Կառավարության ներկայացրած 2017թ. բյուջեի ծրագրում փոքր ծավալով, բայց պաշտպանության ծախսերի ավելացում է նախատեսվում: Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Այն վարկային ծրագիրը ՌԴ-ի հետ, որը միտված էր ռազմական տեխնիկայի անհրաժեշտ պաշարը ձեւավորելուն, ըստ էության, ապահովված է՝ վեց պայմանագրեր սկսել են գործել: Մինչեւ մյուս տարվա կեսերը բանակում լուրջ համալրումներ կունենանք, թեեւ հիմա էլ գործընթացը կա»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին՝ նա նշեց, որ վերջինիս ծավալները մոտենում են օրենքով նախատեսված սահմանին, որից այն կողմ իրավունք չունենք պարտքեր ձեւավորել. «Փորձենք 2017թ. աշխատանքներն այնպես կազմակերպել, որ նոր պարտքեր ձեւավորելու անհրաժեշտությունից խուսափենք: Պետք է նախապայմաններ ստեղծվեն՝ հանրային կյանքում ավելի արտադրողական մոտեցումներ ձեւավորելու համար: Սա Կառավարության ներկայացրած բյուջեի ծրագրի գաղափարախոսությունն է: Ընդ որում, սա արվում է առանց որեւէ սոցիալական ծրագիր կրճատելու: Բյուջեի հիսուն տոկոսն ունի սոցիալական ուղղվածություն՝ առողջապահական, հաշմանդամություն ունեցողների խնդիրների առնչությամբ»:
ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ ասաց, որ գազի սակագնի իջեցումը հունվարի մեկից կլինի իրողություն. «Խոսքն առհասարակ գազի սակագինը բնակիչների եւ գործարարների համար իջեցնելու մասին է խոսքը: Էներգակիրների ծախսերի կրճատումը կնպաստի տնտեսական աշխուժացմանը: Սա կառավարության առաջին լուրջ ձեռքբերումն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ