Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի գինը հունվարին կիջեցնեն, հուլիսին՝ կբարձրացնեն. Սա նախընտրական քայլ է (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2016 17:42

«Գազպրոմ Արմենիան», ինչպես երեկ հայտարարել է, մտադիր է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիայի» այս առաջարկը նշանակում է՝ մենք բավական երկար ժամանակ գազի համար վճարել ենք ավելի շատ, քան իր իրական արժեքն է:

Արտակ Մանուկյանի հիմնավորմամբ՝ սահմանի վրա գազի գինն անփոփոխ է, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն չկա. սրանք այն հիմնական գործոններ են, որոնք թանկացման կամ էժանացման դեպքում հիմք էր ներկայացվում:

Ըստ տնտեսագետի, այն գնի պարագայում, որը որ «Գազպրոմ Արմենիան է» առաջարկում եւ պետք է աշխատի, այսինքն՝ 212 դոլար, ընկերությունը վնասով պետք է աշխատի, կամ էլ պետությունը փորձելու է փոխհատուցել այդ 212 դոլարը.«Ինչը նշանակում է, մեծ հաշվով, մենք սուբսիդավորում ենք «Գազպրոմ Արմենիայի» անարդյունավետությունը»:

Տնտեսագետը նշեց, որ այս տարվա հոկտեմբերի 15-ին ընկերությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա որոշմամբ, պետք է ներդրումային ծրագիրը ներկայացներ, սակայն դեռ չի ներկայացրել:

Արտակ Մանուկյանի ներկայացմամբ՝ մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար 6 դրամով է նվազելու, 10 հազարից ավելիի դեպքում՝ 7 դրամով. «Այս ամենը ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում»:

Քննարկմանը ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ գազի սակագնի նվազեցումը սուբսիդավորելու է պետությունը:

Սակայն Արտակ Մանուկյանն այդ առնչությամբ նկատեց՝ «Մեր պետական բյուջեն իր նվազ եկամուտներով չի կարող այս ռազմավարությունը երկար ժամանակ քաշել, սա կարճաժամկետ գործիք է: Հունվարի 1-ին, նույնիսկ , եթե սակագինը կյանքի կոչվի, ապա մյուս տարվա հուլիսի 1-ին կրկին կբարձրանա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ ծրագրում գրված է՝ ժամանակավոր է.«Ժողովուրդ ջան, գազի գինը չի էժանացել, եւ ոչ էլ սպառողի համար, փոխվել է վճարողը: Ես նոր եմ ճշտել՝ այն 105 հազար ընտանիքները (նկատի ունի սոցանապահովները), որոնք պետք է օգտվեն զեղչերից, որոնք եթե սպառելու են մինչեւ 600 խմ գազ, ապա նրանց համար էժանացումը մուծելու է կառավարությունը: Կառավարությունն ինքն է մուծելու այդ սուբսիդիան, սա նշանակում է «Գազպրոմին» ավելի երաշխավորված մուծումներ»:

Մանրամասն՝ տեսանյութում


Արամ Մանուկյանի կարծիքով՝ «Վերջին թանկացումները եւ այն 300 միլիոն դոլարի գույքը, որ Հայաստանը ապրանք-գործարանի տեսքով տվեց «Գազպրոմին», երաշխավորված չէ, որ այս նույնը չի կրկնվի, մանավանդ, որ Երեւանի ՋԷԿ-ի խնդիրն է դրված»:

Գազի սակագնի կարճաժամկետ իջեցումն, ըստ ՀԱԿ անդամի, նախընտրական քայլ է ընդամենը:

«Դեռ պարզ չէ ջերմոցային տնտեսությունների համար ով է վճարելու, էլի՞ սուբսիդիա է , դեռ պատասխան չկա», -ասաց Արամ Մանուկյանը:

Արտակ Մանուկյանն էլ կասկած հայտնեց, որ գազի սակագնի իջեցումն ամբողջությամբ պետական բյուջեից է վճարվելու:

Քննարկմանը ներկա Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանն էլ ասաց, որ գազի ծախսը մոտ 40 տոկոս է կազմում:

Մեր այն դիտարկմանը, որ կարծես թե համաձայնություն է ձեռք բերվում Հայաստան-Իրան-Վրաստան գազամատակարարման շուրջ, եւ այստեղ նաեւ «Գազպրոմն» է խաղացող լինելու, արդյոք սա ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ գազի գնի իջեցման հետ, բանախոսների պատասխանները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930