2015թ. սպանված էքստրասենս, հիրոմանտ Անի Մաջնունյանի գործով այսօր տեղի ունեցած դատակա նիստի ժամանակ մեղադրյալ, ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը հայտարարեց, որ Անի Մաջնունյանը որոշ մարդկանց հետ խնդիրներ է ունեցել՝ գուշակությունների հետ կապված: Մխիթարյանի ցուցմունքից առաջ դատավորը նրան հարցրեց՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Ամբաստանյալը պատասխանեց, որ ոչ:
Դեպքի առնչությամբ իր ցուցմունքում Մուշեղ Մխիթարյանը պատմեց, որ այդ օրը հանդիպել է այս գործով մեկ այլ վկա՝ Աննա Միսակյանի հետ. «Նա իմացավ, որ գնալու եմ Անի Մաջնունյանին այցելության: Խնդրեց, որ իրեն վերցնեմ իր հետ: Ասացի, որ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի տուն գնալու: Առաջարկեցի փոխանցել Անիի հեռախոսահամարը, որ պայմանավորվեր եւ որպես այցելու գնար: Աննան ասաց, որ Անին գումարներ է ուզում բախտագուշակության համար, որը ինքը չի կարող վճարել, եւ որպես ծանոթի տանեմ հետս: Ասացի, որ պետք է խոսեմ Անիի հետ եւ զգուշացնեմ: Անին ասաց՝ «դե երեկոյան ժամ է, օտար մարդ չէի ուզի», ասացի, որ աղջիկը խնդրում է, անձնական խնդիրներ ունի, բախտը նայես: Գնացինք…
Շքամուտքում Աննան ասաց, որ ուզում է ծխել: Բարձրացա վերեւ՝ նախապես նկարագրելով Անիի տան հարկը, դուռը: Այնտեղ մի աղջիկ տեսա, որը շատ արագ հեռացավ, երեւի վաղուց էր այնտեղ: Մեկ-երկու րոպե անց դուռը ծեծեցին: Անին զարմացավ, թե մարդ չի սպասում: Ասեցի, որ ինձ հետ աղջիկ կար: Դուռը բացեց, Անին ու Աննան կեղծ ժպտացին իրար: Զրուցեցինք դեսից-դենից…Հետո պաղպաղակ կերանք:
Հետո ես նրանց մենակ թողեցի՝ գնալով Անիի ննջարան, որ չխանգարեմ նրանց բախտագուշակությանը: Անին ինձ խնդրեց իրենց մենակ թողել: Քսան-քսանհինգ րոպե հետո լսեցի Անիի ձայնը, նա կանչում էր ինձ: Հասկացա, որ ավարտել են իրենց ծիսակատարությունը: Անին աղոթք էր մրմնջում Աննայի գլխին…
Կարդացեք նաև
Աննան անընդհատ դուրս ու ներս էր անում, ասելով թե հեռախոսին ընկերն է զանգում, որը ծառայում է: Ես հասկանում էի, որ նա դուրս էր գալիս ծխելու: Որոշեցինք դուրս գալ, որովհետեւ Աննայի հերթական դուրս գալուց հետո Անին ասեց, որ առավոտ կարեւոր գործեր ունի: Դուրս եկանք, մայթն անցանք, քայլեցինք դեպի «Կայզեր»: Մի տաքսի պատահեց, նստեցինք, ես լավ չէի զգում: Գնացինք իմ բնակարան: Շենքի մոտ երկու երիտասարդ սկսեցին հետեւել մեզ: Մի քանի «կռուգ» պտույտ տվեցինք, համոզվեցինք, որ մեր հետեւից են գալիս: Մտանք շենքի բակ, բարձրացանք բնակարան…
Կանչեցի հարեւանիս, ասացի, որ սենց միջադեպ է եղել…»:
Մեղադրյալը նաեւ նշեց, որ հաջորդ օրը Անի Զախարյանն է զանգել իրեն եւ ասել, որ Անի Մաջնունյանին սպանել են: Հիշեցնենք, որ Աննա Միսակյանն իր հերթին դատարանին պատմել էր դեպքի օրը կատարվածը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ