Երեւան, 2 նոյեմբերի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ Աղձք համայնքում /Արագածոտնի մարզ/ մեկնարկել է երկհարկանի մանկապարտեզի կառուցումը:
Մանկապարտեզը կունենա երեխաների կրթության ու հանգստի համար արդի բոլոր հարմարությունները: Խմբային ու ննջարանային սենյակներից բացի նախատեսվում է մարզադահլիճ, խաղասրահ, խաղահրապարակ եւ համակարգչային սենյակ, որտեղ սաները կանցկացնեն իրենց ժամանցն ու պարապմունքները: Նախակրթարան կարող է հաճախել մինչեւ 90 երեխա:
«Երեք տարի առաջ գյուղի մանկապարտեզը վթարային լինելու պատճառով դադարեց գործել, եւ այն, որ Բրիտանիայի մեր հայրենակիցները ստանձնել են նոր մանկապարտեզի կառուցում, մեծ ուրախություն է համայնքի համար»,- ասում է Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը:
Բրիտանահայ համայնքը կարեւորում է երեխաների ու պատանիների կրթությունը եւ հիմնականում ստանձնում կրթության եւ առողջապահության ոլորտներին միտված ծրագրեր: Վերջին տարիներին համայնքի նվիրատվություններով իրականացված ծրագրերից են Սասունիկ գյուղի մանկապարտեզի կառուցումը եւ Երեւանի Շենգավիթ համայնքի գիշերօթիկ մանկապարտեզի վերակառուցումը:
Կարդացեք նաև
«Հայաստան» համահայկական հիմնադրամ