Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարի պետբյուջեից պետական պարտքի համար կվճարենք 119 միլիարդ դրամ (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2016 14:25

Հայաստանի պետական պարտքը, որը սպասարկելու համար եկող տարվա բյուջեից արդեն 119 միլիարդ դրամ պետք է ուղղենք, լուրջ բեռ է պետբյուջեի համար: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Aravot.am-ի հարցին, թե տարիներ ի վեր թե’ նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանը, թե’ Հովիկ Աբրահամյանը եւ թե’ ֆինանսական ոլորտի մնացած պատասխանատուները հասարակական-քաղաքական գործիչների մտահոգություններին ի պատասխան վստահեցնում էին, որ պետական պարտքը միանգամայն կառավարելի է եւ չի մոտեցել վտանգավոր շեմին, պարոն Խաչատրյանն ասաց, որ պետական պարտքը բավականին ուռճացրել ենք:

«Տարեցտարի պետական պարտքի սպասարկմանն ավելի ու ավելի մեծ գումարներ ենք ուղղում: Եթե 2016-ին պետական պարտքի սպասարկմանը մոտ 100 միլիարդ դրամ էինք ուղղում, ապա 2017-ին 119 միլիարդ ենք ուղղելու…..: Կառավարության վերջին նիստերում հիմնական շեշտադրումն արվում է, որ նոր վարկային ռեսուրսները վերցվելու են բացառապես հավելյալ արժեք ստեղծելու ակնկալիքով: Որովհետեւ, եթե վարկը վերցվում է ենթակառուցվածքներ զարգացնելու, թեկուզ սոցիալական խնդիրներ լուծելու համար, դրանք ծախսվում են, բայց արժեք չեն ստեղծում, հետեւաբար, բյուջեի վրա դրանց սպասարկման բեռն է մնում»:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ Կառլեն Խաչատրյանի եկող տարվա բյուջեի հաշվարկման հիմքում ընկած է 3,2 % տնտեսական աճի ցուցանիշը, այսինքն` այն իր համամասնություններով ու տրամաբանությամբ գրեթե չի տարբերվում 2016-ի բյուջեից:
Հարցին` այսինքն` սոցիալական վիճակի բարելավում քաղաքացիները չակնկալե՞ն, պարոն Խաչատրյանն ասաց, որ բնակչության բարեկեցությունը ոչ թե պետական բյուջեով է պայմանավորված, այլ` երկրի տնտեսական վիճակով: Գլոբալ կենսամակարդակի փոփոխություն կլինի, եթե տնտեսությունն աշխուժանա, մենք համախառն ներքին արդյունքի շեշտակի աճ ունենանք»:

Կառլեն Խաչատրյանը եկող տարվա բյուջեում մի դրական փոփոխություն է նկատել, այն է` 10 միլիարդ դրամով գործադիր եւ օրենսդիր մարմինների ծախսերի կրճատումը, որոնք, տնտեսագետի կարծիքով, պետական ապարատում մինչ այս ուռճացված են եղել:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է գերակա ճյուղ, սակայն այդ մասին գրեթե խոսք չկա կառավարության ծրագրում, պարոն Խաչատրյանն ասաց, որ չի կարծում, որ պետությունը պետք է բացառապես իր վրա վերցնի ՏՏ ոլորտը զարգացնելու խնդիրը եւ որ այդ ոլորտն առանց այդ էլ միջազգային ասպարեզում մրցունակ է:

Ավելի ուշ պարոն Խաչատրյանն ասաց, որ իր խոսքը ոչ թե կառավարության ծրագրի, այլ բյուջեում ՏՏ ոլորտին տեղ տալու մասին էր: Մեր ճշտող հարցին, արդյոք կառավարության ծրագրում չպետք է ամրագրված լինեին ՏՏ ոլորտի զարգացման ուղղությունները, Կառլեն Խաչատրյանն ասաց. «Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ ծրագիրը վեց ամսյա է, ուրեմն նորմալ է, որ այդպիսի երկարաժամկետ գերակայություններ դրված չեն, որովհետեւ վեց ամսում կտրուկ բան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվել չի կարող»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930