Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի հունվար-սեպտեմբեր 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ըստ այդմ, «Գազպրոմ Արմենիան» առաջատարն է: Այս ընկերությունը նշված ժամանակահատվածում վճարել է 29.8 միլիարդ դրամ հարկ, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը կրկին առաջատարն էր, բայց վճարել էր 31 միլիարդ 29 միլիոն դրամի հարկ:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 2-րդ տեղում «Գրանդ Տոբակոն» է: Ի տարբերություն այլ ընկերությունների, որոնց հարկերը պակասել են այս տարի, «Գրանդ Տոբակոն» այս տարի ավելի շատ հարկ է վճարել՝ 16.5 միլիարդ դրամ, անցյալ տարի վճարել էր՝ 10 միլիարդ 120 միլիոն դրամ:
Չնայած, որ հազար խոշոր հարկատուների ցանկում «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը անցյալ տարվա պես նույն 3-րդ տեղում է, բայց նախորդ տարվա 9 ամիսների համեմատ, այս տարի ավելի քիչ հարկ է վճարել՝ 15.5 միլիարդ դրամ, անցյալ տարի՝ 16.7 միլիարդ դրամ հարկ:
4-րդ տեղում Հայաստանի էլեկտրական ցանցերն է՝ 14 միլիարդ դրամ վճարած հարկով, անցյալ տարի նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ը վճարել էր 13 միլիարդ 730 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
ՀԷՑ-ին հաջորդում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որի վճարած հարկերն են՝ ընդհանուր 11 միլիարդ 103 միլիոն դրամ: «Ալեքս Գրիգն» անցյալ տարվա 9 ամիսներին վճարել էր 11 միլիարդ 949 միլիոն դրամ հարկ:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղում Թեղուտ ընկերությունն է, որը ընդհանուր առմամբ վճարել է 10.7 միլիարդ դրամ, այս ընկերությունն էլ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ է վճարել, անցյալ տարի «Թեղուտը» վճարել էր 3 միլիարդ 811 միլիոն դրամ:
7-րդ տեղում «Ղ-Տելեկոմն» է, այս ընկերությունը վճարել է 10.7 միլիարդ դրամ: Այս ընկերությունն անցյալ տարի խոշոր հարկատուների ցանկում 4-րդն էր, վճարել էր 13.7 միլիարդ դրամ:
8-րդ տեղում ՝ վառելիքի բիզնեսով զբաղվող «Սիփիէս օիլ քորփորեյշն» (CPS ) ընկերությունն է՝ որն, ընդհանուր առմամբ վճարել է 9.9 միլիարդ դրամ հարկ, անցյալ տարի CPS-ը վճարել էր 6 միլիարդ 777 միլիոն դրամ: Այս ընկերությանը ցանկում հաջորդում է կրկին վառելիքի բիզնեսով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որն այս տարի ավելի քիչ հարկ է վճարել: Ընկերության այս տարվա վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմում է 9 միլիարդ 213 միլիոն դրամ, անցյալ տարի վճարել էր՝ 9 միլիարդ 261 միլիոն դրամ հարկ:
Խոշոր հարկատուների 10-րդ տեղում «Արմենիա տելոֆոն կոմփանին» է (Բիլյանը), այս ընկերության ընդհանուր վճարած հարկերը 9.1 միլիարդ դրամ է: Բիլայնն անցյալ տարի վճարել էր 11 միլիարդ 826 միլիոն դրամ:
Հեռահաղորդակցման մյուս օպերատորներից «Յուքոմն» այս տարի վճարել է 3 միլիարդ 66 միլիոն դրամ հարկ, իսկ անցյալ տարի՝ 1 միլիարդ 166 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Յուքոմ» ընկերությունը գնեց բջջային օպերատոր ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը:
Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ն այս տարվա 9 ամիսներին վճարել է 8.4 միլիարդ դրամ հարկ, անցյալ տարի ՀԱԷԿ-ը վճարել էր 6 միլիարդ 767 միլիոն դրամ:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելի շատ հարկ է վճարել, քան անցյալ տարի. ընկերության այս տարվա վճարած հարկերը կազմել են 7.5 միլիարդ դրամ է, իսկ անցյալ տարի՝ 3.4 միլիարդ դրամ:
Ոսկու հանքերի շահագործմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն էլ այս տարվա 9 ամիսներին վճարել է 7.4 միլիարդ դրամ հարկ, անցյալ տարի՝ 3 միլիարդ 65 միլիոն դրամ: Հանքարդյունաբերական այս ընկերությանը հաջորդում է «Ինթերնեյշնլ Մասիս տոբակն է», որն այս տարի վճարել է 7.2 միլիարդ դրամ հարկ, իսկ անցյալ տարի՝ 422 միլիոն դրամ:
Ցանկի 15-րդ տեղում ծխախոտ ներմուծող «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է. այն վճարել է 6,7 միլիարդ դրամ, այս ընկերության անցյալ տարվա վճարած հարկերը կազմել են 5, 8 միլիարդ դրամ: 16-րդ տեղում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է, այն վճարել է 6.6 միլիարդ դրամ հարկ, անցյալ տարի այս ընկերությունը վճարել էր 5.2 միլիարդ դրամ:
17 –րդ տեղում «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատն է, այս տարվա 9 ամիսներին վճարել է ընդհանուր առմամբ 5.1 միլիարդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս կոմբինատը հազար խոշոր հարկատունեի ցանկում զբաղեցնում էր 2-րդ տեղը, վճարել էր 19 միլիարդ դրամ հարկ:
Հազար խոշոր հարկատուների ցանկում 18-րդ տեղում է «Գազպրոմ Արմենիայի» «Տրանսգազ» ընկերությունը, որը վճարել է 3.8 միլիարդ դրամ, անցյալ տարի այս ընկերությունը վճարել էր 4 միլիարդ 14 միլիոն դրամ:
19-րդ տեղում «Ավերս» ընկերությունն է, որը «Դավիդոֆֆ», «Վեստ», «Կառելիա» «Բրիլիանտ» ծխախոտների եւ կոնյակի եւ գինու ներմուծմամբ եւ վաճառքով է զբաղվում: «Ավերսն» այս տարի վճարել է 3 միլիարդ 604 միլիոն դրամ, իսկ անցյալ տարի՝ 3.4 միլիարդ դրամ: Ծխախոտի բիզնեսով զբաղվողներն այս տարի ավելի շատ հարկ են վճարել, քանի որ այս տարվա մայիսին ուժի մեջ մտավ «Ակցիզային հարկի» լրացված ու փոփոխված օրենքը, որով բարձրացվում էր ծխախոտի, բենզինի, ոգելից խմիչքների եւ դիզվառելիքի համար սահմանված ակցիզային հարկերը:
20-րդ տեղում «Գրանդ Քենդին է», որը վճարել է 3 միլիարդ 601 միլիոն դրամ, անցյալ տարի այս ընկերությունը վճարել էր 3 միլիարդ 347 միլիոն դրամ հարկ:
21-րդ տեղում Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններին պատականող «Օնիրա քլաբ» խաղատուն-ժամանցի կենտրոնն է: Այս ընկերությունն էլ այս տարվա 9 ամիսներին վճարել է 3 միլիարդ 528 միլիոն դրամ հարկ, իսկ անցյալ տարի՝ 3 միլիարդ 563 միլիոն դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ