Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ հոգեկան խնդիրներ ունեցողի բնակարանի գործով

Նոյեմբեր 02,2016 14:30

Հոկտեմբերի 25-ի «Առավոտ» օրաթերթում եւ հոկտեմբերի 26-ին «aravot.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Հոգեկան խնդիրներ ունեցող հաշմանդամի տունն աճուրդի է հանվել, իսկ նա տեղյակ չի» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ չուշացավ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության արձագանքը:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում էր. «Ռաֆայել Նալբանդյանից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթը դեռեւս 25.09.2016թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա, քանի որ պարտապան Ռաֆայել Նալբանդյանը ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2016թ. թիվ ԵԷԴ/0122/04/16 վճռով ճանաչվել է սնանկ։ Հետեւաբար, հարկադիր կատարման ծառայությունը որեւէ առնչություն չունի հոդվածում նշված նոյեմբերի 10-ին կայանալիք աճուրդի հետ»։

ԴԱՀԿ ծառայությունը հորդորել էր զանգվածային լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ ապատեղեկատվության տարածումից։

Հոգեկան խնդիրներ ունեցող Ռաֆայել Նալբանդյանի Գլինկա փողոցի վրա գտնվող բնակարան եմ գնացել ահազանգի հիման վրա: Շատ դժվար էր զրուցել իրավազուրկ, անհավասարակշիռ, հուզական արձագանքներ ունեցող մեկի հետ, որը դատարան չի ներկայացել, որի խնդիրն «օդում» է, ինչպես իր «պարտքը», ինչն առիթ էր դարձել դատական գործընթացների: Տեղեկանալով սնանկության որոշման մասին ԴԱՀԿ ծառայության պատասխանից, փորձեցի ձեռք բերել հենց այդ որոշումը:

Ռաֆայել Նալբանդյանն «Առավոտին» ասաց, թե իր բնակարան է այցելել այս տարվա սեպտեմբերի 14-ի դատարանի որոշմամբ իր գործով սնանկության կառավարիչը՝ Արամ Մկրտչյանը: Ի դեպ, Ռաֆայել Նալբանդյանի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովն էլ նշանակվել է նոյեմբերի 10-ին, ժամը 12.45-ին եւ ոչ թե աճուրդը, որի մասին տեղեկացրել էին նրա հարազատները:

Այդ ժողովը տեղի կունենա Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

ruz2

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի որոշմամբ, հանձնարարվել էր սնանկության գործով կառավարչին, ոչ ուշ, քան սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:

Հիշեցնենք, որ ավտովթարի հետեւանքով Նալբանդյանի երկու երեխաների մահվան պատճառ դարձած, հետախուզման մեջ գտնված վարորդի ընտանիքը, որպեսզի փոխհատուցում տար, Ռ. Նալբանդյանը իր հարազատին է դիմել, նրանից ստացել կեղծ թուղթ այն մասին, թե իբր պարտք է: Ռ. Նալբանդյանն ասում է. «Փոխառության պայմանագիրը կնքվել է, որպեսզի իմ զավակներին վթարի ենթարկած վարորդից գումար պահանջելու հիմք հանդիսանա, այսինքն՝ իմ կողմից կատարված բժշկական ծախսերը հիմնավորող միջոց լինի: Իրականում ինձ Ժորա Գասպարյանը գումար չի տվել»: Նկատենք, որ մի երեխան մահացել էր անմիջապես՝ տեղում, իսկ մյուսի կյանքն այդպես էլ բժիշկներին չի հաջողվել փրկել:

«Պարտապան» հոր մահից հետո նրա որդին, որի գտնվելու վայրը մայրն էլ չգիտեր եւ այդ մասին ասել էր հեռախոսով Ռաֆայելի քրոջը, պահանջում է չարաբաստիկ 9 միլիոն դրամ «պարտքը»: Միայնակ, թոշակառու հայրն ասում է մեզ, որ իրականում նրանք են իրեն պարտք: Դատական գործընթացների փուլում մի անգամ էլ արգելանք էր դրվել նրա հիվանդության նպաստի վրա, որը հետագայում հանվել էր, իսկ մեր՝ Ռաֆայել Նալբանդյանի տանը գտնվելու ժամանակ նա ցույց տվեց նաեւ այդ որոշումը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

 

«Առավոտ»

01.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930