Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի վերաբերյալ

Նոյեմբեր 02,2016 13:46

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող կազմակերպությունների միություն, տարիներ շարունակ հետամուտ է եղել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրության մշակմանն ու ընդունմանը: Այսօր, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այս օրենքի նախագծի մշակման գործընթացին և դեռևս 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հայտարարել, որ սկսվում են աշխատանքները շահագրգիռ կողմերի և ոլորտում աշխատող մասնագետների հետ, կոալիցիայի ներգրավվածությունը բավարար չի ապահովվել:

Թեև տարբեր փուլերում հնչած հավաստիացումների, Կոալիցիան այդպես էլ չընդգրկվեց աշխատանքային որևէ գործընթացում և Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը մշակվեց ոչ մասնակցային և ոչ թափանցիկ ընթացակարգով: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցան բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին, սակայն գործընթացում ներառվելու հարցը առկախվում էր: Այնուամենայնիվ, բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 11-ին Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը հասանելի դարձավ նաև Կոալիցիային և առաջարկվեց ընդամենը մի քանի օր այդ տարողունակ փաստաթղթին ծանոթանալու և դիտարկումներ ներկայացնելու համար:

Մենք համարում ենք, որ որևէ կառույց, որը հասկանում է օրենքի բուն էությունն ու համապատասխանությունը միջազգային իրավական փաստաթղթերին, հրաշալիորեն հասկանում է, որ օրենքի նախագիծ ստեղծելը դա գործընթաց է, որը կատարվում է փուլային, այլ ոչ փաթեթային տարբերակով: Միաժամանակ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը ԵՄ նախապայմաններից է՝ բյուջետային աջակցության շրջանակներում։

Վստահ ենք, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրության նախագիծը առավել արդյունավետ կլիներ մշակել ոլորտում աշխատող և միջազգային փորձին տիրապետող մասնագետների ներառականության պարագայում:

Ամեն դեպքում, մենք ակնկալում ենք, որ կապահովվի մեր անմիջական մասնակցությունը, սակայն նման պատասխանատու որոշում ընդունելու համար մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե այսուհետ ինչ կարգավիճակով և որ խմբով պետք է աշխատանք տարվի օրենքի նախագիծը միջազգային չափանիշների պահանջներին բավարարելու համար:

Այդ աշխատանքը հիմնական աշխատանքային խմբից դուրս կատարելը համարում ենք ոչ էֆեկտիվ և ոչ կառուցողական: Առաջարկում ենք քննարկել մեր կողմից լիազորված փորձագետների մասնակցության ֆորմատի հարցը և վստահեցնում, որ դա միանգամյա միջամտությամբ չի կարող լուծվել: Գիտակցում ենք, որ սա գործընթաց է, և դրա համար պետք է հատկացվեն բավարար մարդկային և ժամանակային ռեսուրսներ։

Միաժամանակ հայտնում ենք, որ կոալիցիան պատրաստակամ է և նպատակահարմար է գտնում մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ներկայացնել Ձեզ իր փորձագետների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ առաջադրված նկատառումները՝ առկա բացթողումների և իրավակարգավորման արդյունավետ գործնական մեխանիզմների մշակման և դրանց կիրարկման մասով;

Սակայն մինչ այդ նշում ենք այն բացերը, որոնք առակա են «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում, որոնք սկզբունքային և ելակետային են մեզ համար.

Օրենքը պետք է հիմնվի գենդերային զգայունության, զոհակենտրոն մոտեցման և հակախտրականության սկզբունքների վրա;

Օրենքը պետք է նախատեսի ընտանեկան բռնության քրեականացում, ինչպես նաև, ի թիվս բռնության այլ ձևերի (ֆիզիկական, սեռական, տնտեսական, հոգեբանական), տարբերակի վերահսկողական վարքը, որպես անձի մոտ վախ առաջացնող սպառնալից գործողություն:

Օրենքով պետք է նախատեսված լինի անկախ համակարգող մարմնի ստեղծումը, որը պետք է ղեկավարի տվյալ մարմնի կողմից ընտրված Նախագահը:

Օրենքը պետք է նախատեսի համայնքային, պետական և տարածաշրջանային մակարդակներում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը՝ ուղղորդող խիստ մեխանիզմներով:

Օրենքը պետք է ներառի օրենքների փոփոխությունների հարակից փաթեթ, որը պետք է համակարգված կարգավորի ոլորտը՝ բացառելով որևէ սողանցք՝ արդարադատությունից խուսափելու համար:

Հաշվի առնելով երեխաների և մտավոր խնդիրներ ունեցող անձանց (անգործունակ անձանց) բարձր խոցելիության աստիճանը, օրենքը պետք է նախատեսի առանձին հոդված՝ այդ անձանց պաշտպանության և նրանց նկատմամբ հանցավոր գործողությունների քրեական հետապնդմանն ուղղված կանոնակարգերի ներառմամբ:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930