Այսօր ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկումն էր: Մասնավորապես քննարկվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հատկացումներն ու ծախսերի հարցը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ բավականին տխուր բյուջե է. «Հուսադրող ոչինչ չկա, սոցիալական ոլորտի հատկացումները ավելացել են, բայց դա այն քանակը չի, որ դու ոլորտում ինչ-որ բան փոխեք: Սոցիալական վիճակը փաստորեն երկրում չի փոխվելու»:
Նա հարցրեց նախարարին, որ խոսակցություններ կան գազի, էլեկտրաէներգիայի սակագների նվազման վերաբերյալ, ասենք, նվազում են սակագները, բնականաբար, սոցիալական վիճակի վրա դա որոշ չափով ազդում է: Հասկանում ենք, որ արտադրվող ապրանքի ինքնարժեքը այս նվազման արդյունքում իջնում է, բայց կյանքը ցույց է տալիս, որ որեւէ ապրանքի գինը չի իջնում՝ անկախ սակագների փոփոխություններից: Նա հարցրեց՝ կառավարությունը մեխանիզմներ ունի՞, որ վերահսկվեն գները եւ ժողովուրդը իր վրա զգա ազդեցությունը:
Նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականները ուղղակի ազդեցություն են ունենալու սոցիալական ոլորտի վրա: Սոցիալական խոցելի խավերի, գյուղատնտեսական վերամշակողների եւ այլն, այս ամբողջը բերելու է սոցիալական խնդիրների լուծման. «Արտադրողները շահագրգռված են հնարավորինս մեծ արտադրանք իրացնել, ուստի գները նվազեցնելու են ինքնաբերաբար: Վստահ եմ, որ շատ դրական ազդեցություն է ունենալու մեր երկրի, մեր քաղաքացիների, մեր տնտեսության վրա»:
Կարդացեք նաև
Լյուդմիլա Սարգսյանը հույս հայտնեց, որ այս անգամ նախարարը ճիշտ դուրս կգա: Պատգամավորը նաեւ մտահոգություն հայտնեց. «Երեկ ձյուն էր եկել եւ անվադողերի խնդիր ունեին, պարզվեց, որ անվադողերի գինը կրկնակի աճեց՝ 15 հազարից մինչեւ 50 հազար: Երբ անհրաժեշտություն է առաջանում մասսայական, որեւէ մեկը չի կարողանում կանխել գնաճը: Ես չեմ տեսնում այն մեխանիզմները, որով կարող եք քաղաքացուն պաշտպանել նման ոտնձգություններից»:
Նախարարը պատասխանեց, որ շուկայական տնտեսությունում ենք ապրում եւ ամեն ինչ որոշվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ