների անդամներին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930