Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունների առաջարկներով` քննարկվել են առաջնային հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական հարցեր

Նոյեմբեր 02,2016 17:21

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին` խորհրդի նախագահը ներկայացրել է նիստի օրակարգը, որի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չեն եղել:

Հերթական նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի սույն թվականի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստին հրավիրված բնապահպանական հասարակական կազմակերպությունների առաջարկություններով:

Խորհրդի արտահերթ նիստում հասարակական կազմակերպություններն առաջարկել էին յուրաքանչյուր նիստի օրակարգային առաջին հարցով ներկայացնել նախորդ նիստում հնչած առաջարկների և ընդունված որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

Խորհրդի անդամ Արմեն Վարդանյանը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը` տեղեկացրել է, որ արտահերթ նիստում ընդունված բոլոր որոշումների և հնչած առաջարկների ուղղությամբ կատարվել են գործնական քայլեր, որոնց զգալի մասի լուծումը տրված է, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

«Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության անդամ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կազմակերպության մշակած նախագիծը: Բանախոսն առաջարկել է օրենքում կատարել փոփոխություններ, որոնք կհստակեցնեին փորձաքննության ենթակայության նորմերը, հիմնադրույթային և նախագծային փոփոխությունները, փորձաքննության եզրակացության կատարման նկատմամբ վերահսկողության լիազորությունները և կկանոնակարգեին առանձին խնդիրներ:

Նիստին հրավիրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի փորձագետների և խորհրդի անդամների հետ ծավալված մեկժամյա քննարկման արդյունքում կարևորվել է ներկայացված առաջարկությունների զգալի մասը:

ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Ազգանուշ Դռնոյանը նշել է, որ «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության ներկայացրած վերոհիշյալ նախագծի որոշ դրույթներ արդեն ներառվել են Նախարարության կողմից մշակվող օրենքի փոփոխությունների փաթեթում:

Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ ներկայացված օրենքի նախագծի մյուս կետերը նույնպես կներառվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձևավորված և գործող աշխատանքային խմբի օրակարգում, և փոփոխության հեղինակը կհրավիրվի մասնակցելու աշխատանքային խմբի նիստերին:

Օրակարգային երրորդ հարցի շրջանակներում Հասարակական խորհրդում ծավալվել է 2.5 ժամ տևողությամբ քննարկում` «Գեոթիմ» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացության վերաբերյալ: Հարցն օրակարգում էր ընդգրկվել «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի` խորհրդի նախորդ արտահերթ նիստում արած առաջարկով:

Հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Հակոբ Սանասարյանը, Նազելի Վարդանյանը, Սիլվա Ադամյանը, Ինգա Զարաֆյանը, Գրետա Գաբրիելյանը, Էրիկ Գրիգորյանը և Վազգեն Գալստյանը ներկայացրել են փորձաքննության եզրակացության վերաբերյալ ունեցած իրենց մտահոգությունները և փաստարկները: ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը և փորձաքննական եզրակացության փորձագետ-մասնագետ Արթուր Մինասյանը ներկայացրել են հիմնավորումներ, որոնք փաստում էին, որ բնապահպանական փորձաքննության գործընթացն իրականացվել է գործող իրավական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ բնապահպանական ռիսկերի մասին բարձրացված բոլոր մտահոգությունները դիտարկված են ընկերության ներկայացրած նախագծում և տրված են համապատասխան լուծումներ:

Ըստ բանախոսների` փորձագետների շրջանում գերակայում է այն տեսակետը, որ Ամուլսարի ծրագիրը փորձաքննական գործընթացի տեսանկյունից առավ շատ քննարկված և բնապահպանական խնդիրները լիարժեքորեն դիտարկած նախագծերից է:

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն իր ելույթում հայտարարել է, որ բնապահպանական հասարակական կազմակերպություններն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել «Գեոթիմ» ՓԲԸ-ին` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունը:

Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն ամփոփելով քննարկման արդյունքները` շեշտել է, որ հնչած ելույթներում և փաստարկներում չբերվեց որևէ իրավական փաստարկ, որ փորձաքննության գործընթացն իրականացվել է գործող իրավական նորմերից շեղումներով, ինչպես նաև չբերվեց որևէ իրավական հիմնավորում, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերով հիմք կհանդիսանար բնապահպանական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:

Ըստ բնապահպանության նախարարի` որևէ հիմք չկա կասկածի տակ դնելու ընկերության կողմից ներկայացրած նախագծային դրույթների հիմնավորումները ու դրանով ստանձնած պարտավորությունների կատարումը: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտնել են, որ իրենց առաջարկությունները կներկայացնեն գրավոր:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և մասնագիտական քննարկման համար և կարևորելով բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ունեցած մոտեցումները` Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ հասարակական խորհրդի նիստերն ավելի հաճախ կգումարվեն:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930