Չի բացառվում, որ Հայաստանում գյուղացիների համար նախատեսված մատչելի պարարտանյութի ու դիզվառելիքի ծրագրից օգտվել են նաեւ խոշոր սեփականատերեր ու չարաշահումներ են թույլ տվել: Համենայնդեպս, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Այս ծրագրով անցած երեք-չորս տարիներին 1.1 մլրդ դրամի պարտք է կուտակվել: Գյուղացիները չեն վճարել այդ ապրանքների դիմաց. «Մենք պետք է որոշենք, թե այդ պարտքերի հետ ի՞նչ ենք անում: Որոշ դեպքերում, երբ համոզված ենք, որ եղել են չարաշահումներ, դիմել ենք դատարան: Մնացածի հետ կապված հիմա ճշտում ենք անվանական»:
Նախարարը չմանրամասնեց չարաշահումների դեպքերը, ասաց, որ դրանք այժմ խոսակցությունների մակարդակում են:
Լրագրողների հիշեցմանը` ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ այդ ծրագրից օգտվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, որը դրա կարիքը չուներ, նախարարը հակադարձեց. «Նախկին դեպքերի համար ես չեմ կարող մեկնաբանել, էն ժամանակ ես չէի հետեւում էդ դեպքերին: Հիմա եմ հետեւում… չեմ կարող ասել, բայց ցանկացած բան կարող է լինել Հայաստանում: Դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, հասկանանք»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ եթե բացահայտվի, որ խոշոր հողատերերի անուններն են կապված այդ չարաշահումների հետ, իրենք օրենքի համաձայն կգործեն: Լրագրողներից մեկը նկատեց` անվստահ եք ասում: «Ըտենց շատ մարդ է խաբնվել իմ հայացքից»,- ասաց նախարարը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ