Նոյեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նախատեսված է համերգ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի, Ռուբեն Հախվերդյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ։ Համերգը կրում է «Կտրուկ շրջադարձ» խորագիրը:
Այս առթիվ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը լրագրողների հետ հանդիպեցին դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը եւ շուրջ 15 տարի Հախվերդյանի հետ աշխատած կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Նրանք համատեղ 5 CD ունեն:
Ռուբեն Հախվերդյանը տիկին Զարիֆյանի մասին ասաց, որ նա համարյա համահեղինակ է ու լավ է զգում իր երգերի ամեն հնչյունը:
Կոմպոզիտորն էլ հավելեց. «Սիրով եմ գործիքավորել ու մշակել, այնքան հարուստ են Ռուբենի ստեղծագործությունները եւ հարմոնիկ մտածողությամբ, որ էապես տարբերվում են սովորական հեղինակային երգերից»:
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ է համերգը կոչվում «Կտրուկ շրջադարձ»: Այս հարցին էլ Ռուբեն Հախվերդյանն այսպես պատասխանեց. «Ճշմարտությունը կլոր է, իսկ «կտրուկ շրջադարձ» կարող է լինել, օրինակ` կառավարության փոփոխությունը, հիմա էլ մեծ խմբով, համարյա սիմֆոնիկ հնչողությամբ ներկայացվելու են իմ երգերը: Դա էլ պակաս կտրուկ շրջադարձ չէ»:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Ռուբեն Հախվերդյանի հետ նույն բեմում հանդես գալը, հավելեց, որ եթե մի քսան տարի առաջ նման առաջարկ արվեր, իր համար դա անհավանական կթվար: Դիրիժորը փաստեց, որ հախվերդյանական երգերը տարբերվում են, իսկ նրանցից որոշները, իր ձեւակերպմամբ, անգլիական բարոկկո են հիշեցնում:
Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ այս համերգին էլ հայտնի ստեղծագործություններ կհնչեն, նույնիսկ օրինակ բերեց. «Չելենտանոն էլ 20 տարի է, նույն երգերն է երգում, բայց այսօր էլ հիանում ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ