Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին ավելի էժան պարարտանյութ կտրամադրվի

Նոյեմբեր 02,2016 16:31

«Իրականում գյուղացին զուրկ է գյուղատնտեսական տարրական գիտելիքներից եւ կարիք կա, որ խորհրդատվություններ լինեն»,- խորհրդարանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Պատգամավորը գյուղնախարար Իգնատի Առաքելյանի ուշադրությունը հրավիրեց խորհրդատվությունների հարցի վրա:

Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց նաեւ գյուղացիներին մատչելի գնով տրվող պարարտանյութի գնումների մեխանիզմից: Գնումներն իրականացնում է նախարարությունը: Պատգամավորը համոզված է, որ եթե այդ գործընթացը իրականացներ մասնավոր ընկերություն, պարարտանյութն ավելի մատչելի հնարավոր կլիներ ձեռք բերել եւ բախշել:

Իգնատի Առաքելյանը համաձայնեց Խոսրով Հարությունյանի վերջին դիտարկման հետ. «Եթե մենք նոր մեխանիզմը ներդնենք, պարարտանյութի շուկան կլինի ավելի դեմոկրատ»: Նախարարը համամիտ է եւ կարեւորում է նաեւ գյուղացիներին տրվող խորհրդակցությունների ծրագրերը: Ասաց, որ նախարարությունում քննարկումներ են լինում, խնդիր է դրված խորհրդատվությունների ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման:

Ի դեպ, նախարարության եկող տարվա բյուջեում նախատեսված է 7 տոկոս տնտեսում: Տնտեսումը նախատեսվում է դիզվառելիքին ու պարարտանյութերին տրվող բյուջեի նվազմամբ, ինչը պայմանավորված է պարարտանյութերի ու դիզվառելիքի գների նվազմամբ: «Պարարտանյութերի եւ դիզվառելիքի սուբսիդիա տրամադրում ենք, բայց սուբսիդիաները պետք է ուղղվեն ավելի շատ գյուղատնտեսության զարգացմանը, բիզնեսի զարգացմանը: Գնա՞լ դեպի զարգացման սուբսիդավորման, թե՞ ոչ: Եթե մենք սուբսիդավորում ենք անապահովներին, դա, իհարկե, կարեւոր է, բայց զարգացմանն էլ պետք է ուղղվեն սուբսիդիաները: Պետք է գտնել բալանսը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության ոլորտի համար 2017 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 6,882.9 մլն դրամ: Անցյալ տարի տրամադրվել էր 8,037.8 մլն դրամ: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1,163.0 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով:

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 2,110.0 մլն դրամ` 2016 թ. հաստատված 2,760.0 մլն դրամի դիմաց կամ 650.0 մլն դրամով պակաս: Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով 6 ծրագրեր, որոնցից ամենախոշորներն են` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ 18 ծրագիր: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,371.8 մլն դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ` 1,222.9 մլն դրամ, համաֆինանսավորում` 148.9 մլն դրամ:

Խոսրով Հարությունյանը խոսեց նաեւ գյուղացիական կոոպերացիաների ստեղծման մասին: Ըստ նրա, 40 հազար գյուղացիական տնտեսություն կա, որոնք տնօրինում են փոքր հողակտորներ, ինչը անհնար է դարձնում բարձր արտադրողականության ապահովումը:

Խոսրով Հարությունյանը ահազանգ հնչեցրեց նաեւ անմշակ հողերի մասով: Իգնատի Առաքելյանը նշեց, որ հողերի օգտագործելիության խնդիրը իր համար էլ ամենաբարդ հարցն է. «Առանց հողերի արտադրողականության բարձրացման, չենք կարող խոսել գյուղատնտեսության զարգացման մասին: Քննարկվում են խնդրի լուծման մի քանի մեխանիզմներ. ավելացնել հողերի վարձակալությունը եւ տալ ենթավարձակալության, կամ բարձրացնել չօգտագործվող հողերի դրույքաչափը»:

Կոոպերացիաների ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Այսօր ֆերմերը պատրաստ չէ կոոպերացվելու, ուստի մենք ինչ օրենք էլ գրենք, դա կլինի անհաջող կոոպերացիա: Պետք է մտածենք մեխանիզմներ, որ կոոպերացիաները ցանկալի լինեն: Ինչքանո՞վ ֆերմերները պատրաստ կլինեն ոչ թե իրար դեմ աշխատեն, այլ իրար հետ աշխատեն`կտեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930