Այսօր ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի արդյունքներին և հետագա անելիքներին նվիրված ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին:
Հարցին` այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ներում է ՀՀԿ-ականներին իրեն վիրավորելու համար, դրանից հետո իր` Ծառուկյանի հասցեին հնչած արտահայտություններն ուժի մե՞ջ են, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել իր վերջնական որոշման մասին` վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումներն իր ներքին գործն են: Առաջարկում եմ Ձեզ չխառնվել նրա ներքին գործերին»:
Գագիկ Ծառուկյանի ներողամտության առիթով ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ներել-չներելու հայտարարությունը քրիստոնեական է, քրիստոնեական բարոյագիտությունն էլ ավելի հեռու է գնացել այս պատվիրանների մեջ՝ ձևակերպելով ներիր, որ ներվի քեզ սկզբունքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ