Լրահոս
Օրվա լրահոսը

Կան երեխաների խնամքի հետ կապված դատական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել

Նոյեմբեր 02,2016 13:53

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 2016 թվականի նոյեմբերի 1-ին կազմակերպել է ակցիա՝ բարձրաձայնելով ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության ապօրինի գործողությունները: Մեր դիտակետում կան երեխաների խնամքի հետ կապված դատաական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել:

Շատ հաճախ, երբ դատական վճիռը վերաբերվում է երեխաներին, հարկադիր կատարման ծառայությունը թերանում է և իր լիազորությունները չի կատարում, կամ կատարում է իր լիազորություններից դուրս գործողություններ:

Ուզում ենք հիշեցնել, որ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

հարկադիր կատարողի պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարողները չեն կարող այնպիսի հարկադիր կատարման միջոցներ կիրառել, որոնք կատարողական թերթով նախատեսված չեն, սակայն շատ հաճախ հարկադիր կատարողները սահմանում են կատարողական թերթով չնախատեսված հարկադիր կատարման միջոցներ և պատասխանատվության չեն ենթարկվել:

Պահանջում ենք՝

Անհապաղ կատարել դատական վճիռները, որոնք օրինական ուժ են ստացել և մինչ օրս չեն կատարվել:
Պատասխանատվության ենթարկել այն հարկադիր կատարողներին, որոնք դրսևորել են կամայական մոտեցումներ և չեն կատարել դատարանով սահմանված վճիռները:
Կից ներկայացնում ենք նաև մի քանի դեպքեր, որոնք ընդգծում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության թերացումներն ու կամայականությունները:

Հասմիկ Խաչատրյան

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.09.2014 թվականին թիվ ԵԱՆԴ/1906/02/13 քաղաքացիական գործով կայացվել է վճիռ, որով որոշվել է Հասմիկ Խաչատրյանի երեխաների մշտական բնակության վայր սահմանել նրա բնակության վայրը: Դատարանի վճիռը 2015 թվականի մարտ ամսին մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիման վրա ստացվել է կատարողական թերթը և այն ներկայացվել է հարկադիր կատարման:

24.06.2015 թվականին հարուցվել է թիվ 01/09-376/15 կատարողական վարույթը, սակայն մինչ օրս դատական ակտի պահանջը չի կատարվել և Հասմիկ Խաչատրյանի որդին շարունակում է բնակվել հոր, այլ ոչ թե մոր՝ Հասմիկի հետ:

Տիգրան Խաչատրյան

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 31.10.2014 թվականին թիվ ԿԴ/1179/02/14 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով որոշել է Տիգրանի երկու երեխաներին՝ Լյուդմիլա ևՎահե Տիգրանի Խաչատրյաններին ետ վերադարձնել նրանց հորը՝ Տիգրան Խաչատրյանին:

Դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ և ներկայացվել է հարկադիր կատարման:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում 09.12.2014 թվականին հարուցվել է թիվ 07-9194/14 կատարողական վարույթը, սակայն դատական ակտի պահանջն այդպես էլ չի կատարվել:

05.06.2015 թվականին կատարողական վարույթն ավարտվել է՝ դատական ակտի կատարումն անհնարին լինելու հիմքով, սակայն 22.12.2015 թ. ՀՀ Վարչական դատարանը տվյալ որոշումն անօրինական է ճանաչել և վերացրել:

Դատական ակտի պահանջը կրկին չի կատարվել:

Արմինե Ավոյան

2014 թվականի դեկտեմբերի 11-ին Արմինե Ավոյանն ամուսնալուծվել է: Նախկին ամուսնու՝ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքից հեռանալով որդու՝ 6-ամյա Արմանի հետ, սակայն հետագայում ամուսնու հայրը խաբեությամբ խլել է երեխային:

Դատարանը թիվ ԱՐԴ /1220/02/14 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով որոշվել է, որ երեխան պետք է ապրի մոր հետ:

Դատարանի վճիռն անցել է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և մնացել է անփոփոխ: Սակայն Էջմիածին քաղաքի ԴԱՀԿ ծառայության որոշ աշխատակիցների կողմից կասկածի տակ է դրվում դատարանի վճիռը և մինչ օրս՝ ավելի քան մեկ տարի ձգձգվելով, ի կատար չի ածվում:

Լենա Հարությունյան

11.07.2016թ. Լենա Հարությունյանը հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կարեն Հարությունյանի, երրորդ անձ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխային մայրական կաթով կերակրելու խոչընդոտները վերացնելուն պարտավորեցնելու և անհապաղ նրան հանձնելու պահանջի մասին: Հարուցվել է թիվ ԵԿԴ/2828/02/16 քաղաքացիական գործը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր 12.07.2016թ. որոշմամբ բավարարել է Լենա Հարությունյանի միջնորդությունը, որոշել է՝

Հայցի ապահովման նպատակով արգելել պատասխանող Կարեն Կառլենի Հարությունյանին երեխա Սամվել Հարությունյանին մայրական կաթով կերակրելուն խոչընդոտել:

Որպես պահանջատեր 12.07.2016թ. տրված թիվ ԵԿԴ/2828/02/16 կատարողական թերթը ներկայացվել է կատարման: Ներկայացվել է նաև Դատարանի 12.07.2016թ. որոշումը, որի հիման վրա տրվել է այդ կատարողական թերթը: ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման բաժնում 18.07.2016թ. հարուցվել է թիվ 02056501 կատարողական վարույթը:

Հարկադիր կատարողը չի կատարել 12.07.2016թ. թիվ ԵԿԴ/2828/02/16 կատարողական թերթի պահանջը, նշելով, թե իբր պարզ չէ այն, մասնավորապես. Արդյո՞ք երեխան պետք է կերակրվի բացառապես Լ.Հարությունյանի կողմից՝ բնական եղանակով, թե մայրական կաթը կարող է երեխային տրվել դրա համար նախատեսված տարայով՝ հատուկ ծծակի օգնությամբ:

Հարկադիր կատարողը դիմել է նույն դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու պահանջով: Այդ դիմումը քննելու համար դատարանը հրավիրել է դատական նիստ, որին մասնակցել է նաև Կարեն Հարությունյանի ներկայացուցիչը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով 12.07.2016թ. տրված թիվ ԵԿԴ/2828/02/16 կատարողական թերթը պարզաբանելու մասին հարկադիր կատարողի դիմումը, իր 11.08.2016թ. որոշմամբ այն մերժել է:

Դատարանն ընդգծելով նշել է, որ. «Դատարանի ցանկացած վերլուծություն ու դիրքորոշում պետք է կատարվի կատարողական թերթով դատարանի կողմից արտահայտած դիրքորոշման լույսի ներքո»:

Դատարանի կողմից բերվել է նաև հետևյալ պատճառաբանությունը.

Դատարանը փաստում է, որ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին 12.07.2016թ. որոշումից հստակ երևում է, որ ցանկացած խոչընդոտ, որը կարող է խանգարել երեխային մայրական կաթով կերակրելուն պետք է վերացվի անկախ կերակրելու եղանակից, որը բխում է երեխայի լավագույն շահերից: Վերոգրյալը հիմք ընդունելով, Դատարանը գտնում է կատարողական թերթը պարզաբանելու մասին միջնորդությունն անհիմն և մերժման ենթակա¦:

Դատարանի 11.08.2016թ. որոշումից հետո հարկադիր կատարողը 13.08.2016թ. ժամը 16:00-ին ինձ հեռախոսազանգով հրավիրել է ք.Երևան, Հալաբյան 41 ա հասցեում գտնվող ԴԱՀԿ ծառայություն՝ կատարողական թերթի պահանջը կատարելու համար: Այցելելով նշված վայր տեղեկացել եմ, որ հարկադիր կատարողն երեխայիս բերել է իրենց մոտ, սակայն կատարողական թերթի պահանջը կատարելու համար իմ նկատմամբ սահմանել է նախապայմաններ, առանց որոնց հրաժարվել է կատարել կատարողական թերթի պահանջը: Հարկադիր կատարողի այդ նախապայմանները հետևյալն են՝

Առաջին՝ երեխայիս կարող եմ կերակրել 3 ժամը մեկ անգամ,
Երկրորդ՝ երեխայիս կերակրելուց հետո, հարկադիր կատարողը պետք է ինձանից ստիպողաբար վերցնի երեխայիս, այնուհետև կերակրման համար ինձ տրամադրի երեք ժամ անց և այդպես ամեն երեք ժամը մեկ անգամ, ստիպողաբար վերցնի, երեք ժամ հետո տրամադրի, դարձյալ ստիպողական վերցնեի, դարձյալ երեք ժամ հետո տրամադրի, յուրաքանչյուր օրվա ընթացքում 8 անգամ կերակրման համար տա, կերակրումից հետո ստիպողաբար վերցնի,
Երրորդ՝ ես կարող եմ այդ պայմաններով երեխայիս կերակրել միայն ԴԱՀԿ ապահովող ծառայության շենքում:

Հարկադիր կատարողը դրսևորել է կամայական մոտեցում, քանի որ նման ռեժիմ սահմանելու, նախապայմաններ առաջադրելու իրավասություն չի ունեցել: Այդ եղանակով հարկադիր կատարողը փոխել է դատական ակտի իմաստը, պահանջը, կատարման եղանակը, նպատակը, ակնհայտորեն հասկանալով, որ այդ պայմաններով և սահմանափակումներով չէր կարող կերակրել երեխայիս, այդ մոտեցմամբ ինձ և երեխայիս հետ հարկադիր կատարողը վերվել է կենդանու պես: Նա իրավունք չուներ կերակրման խոչընդոտները վերացնելու հետ միաժամանակ սահմանափակել կերակրումը կամ կերակրման պայմաններ սահմանել, ես իմ երեխային պետք է կերակրեի ըստ իրավիճակի, ըստ նրա պահանջների, որն օրինակ կարող էր լինել ամեն 30 րոպեն մեկ անգամ կամ ամեն 5 րոպեն մեկ անգամ, հարկադիր կատարողը չէր կարող որոշել կերակրման որևէ ռեժիմ:

Դատական ակտի պահանջը կրկին չի կատարվել:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. նելի մինասյան says:

    Ձեր հոդվածի Լենա Հարությունյանի ասածները սուտ են։ Նա հիվանդանոցում հրաժարվել ե կերակրել, խմել է դեղեր և կաթ երբեք չի ունեցել, լքել է երեխային հիվանդանոցում ու հեռացել։ Երեխայով ել հղիացել եր 15000$ ստանալու համար։ Ստախոսության համար Լենան կանգնած է դատարանի առայ։ Բարի եղեք ստուգել թե ինչ եք գրում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930