Մոսկվաբնակ երիտասարդ լուսանկարիչ, ռեժիսոր Արթուր Մկրտչյանը նվաճումներ է գրանցել միջազգային ֆոտոմրցույթներում եւ ցուցահանդեսներում: Արվեստագետը Հայաստանում ծրագրել է իրականացնել VR (Virtual Reality) ոլորտում ֆիլմի ստեղծում, որն արդեն նախատեսված է ներգրավել 2017թ. հունիսին Վենետիկում անցկացվող ամենամյա բիենալեի ծրագրում:
«Առավոտի» հետ զրույցում Արթուր Մկրտչյանը հավաստիացրեց, որ հարցումներ է անցկացրել Մոսվկայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում եւ այլուր, բայց VR շարժական ֆիլմի ստեղծման խնդրի լուծում ոչ մի տեղ չեն կարողացել առաջարկել: Խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է նշանակում VR ֆիլմ: «Ամբողջական ֆիլմ VR ոլորտում դեռեւս չկա, բայց առանձին դրվագներ, հետաքրքիր լուծումներ՝ խաղերի, փորձարկումների տեսքով կան, գոյություն ունեն տարածական՝ 360 աստիճանի լուսանկարի տեսքով աշխատանքներ: Բայց կրկնում եմ՝ ամբողջական ֆիլմ այս ոլորտում դեռեւս աշխարհում ստեղծված չէ: Իսկ տեխնոլոգիան հետեւյալն է. հանդիսատեսը հագնում է հատուկ էլեկտրոնային սաղավարտ, որի միջոցով դիտում է լուսանկարը՝ տարբեր անկյուններից ու տարբեր դիրքերից, կարճ ասած՝ սաղավարտի օգնությամբ մարդը հայտնվում է բացարձակապես մեկ այլ աշխարհում եւ ինքը կարող է սեփական ցանկությամբ կառավարել, թե ինչ դիրքից է ուզում դիտել առաջարկված լուսանկարը: Այս նույնը գործելու է ֆիլմը դիտելիս»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրությանը, թե նման ֆիլմ ստեղծելու գաղափարը ինչու չի իրականացնում Մոսկվայում, Արթուր Մկրտչյանը պատասխանեց. «Ինձ համար անսպասելի խնդրի տեսական-գործնական- կատարողական լուծումը, ընդ որում՝ բոլոր հարցերի սպառիչ պատասխաններով, գտա Հայաստանում, հայ գիտատեխնոլոգիական կազմի կողմից (Interactive World- www.iw.am): Նախնական հետազոտական իսկապես ծավալուն աշխատանքի արդյունքում համատեղ որոշել ենք, որ ֆիլմը պետք է ստեղծվի Հայաստանում: Այն ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների մինչ այժմ չիրականացված գործունեություն է եւ նախնական հետազոտության արդյունքում մեր թիմը ի վիճակի է իրականացնելու աշխարհում քննարկվող, բայց դեռ նմանը չունեցող VR առաջին ֆիլմի ստեղծումը»:
Կարդացեք նաև
Ռեժիսորը վստահեցնում է, որ ամեն ջանք կգործադրեն, որպեսզի ֆիլմի ֆինանսավորումը լինի միայն Հայաստանից, որ ակնկալվող հսկայական եկամուտները մնան մեր երկրում:
Զրույցի ընթացքում ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմում «նկարահանվելու» (ծրագրավորելու) համար նախնական համաձայնություն է ձեռք բերված այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են աշխարհի ամենաերկարակյաց մոդել, 92-ամյա Կարմենը, դերասաններ Մոնիկա Բելուչին, Սոֆի Լորենը եւ այլն:
Հարցին՝ հայ դերասաններ կհրավիրվե՞ն, ռեժիսորն ասաց, որ մեր արտիստներից լինելու է միայն Ազգային օպերային թատրոնի բալետային խումբը: Ռեպլիկին՝ եթե նախագիծը տապալվի կամ, ասենք, ուշանա բիենալեից, մեր զրուցակիցը վստահ է. «Գոնե այսօր տապալումը բացառում եմ, բայց եթե բիենալեից ուշանանք, ապա կկազմակերպվեն պրեմիերաներ, ասենք՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում… Իսկ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ֆիլմը բիենալեում ներկայացնելուց հետո նույնիսկ գովազդի կարիք չի լինի: Հակառակը՝ նման համաշխարհային նվաճումից հետո պետք է կարողանալ մի կերպ ապահովել հերթագրված երկրների անվերջանալի ցանկը, որոնք իրենց մոտ կուզեին տեսնել տեխնոլոգիական նվաճումը»:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Արթուր Մկրտչյանի լուսանկարչական արվեստին, ինչին Հայաստանում դեռեւս ծանոթ չեն: Այդ առիթով արվեստագետը հայտնեց. «Ցանկություն ունեմ առավելագույնը ներկայացնելու հայրենիքում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
01.11.2016