Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն

Նոյեմբեր 02,2016 15:27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները:

Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանա¬շնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը ավարտին է մոտենում:

«ԲՈՀ-ը` հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը, այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Ներկա անվանացանկում դրանք ներկայացված են համապատասխան ծանոթագրություններով: Այս գործընթացը սկսվել է դեռևս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական համակարգից, որն այսօր այլևս չի կարող գործել»,- նշել է Լիլիթ Արզումանյանը և հավելել, որ անկախության տարիներին անվանացանկն արդեն երրորդ անգամ է վերանայվում:

Լ. Արզումանյանի խոսքով՝ փոփոխությունների հետևանքով անվանացանկից շուրջ 40 մասնագիտություններ հանվել են՝ դրանք ներառելով հարակից մասնագիտությունների մեջ. «Մենք իրականում ոչինչ չենք կորցրել, որովհետև տեղի է ունեցել մասնագիտությունների  խոշորացում: Այսինքն՝ մասնագիտությունները դուրս չեն մնացել, դրանք ընդամենը միավորվում են»,- ընդգծել է ԲՈՀ նախագահը: Նոր անվանացանկի հաստատումից հետո համապատասխանաբար սկսվել են նաև նոր մասնագիտական խորհուրդների հաստատումը՝ նոր սկզբունքներով. «Մենք այստեղ կիրառել ենք նոր մոտեցում. յուրաքանչյուր գիտնական կարող է ընդգրկվել միայն մեկ մասնագիտական խորհրդում և միայն մեկ մասնագիտությամբ: Այս նոր չափանիշներով մենք կտրուկ մոտենում ենք պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, և խորհուրդների աշխատանքը դառնում է առավել թափանցիկ: Արդյունքում մասնագիտական խորհուրդների կազմերը նկատելիորեն թարմացան, ընդգրկվեցին ավելի շատ թվով գիտնականներ, հատկապես երիտասարդներ»,- նշել է ԲՈՀ նախագահը՝ հավելելով,,որ նոր մասնագիտական խորհուրդների կազմերը փոքրաթիվ են՝ ընդամենը 9 գիտնական: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար գիտությունների թեկնածուների համար սահմանվել է առնվազն 10 գիտական հոդվածի, իսկ դոկտորների համար վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 5 գիտական հոդվածի առկայության պահանջ:

Գործող կարգի համաձայն խորհուրդների ձևավորման համար գործում են հետևյալ չափանիշներ. թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն իրականացնելու համար մասնագիտական խորհրդի կազմում համապատասխան մասնագիտությամբ պետք է ընդգրկված լինեն առնվազն 3 գիտությունների դոկտորներ, դոկտորական ատենախոսության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 5 դոկտորի առկայություն:

Փոփոխությունների արդյունքում ներկայումս ձևավորվել են գիտության 22 բնագավառ՝ 44 ենթակարգավարով, որոնցում ընդգրկված են մոտ 155 մասնագիտություններ: Անվանացանկի միակ նորությունը Գևորգյան ճեմարանում ձևավորված Աստվածաբանության մասնագիտական խորհրդի ստեղծումն է: Առանձին դեպքերում պաշտպանությունների կազմակերպման համար համապատասխան  գիտնականներ են հրավիրվում նաև արտերկրից:

Ասուլիսի ընթացքում ԲՈՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հանրային հետաքրքրություն ներկայացնող ոլորտային մի շարք խնդիրների :

 

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930