«Մեր գլխավոր նպատակը գետերի հզորության արդյունավետության ճշգրիտ ներկայացումն է, նաեւ բնապահպանական տեսակետից ավերումների դեմն առնելը: Անկախ նրանից, թե ո՞ւմ է պատկանում ՀԷԿ-ը, եթե այն չի բավարարում բնապահպանական ստանդարտներին, մենք ներկայացնելու ենք միջնորդություն համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար: Իսկ պատժամիջոցները դա ջրօգտագործման թույլտվության չեղարկումն է կամ նոր պայմանների առաջադրումը, որպեսզի մի կողմից վնաս չտանք, մյուս կողմից էլ ջրային ռեսուրսների պոտենցիալը լինի արդյունավետ ու օպտիմալ, այլ ոչ թե ամեն գնով հյուծենք ջուրը՝ արդյունքում չունենալով ոչինչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը`պատասխանելով հարցին հնարավո՞ր է որոշ ՀԷԿ-երի շահագործումը դադարեցվի, հաշվի առնելով այն, որ հիմնականում օլիգարխներին են պատկանում դրանք:
Հիշեցնենք, ՀԷԿ-երի շահագործման պայմանների ստուգման հետ կապված հանձնարարական, օրերս տվել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ մի քանի ուղղություններով ստուգումներ են իրականացվում: Այդ թվում նաեւ Շաքիի ջրվեժի մասով, որտեղ մեծ խնդիր կա: Զուգահեռաբար ստուգումներ են ընթանում նաեւ մի շարք ձկնաբուծական տնտեսություններում. «Առհասարակ խորքային հորերի մասով ջրերի, հատկապես ընդերքի ջրերի անարդյունավետ օգտագործումը բացառելու ուղղությամբ ենք աշխատում»:
Մանրամասները`շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ