Փայլակը գործուղման էր մեկնելու Մոսկվա: Կինը վաղուց մտմտում էր արտասահմանյան կահույք գնելու մասին, բայց ամուսնուն այս անգամ արդեն վճռականորեն հանձնարարեց.
-Փայլակ ջան, շուտով նոր տուն ենք ստանալու, բա նոր կահույք պետք չէ՞ այս տանը:
-Իհարկե պետք է, Փեփրոն ջան, բա նոր տանը հին կահույքով հո չենք ապրելու,-հանգիստ պատասխանեց ամուսինը:
-Դե, վաղը Մոսկվա ես գնում, այնտեղից էլ կբերես, չէ՞,-հարցական նայեց կինը:
Կարդացեք նաև
-Դժվար բան է միայնակ այն գլուխ բերելը, բայց, որ ասում ես, պիտի փորձեմ,-կնոջը հանգստացրեց Փայլակը:
Խորհրդային ժամանակներում Երևանում արտասահմանյան կահույք գնելը բավականին դժվար ու անհասանելի մի բան էր հասարակ մահկանացուի համար: Քչերին էր հաջողվում նույնիսկ «տակից, մաղարիչով» դրանք ձեռք բերելը: Դրա համար էլ շատերը Մոսկվայից կամ խորհրդային միության այլ քաղաքներից էին բերում թանկարժեք և որակյալ կահույքը: Բայց դա էլ մեծ դժվարությունների հետ էր կապված՝ երկար հերթեր, տրանսպորտային հավելյալ ծախսեր և այլ չնախատեսված իրադրություններ ու այդ պատճառով էլ Փայլակը մի քանի անգամ որոշել էր մտնել այդ ծանր բեռի տակ, բայց քաջությունը չէր բավականացրել ու այն թողել էր հաջորդ անգամվան: Իսկ հիմա իրադրությունը փոխվել էր և նա ստիպված պետք է այդ հերոսական քայլը կատարեր:
Հասնելով Մոսկվա, Փայլակը նախ կարգավորեց հյուրանոցային, ապա գործուղման հետ կապված հարցերը, որից հետո ձեռնամուխ եղավ կահույքի գնման գործընթացին:
Առաջին հերթին նա շրջեց մի քանի կահույք վաճառող խանութներ, ընտրեց, թե ինչպիսի կահույք-համալիր է գնելու, պայմանավորվեց համապատասխան խանութի համապատասխան աշխատողի հետ, պարզեց, որ կահույքը Մոսկվա-Երևան գնացքով տեղափոխելու համար անպայման հարկավոր է գնացքի տոմս գնել, (քանի որ ինքը արդեն ուներ ինքնաթիռի հետդարձի տոմս), բայց դա այնքան էլ հեշտ բան չէր և այն էլ հուլիս ամսվա վերջերին: Մի հին ծանոթի միջոցով այդ գործը մի կերպ գլուխ բերեց, ապա գնաց կայարան՝ ծանոթանալու համար բեռնման-առաքման խնդիրների հետ: Այստեղ դրությունը առավել քան դժվար էր, քան ինքն էր պատկերացնում: Բավականին մեծ հերթեր էին գոյացել կայարանում, ցուցակագրվածների անունները ջնջում էին, երբ նշանակված ժամերի ներկա-բացականերին նրանք չէին մասնակցում: Առաքման հերթը հասնում էր երկու-երեք օր ու գիշեր կայարանում հերթապահելուց հետո միայն, որտեղ բաց երկնքի տակ թափված բեռների տերերը պետք է իրենք հսկեին այն շուրջօրյա գրաֆիկով:
Երկու-երեք օրուգիշեր անցկացնել կայարանում դա Փայլակի համար, այն էլ՝ միայնակ, խիստ ծանր ու դժվար գործ կլիներ և նա որոշեց այլ ելքեր որոնել այդ վիճակից ավելի դյուրին ճանապարհով դուրս գալու համար: «Է՛հ, թող բեռս հասնի Հայաստանի որևիցե քաղաք, այնտեղից հեշտ կլինի բեռնատար վարձել և հասցնել Երևան, թե չէ երկու-երեք օրուգիշեր ես ո՞նց եմ անցկացնելու այս կայարանում, առանց փոխարինողի»- մտքում որոշեց Փայլակը ու գնաց կայարանի բեռներ առաքող պատասխանատուի մոտ, հարցուփորձ անելու, թե բացի Երևանից, Հայաստանի էլ ո՞ր կայարանում կարող է բեռնաթափել իր ձեռք բերած կահույքը:
Նրա բախտից այդ պատասխանատուն բարի գտնվեց և թերթելով համապատասխան հաստափոր մի գիրք (երևի երկաթուղիների ուղեցույց կլիներ) ու ասաց, որ Հայաստանի այդպիսի կայարանների թվում նշված են Լենինականը (այն ժամանակ Գյումրին այդպես էր կոչվում) և Հոկտեմբերյանը (ներկայիս Արմավիրը):
Փայլակը, բնականաբար, շնորհակալություն հայտնեց ուղևորաբեռների փոխադրման պատասխանատուին այդ հուսադրող տեղեկատվության համար և ներքուստ հպարտանալով իր հնարամտության վրա՝ այդ երկու քաղաքներից ընտրեց Երևանին ավելի մոտ գտնվող Արմավիրը, ապա փորձեց իմանալ, թե դրա համար քանի ժամ պետք է հերթի կանգնի: Կայարանում փնտրեց, գտավ Արմավիրի համար հերթի կանգնածների շարքը և ուղևորներից պարզեց, որ այստեղ ամենաշատը 5-6 ժամ պետք է հերթի կանգնել:
Ստանալով անհրաժեշտ տեղեկատվությունը Փայլակը ոգևորված շտապեց կահույքի այն խանութը, որի վաճառողի հետ նախապես պայմանավորվել էր գնվող կահույքի համալիրը ձեռք բերելու համար, բնականաբար որոշակի «մաղարիչ» խոստանալով նրան: Բա, առանց դրա ո՞նց կլիներ:
Հաջորդ օրը, հակառակի պես կիրակի էր, բայց խանութի վարիչը ասաց, որ իրենք կիրակի օրը աշխատելու են և խանութի ետնադռնից կահույքը բաց կթողնեն: Այստեղ Փայլակը պայմանավորվեց նաև վարորդի և օգնական բանվորի հետ և այդ օրվա գործը համարելով ավարտված, հանգիստ խղճով գնաց հյուրանոց՝ հանգստանալու:
Հաջորդ օրը, առավոտյան Փայլակը ներկայացավ կահույքի խանութ, բավականին կլոր գումարը մուծեց դրամարկղ, որը նախապես պահել էր ներքնաշորի վրա կարած գաղտնի գրպանում, որ չկորցնի կամ չգողանան, քանդել տվեց կահույքի գործարանային փաթեթավորումը, ստուգեց բոլոր բաղադրիչ մասերը, կրկնակի փաթեթավորել տվեց, իհարկե, վճարելով այնտեղի բանվորներին, որոնք էլ դրանք բարձեցին բեռնատարին: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա գնաց վարիչի մոտ համապատասխան «մաղարիչը» հանձնելու և ետ վերադառնալու:
Վարիչը, իհարկե, շատ զբաղված էր և Փայլակին հասկացրեց, որ այդպիսի բաները դնում են ա՛յ այն սեղանի մահուդե սփռոցի տակ: Փայլակն էլ ազնիվ գտնվեց և խոստացած գումարը դրեց վարիչի ցույց տված տեղը, շնորհակալություն հայտնեց և շտապեց դեպի դրսում կանգնած բեռնատարը, որպեսզի վճարի նաև բանվորների հասանելիքը և ուղևորվի կայարան:
Սակայն բանվորները տեսնելով, որ ստուգողներ են եկել խանութ, այն էլ՝ կիրակի օրով, պուկ էին տվել այդտեղից, վարորդն էլ ռուսավարի հայհոյելով, ասաց, որ իրենց չեն սպասելու և գործի գցեց բեռնատարի շարժիչը: Լսելով շարժիչի հռնդյունը, բանվորները իսկույն հայտնվեցին և Փայլակից ստանալով հասանելիքը, արագ անհետացան:
Վարորդը բեռնատարը դանդաղորեն պոկեց տեղից, դուրս եկավ խանութի ետնամասի դարպասներից և ուղղություն վերցրեց դեպի կայարան: Կայարանում վարորդն ու օգնականը կահույքը բեռնաթափեցին նախատեսված տեղում, Փայլակից ստացան իրենց հասանելիքը և բռնեցին ետ դարձի ճանապարհը, իսկ Փայլակը հերթագրվեց, մնաց իր բեռի կողքին, որտեղ երկու ժամը մեկ հերթի գլխամասի ազգանվանակիրները ներկա-բացակա էին անում և ով այդ պահին բացակայում էր, նրա անունը ջնջում էին ցուցակից, որից հետո Փայլակը դանդաղորեն վեր էր բարձրանում ցուցակի աստիճաններով: Մի պահ եկավ, որ ինքն էլ ցուցակի գլխամասից ներկա-բացակա արեց:
Մոտ վեց ժամ հետո եկավ այդ բաղձալի պահը և բեռնակիրները աշխուժացան ու ըստ հերթագրվածների սկսեցին վագոններ տեղափոխել նրանց կահույքի փաթեթավորված կտորները:
Հերթը արդեն Փայլակին էր հասել և բեռնակիրները արագ կատարեցին բեռնման աշխատանքները, պատասխանատուն ձևակերպեց բեռնումը, նրան հանձնեց վավերացված և կնքված համապատասխան փաստաթուղթը: Ավարտելով գործընթացը, Փայլակը շտապեց կայարանի տոմսարկղ, որպեսզի իր ուղևորատոմսը հետ վերադարձնի, իբր թե փոշմանել է ու չի ուզում գնացքով մեկնել, նույնիսկ ցույց տվեց ինքնաթիռի հաջորդ օրվա համար գնած տոմսը: Բայց նրա բանեցրած խորամանկությունը այս անգամ չանցավ, քանի որ շրջահայաց աշխատակիցները նրա գնացքի ուղևորատոմսի վրա կնիք էին դրել և այն դարձրել ետ գնման համար ոչ պիտանի:
Կորցնելով որոշակի գումար, Փայլակը սրտնեղած վերադարձավ հյուրանոց ու պատրաստվեց հաջորդ օրվա թռիչքին:
Հաջորդ օրը Փայլակը ժամանեց Երևան և սպասեց ևս մեկ օր, որ գնացքը տեղ հասնի, ապա մեկնեց Արմավիր՝ պարզելու կահույքի ճամփորդության ճակատագիրը: Արմավիրի կայարանում նրան բացատրեցին, որ Մոսկվայից ժամանող գնացքը իրենց կայարանում կանգ է առնում ընդամենը հինգ րոպե և անհնար է այդքան կահույքը այդ ժամանակամիջոցում դատարկել, որի պատճառով էլ՝ այն ուղարկել են Երևան:
Փայլակը այդ տեղեկությունից իհարկե շատ ուրախացավ և ետ վերադարձավ Երևան ու քանի որ արդեն ուշ էր, չգնաց կայարան, որ իր կահույքին տեր կանգնի, այլ հաջորդ օրը միայն գնաց Երևանյան կայարան: Եվ ի՞նչ եք կարծում, նրան ի՞նչ պատասխանեցին:
-Հարգելիս,-ասաց բեռներ ընդունող կայարանի պատասխանատուն,-ձեր կահույքը, իհարկե երեկ մենք բեռնաթափեցինք, քանի որ գնացքը պետք է մեկներ Մոսկվա, եթե այստեղ լինեիք ձեր փաստաթղթերով, ապա այն կստանայիք, բայց քանի որ փաստաթղթերում Արմավիր երկաթուղային կայարանի վրա էր ձևակերպված, մենք այսօր Գյումրի մեկնող էլեկտրագնացքավ այն հետ ենք վերադարձրել:
Փայլակը, իհարկե շատ տխրեց, փոշմանեց, որ շրջահայաց չի գտնվել և երեկ չի եկել կայարան, ստիպված ատամները կրճտացրեց, ինքն իր վրա զայրացավ ու հենց այդտեղից էլ մեկնեց ավտոկայան, ապա՝ Արմավիր: Իսկ Արմավիր կայարանում նրան սպասում էր նոր հիասթափություն, նույն հիմնավորումով, որ այստեղ էլեկտրագնացքը կարճատև կանգառ է կատարում և այդ ընթացքում հնարավոր չէ այդքան կահույքը բեռնաթափել և այն ուղևորվել է Լենինական (Գյումրի), իսկ էլեկտրագնացքը Գյումրիից կվերադառնա միայն ուշ երեկոյան:
-Հո, հիմա էլ Գյումրի չե՞մ գնալու,-ինքն իրեն խոսեց Փայլակը,-ու դառնալով կայարանի պատասխանատուին ասաց.
-Ես Ձեզ աղերսագին խնդրում եմ, երբ էլեկտրագնացքը վերադառնա, կահույքը հանկարծ չբեռնաթափեք, ես հետ եմ վերադառնում Երևան և կայարանում կսպասեմ նրան:
-Ցանկության դեպքում էլ չենք կարող բեռնաթափել, այնպես որ համոզված եղեք, որ այն կրկին վերադառնալու է Երևան,-ասաց կայարանի աշխատակիցը ժպտալով:
Հրաժեշտ տալով Արմավիրի երկաթուղային կայարանի պատասխանատուին՝ Փայլակը վհատված վերադարձավ Երևան և շտապեց երկաթուղային կայարան և այստեղի պատասխանատուին խնդրեց, որ կահույքը բեռնաթափեն իրենց մոտ, իսկ ինքը վաղը անպայման բեռնատարով կգա ու կտանի, իհարկե խոստանալով նաև «պարգևավճար»:
«Խորամանկ աղվեսն երկու ոտքով է թակարդն ընկնում»,-հանկարծ հիշեց տատի ասածը Փայլակը ու քթի տակ դառը ժպտալով տուն վերադարձավ, հաջորդ օրը կայարան գնալու ակնկալիքով:
Այդ չարաբաստիկ օրերից անցել են երկար ու ձիգ տարիներ և հիմա, երբ Փայլակը նստած գերմանական արտադրության բազմոցին՝ հեռուստացույց էր դիտում, հանկարծ մեկ-մեկ նրա աչքին ընկան պատերի տակ շարված գերմանական արտադրության զգեստապահարանի դռան վրայի բավականին լուրջ քերծվածքը, գրապահարանի դռնակի՝ մինչև նրա կեսին հասնող ճեղքվածքը, սպասքապահարանի կոտրած ոտքը, որի տեղ քառանկյուն մի փայտ էր հարմարեցրել, որոնք առաջացել էին իր ցուցաբերած խորամանկ քայլի ու գերմանական արտադրության կահույքի անփառունակ ոդիսականի հետևանքով:
«Ճիշտ է մի քիչ կահույքը վնասվեց, բայց հո մյուսների նման երեք օրուգիշեր չհերթապահեցի կայարանում, այլ ընդամենը վեց ժամ»,-իրեն մխիթարեց Փայլակը:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ