Այսօր ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկումն էր :
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ հերոսական ռեֆորմատոր Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ 18 հազար նպաստը հանեցին, ասացին, որ գործազուրկներին կապահովեն աշխատանքով, արդեն անցել է 2.5 տարի ծրագրից, քանի՞ գործազուրկ է կենտրոններում ուսուցանվել եւ աշխատանքով ապահովվել: Նա նաեւ հարցրեց կենտրոնների տեղը, որ պատգամավորներով այցելեն, տեսնեն որտեղ են տեղաբաշխվել պետբյուջեի փողերը:
Արտեմ Ասատրյանն ի պատասխան հրավիրեց Նաիրա Զոհրաբյանին ուսումնասիրելու: Նա ասաց, որ 2016-ին 969 անձ ընդգրկվել է ծրագրում, որոնց 87.2 տոկոսը դարձել է կայուն զբաղված, այսինքն, ուսուցման ծրագրի ավարտից հետո անձը աշխատել, աշխատավարձ է ստացել, եկամտահարկ կատարել եւ այլն:
Նախարարն ասաց, որ այս տարի ծրագրում ընդգրկվել է 843 անձ եւ կարող են ուսուցում իրականացնող կենտրոնների հասցեները տալ պատգամավորին: Նա ասաց, որ աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռություն կա, կան անմրցունակ անձինք: Պետական ծրագրերը ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց: Պետությունը թիրախավորում է երկարատեւ գործազուրկներին, անմրցունակներին եւ ծրագիրը առաջին հերթին ուղղում այդ անձանց: Միջոցները սահմանափակ են, տարվա ընթացքում շուրջ 15 հազար անձ էլ տեղավորվում է աշխատանքի զբաղվածության գործակալության միջոցով:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ գործազրկության նպաստը 6 տոկոս կայուն զբաղվածության գործակից ուներ, այս ծրագիրը՝ ավելի քան 75 տոկոս:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց 2016-ին քանի՞ երեխա է որդեգրվել ՀՀ-ում եւ քանի երեխա է տեղափոխվել ՀՀ-ից դուրս: Նա հարցրեց՝ կարողանո՞ւմ ենք հետեւել, թե ինչ միջավայրում է մեծանում երեխան: Նախարարը պատասխանեց, որ այս պահին ձեռքի տակ թիվ չկա, ավելի ուշ կտրամադրի: Նա ասաց, որ օտարերկրացիների պարագայում որդեգրման լիազոր մարմինը արդարադատության նախարարությունն է. «Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրումներին, դա չերեւացող աշխատանք պետք է լինի, գաղտնի է որդեգրումը եւ սոցիալական աշխատողը չի կարող անընդհատ տունայց կատարել»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Եթե երկիրը, որտեղ ապրում ենք, շատ ծանր վիճակում է, ապա ձեր մոտ կատաստրոֆայի շեմին եք»: Նա ասաց, որ այն դաշտը, որը սպասարկում է նախարարությունը, մոտ 700 հազար մարդ է: Առկա բնակչության քանակի հետ համեմատած թոշակառուների դաշտը 30 տոկոսից ավելի է, մեկ եկամուտ բերողին 7 թոշակառու կա, պետք է եւ իրեն կերակրի, եւ այն 7-ին: Արդյունքում՝ գները թանկանում են, եկամուտ ապահովողները գնում:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ մեկ Հրանուշ Հակոբյանի դաշտն է մեծանում, որովհետեւ դառնում է համայն սփյուռքի նախարար եւ Արտեմ Ասատրյանի դաշտը՝ թոշակառուների նախարար, ուրիշ բան տակը չի մնալու. «Առանց ռադիկալ փոփոխությունների՝ այստեղ պայթյուն է սպասվում, ամենեւին չեմ չափազանցնում: Որտե՞ղ է ձեր լավատեսությունը, ես համակարգը, լուծումը չեմ տեսնում»:
Նա ասաց, որ հո Արտեմ Ասատրյանի նախարարությունը միջոցառումների նախարարություն չէ, ռազմավարություն չկա, որ ներքին լուրջ մարտահրավերները լուծեն:
Նախարարը չհամաձայնեց, որ ռազմավարություն չկա: Նա ասաց, որ իրենց խնդրն է, որ պետբյուջեով հատկացված յուրաքանչյուր դրամը առավել հասցեական արդյունք ապահովի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ