Մանրամասներ Կարեն Կարապետյանի 2017 թվականի խոստումներից
Կարեն Կարապետյանի կառավարությունը հրապարակել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն հանրային քննարկման է դրված: Հազարավոր էջերում բազմաթիվ հետաքրքիր ձեւակերպումներ կան, որոնք ապացուցում են, որ իշխանության գալուց` 1995-ից մինչ օրս, արդեն 21 տարի, Հանրապետականը միայն խոսել է, գործ չի արել:
Ըստ նախագծի՝ երկրորդային քաղաքների զարգացման համար նախատեսվում են Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ քաղաքներում ծրագրերի իրականացման համար վարկային միջոցների ներգրավման բանակցություններ, վարկային պայմանագրի ստորագրում եւ վավերացում: Ծրագրերում կընդգրկվեն նաեւ Արտաշատ, Աշտարակ, Սեւան, Ստեփանավան, Ծաղկաձոր քաղաքները, եւ այս համայնքների համար զարգացման ծրագրեր կմշակվեն: Վատ չի: Բայց 2011 թվականի հունիսի 9-ին ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Գորիս քաղաքը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն, 2010 թվականի սեպտեմբերի 9-ին նույն կառավարությունը հաստատել էր Սյունիքին հարեւան Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Պասկեւիչի կամրջին հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր ստեղծելու ծրագիր, 2009-ի հուլիսի 23-ին կառավարությունը որոշել էր Կոտայքի մարզի Գողթ գյուղում համանման ագրոզբոսաշրջային կենտրոն ստեղծել, 2008 թվականի սեպտեմբերի 18-ին կառավարությունը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր զբոսաշրջային կենտրոն հայտարարել: Այս ամենի արանքում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը պետք է դառնար ֆինանսաբանկային կենտրոն, Շիրակի մարզի Գյումրի քաղաքը՝ տեխնոպարկ, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ լավ ծրագրերի պակաս չկա:
Կա դրանք ձեւի համար չընդունելու եւ իրականացնելու հստակ անհրաժեշտություն:
Զավեշտալին այն է, որ Ջերմուկի ծրագիրը մշակել է այն ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը, Վայքի ծրագիրը՝ քաղաքաշինության, իսկ Գորիսի ծրագիրը՝ մշակույթի նախարարությունը: Ով ինչ ուզել՝ արել է, անկախ իրեն վերապահված իրավունքների եւ պարտականությունների շրջանակից: Գուցե հենց սա է ծրագրերի առատության պարագայում գործերի եւ իրական արդյունքների բացակայության պատճառը: Օրինակ՝ Ջերմուկի ծրագիրը պետք է արդյունքներ տար արդեն 2012-ին` «միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, առողջարանային եւ ձմեռային զբոսաշրջային կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության կենտրոն, ունենա տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն եւ դրանից տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ…»: Իսկ այսօր` 2012-ից չորս տարի անց, Ջերմուկում կենտրոնական այգին ճահիճ է, իսկ բակերն անբարեկարգ են:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանի կառավարությունը մտադիր է ազատվել ամեն տեսակի ավելորդ օղակներից` ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ եւ այլն: Եթե ազատվեն նաեւ գեղեցիկ, բայց անպետք ծրագրերից, հաստատ ոչինչ չենք կորցնի, գուցե ինչ-որ բան շահենք: Լավ կլինի, եթե ազատվեն նաեւ նախկին գեղեցիկ ծրագրերի իրականացման պատասխանատուներից, որ նոր ծրագրերն էլ հների նման թղթի վրա եւ գզրոցներում չմնան:
Ռոբերտ Նազարյանը գիտի, բայց չի ասում
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը օրերս Ազգային ժողովում հայտարարեց, որ չի բացառվում, որ հունվարի 1-ին գազի սակագինը վերանայվի, իսկ մինչեւ փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագինը: Երկուսն էլ իջեցվելու են՝ ավետեց Նազարյանը: Այս հայտարարությունից օրեր առաջ կառավարությունն արդեն Ազգային ժողովի եւ հանրության դատին էր հանձնել 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն այս օրերին քննարկվում է խորհրդարանական հանձնաժողովներում:
Ու թեեւ Նազարյանը հստակ թվեր չի ասում, բյուջեի նախագծում կան ձեւակերպումներ, որոնք վկայում են, որ ամեն ինչ վաղուց որոշված է, մնում են ձեւականությունները` հանձնաժողովի նիստ-միստ, որոշում-մորոշում եւ այլն: Իսկ սա նշանակում է, որ այն, ինչի մասին Հայաստանում խոսում են 1997 թվականից (երբ ձեւավորվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, որն էլ տարբեր անուններ ստացավ եւ 2004-ից կրում է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով անունը), հանձնաժողովն անկախ եւ ինքնուրույն չէ, թեեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի վեցերորդ հոդվածի համաձայն՝ «Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով եւ այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում»: Կառավարությունում որոշում են որեւէ ծառայության սակագին իջեցնել` հանձնաժողովը համաձայնում է, որոշում են բարձրացնել` հանձնաժողովը համաձայնում է:
Դառնանք բյուջեի նախագծին:
Նախագծում գրված է. 2017-ին «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով ծախսերը 2016-ի համեմատ կնվազեն 30,3 միլիոն դրամով, որից 6,4 միլիոնը` պայմանավորված էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազմամբ: «Ջրատեխնիկական կառույցների ուսումնասիրություններ» ծրագրի ծախսերը կնվազեն 0,3 միլիոնով` դարձյալ նույն պատճառով: «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին կտրամադրվի 2016-ի համեմատ 3,9 միլիոնով պակաս սուբսիդիա` պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման արդյունքում էլեկտրաէներգիայի գծով ծախսի նվազմամբ: «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանն էլ կտրամադրվի քիչ սուբսիդիա` պայմանավորված հանրապետությունում էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազմամբ: Եվ այսպես շարունակ: Եթե դեռ հայտնի չէ, թե որքան է նվազելու գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը, որ խավի կամ որ ձեռնարկության համար` ինչքան, էդ կառավարությունում ինչպե՞ս են հաշվել, որ այդ նվազման արդյունքում այս կամ այն ծախսը կնվազի հստակ այսքան կամ այնքան:
Ես ուրախ եմ, որ նման նվազում է լինելու: Տխրում եմ, որ կառավարման մարմինները ձեւականությանն են տուրք տալիս: Լավ չէ՞ր լինի բյուջեի նախագիծը բերելիս ասեին` «հաշվել ենք, այսքան գազը կէժանանա, այսքան` լույսը»: Տարիներ շարունակ լավ բան չեն արել, որ հիմա չեն կարողանում լավ բանը պատշաճ մակարդակով անել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
01.11.2016