«Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար»,-Նժդեհի այս խոսքերը հնչեցին «Մահ իմացյալ՝ անմահություն» խորագիրը կրող միջոցառման ժամանակ, որը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր «Հաճըն» հայրենակցական միությունը՝ նվիրելով այն ապրիլյան պատերազմում նահատակված երկու քաջորդիների՝ արմատներով հաճընցի, «Հաճըն» հայրենակցական միության վարչության երկարամյա անդամ, քարտուղար Սուրեն Ճարատանյանի և ծնունդով նորհաճնցի Գևորգ Մղդեսյանի անմահ հիշատակին:
Մինչ միջոցառման գեղարվեստական մասին անցնելը «Հաճըն» հայրենակցական միության գրասենյակում Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ, Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին բոլոր հերոսների հիշատակը, իսկ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանը հանդես եկավ ելույթով: Իր խոսքում նա նշեց, որ իրենց համար հավասարապես թանկ են բոլոր հերոսները, սակայն, որպես հաճընցիներ, այս անգամ միջոցառումը նվիրում են իրենց հայրենակիցներին՝ հին ու նոր սերնդի հաճընցիներին, ովքեր առանց մեկ վայրկյան իսկ վարանելու մեկնել էին Արցախ՝ թշնամուց մաքրելու սրբազան հայրենիքը:
Սուրենը դեռ Արցախյան ազատամարտին էր մասնակցել՝ կռվելով «Արաբկիր» զորամիավորման կազմում: Ապրիլին էլ, երբ թշնամին կրկին ոտնձգություն իրականացրեց մեր հողերի նկատմամբ, 61-ամյա Սուրենը դարձյալ առաջին գծում էր: «Հարցին, թե ինչու՞ ես գնում, հայրս պատասխանել էր, որ եթե չգնա, ինչպե՞ս կարող է հետագայում նայել իր ընկերների աչքերին, երբ նրանք վերադառնան պատերազմից: Ես պետք է նրանց կողքին լինեմ, բացի այդ՝ ես չեմ ուզում, որ իմ թոռները տեսնեն այն, ինչ մենք ենք տեսել: Հայրս գնաց՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգի, իր ընկերների ու թոռների»,-միջոցառման ընթացքում ասաց Սուրեն Ճարատանյանի դուստր Դիանան: Սուրենը պատերազմի դաշտում փրկեց մի երիտասարդ զինվորի կյանք և նույն պահին ընկավ թշնամու գնդակից: Նա իր արիության ու սխրանքների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների:
Թեև նորհաճնցի Գևորգն ընդամենը 20 տարեկան էր, սակայն բուռն էր նաև նրա մարտական կյանքը: Դեռ մինչ ապրիլյան պատերազմը նա արդեն հասցրել էր դրսևորել իրեն որպես հայրենիքի իսկական նվիրյալ՝ թշնամու հերթական դիվերսիայի ժամանակ ցուցաբերելով անօրինակ խիզախություն, որի համար էլ արժանացել էր «Նելսոն Ստեփանյան» մեդալի:
Հերոսներին նվիրված միջոցառմանը, որը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նազարյանը, իրենց հուշերը պատմեցին Սուրենի մարտական ընկեր Գրիգոր Բաբայանն ու «Արաբկիր» երկրապահ միավորման ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Զավեն Թումանյանը: Ներկաներին ևս մեկ անգամ օրհնեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, իսկ միջոցառումն իրենց կատարումներով զարդարեցին Դավիթ Ամալյանը, Գուսան Հայկազունն ու Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
«Հաճըն» հայրենակցական միության գրասենյակում հիշատակի անկյան բացումն ու հանուն հայրենիքի մարտնչած հայորդիներին նվիրված միջոցառումն ապացուցեցին, որ «հերոսները կենդանի են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հիշում են, իսկ քանի որ հայրենիքի համար ընկածը հերոս է, հետևաբար` նա չի մահանում, այլ անմահանում է», ինչպես ասվեց միջոցառման ժամանակ: Մեր տղաները գիտեին՝ հանուն ում և ինչի՛ են կռվում, քանի որ Արցախը երբեք չի եղել ու չի կարող լինել Ադրբեջանի մաս: Վստահաբար, մենք կարող ենք այսօր հանգիստ քնել, քանի որ սահմանին մեր խաղաղությունը հսկում են այնպիսի զինվորներ, որոնց հոգում ապրում են Սուրենը, Գևորգն ու մեր մյուս նահատակները, ուստի հերոս են նաև ա՛յդ տղաները. խոնարհվում ենք բոլորի առջև և մեր սրտանց շնորհակալությունը հայտնում հայ զինվորին:
Սուրեն Սիսակի Ճարատանյան
Ծնվել է 1955 թ. Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Բելառուսիայում: 1975 թ. ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: 1981 թ.-ից մինչ կյանքի վերջն աշխատել է Երևանի Մետրոպոլիտենում: 1988-ին զինվորագրվել է «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորմանը: 1990 թ. սեպտեմբերի 20-ից սկսել է ծառայությունը ՀՀ ՆԳՆ հատուկ գնդի 9-րդ վաշտում: 1992 թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 5-ը «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Նարիշտար գյուղի ազատագրման առաջադրանքներին, Վանք և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ապա՝ Հադրութի շրջանում Սարինշենի հատվածի մարտական գործողություններին:
1992 թ.-ի օգոստոսից ավագ լեյտենանտ Սուրեն Ճարատանյանը սկսել է պայմանագրային ծառայությունը 5-րդ բրիգադում և ավարտել այն որպես կապի դասակի հրամանատար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի օրը:
2016 թ. ապրիլին, լսելով սկսված պատերազմի մասին, մեկնել է Թալիշ, որտեղ էլ, փրկելով 18-ամյա զինվորի կյանքը, ծանր վիրավորվել է և ապրիլի 8-ին մահացել:
Սուրեն Ճարատանյանն ամուսնացած էր, երեք դուստրերի հայր էր և վեց թոռների պապիկ:
Իր երկարամյա մարտական գործունեության ընթացքում Ս. Ճարատանյանը ստացել է բազմաթիվ պատվոգրեր և պարգևատրվել մեդալներով:
• 2006 թ. «Դրաստամատ Կանայանի» մեդալ
• 2007 թ. «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
• 2009 թ. «5-րդ բրիգադի» հուշամեդալ
• 2010 թ. «Մայրական երախտագիտություն» մեդալ /ԼՂՀ նախագահի կողմից/
• 2011 թ. «Մարտական ծառայության» մեդալ /Արցախի նախագահի կողմից/
• 2014 թ. «Ծովակալ Հ.Ս. Իսակովի» մեդալ
• 2016 թ. «Մարտական ծառայության» մեդալ, որը տրվել է հետմահու` ՀՀ նախագահի կողմից
• 2016 թ. «Հայրենիքի պաշտպանության» մեդալ, որը նույնպես տրվել է հետմահու՝ Արցախի նախագահի կողմից
Գևորգ Աշոտի Մղդեսյան
Ծնվել է 1996 թ. փետրվարի 16-ին Նոր Հաճն քաղաքում: Սովորել է Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակել ավագ դպրոցում: 2013 թ. ընդունվել է Երևանի ճարտարագիտական համալսարան: 2014 թ. զորակոչվել է ՀՀ ազգային բանակ:
2015 թ. օգոստոսին թշնամու դիվերսիայի ժամանակ ցուցաբերած քաջության համար ՀՀ ԶՈՒ կողմից պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով: Զոհվել է 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում, 20 տարեկանում: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:
«Հաճըն» հայրենակցական միության լրատվական բաժին
Ամալյա Հովհաննիսյան