Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներում ` ԱՄՆ կառավարության` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկվելու համա՞ր

Նոյեմբեր 01,2016 19:21

Հայաստանի` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) ծրագրի երկրորդ փուլի մասնակցության հարցը տնօրենների խորհուրդը կորոշի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ից հետո, երբ ՀՀ-ն դիմեց ծրագրի երկրորդ փուլի մասնակցության համար, դիմումը մերժվեց` պատճառաբանությամբ, թե ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի վերահսկելու պահանջի ցուցանիշը սահմանված նորմայից ցածր է եղել:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Մեդիամաքսին» տեղեկացրել են, որ Հայաստանի մասնակցության հարցն այսօր հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է:

Ի՞նչ է փոխվել 2008-ից ի վեր և արդյոք ՀՀ-ն շանսեր ունի՞ ընդգրկվելու ծրագրում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առանձնապես լավատես չէ: Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով իրավապաշտպանը հիշեց, որ երբ ՀՀ-ն դուրս մղվեց այդ ծրագրից, Լևոն Բարսեղյանը դիմել էր պատճառն իմանալու համար, սակայն այդպես էլ պատասխան չտվեցին:

Ըստ լուրերի` ցուցակից դուրս մնալու պատճառներից մեկը մարտի 1-ն էր ու կոռուպցիայի խնդիրները: Ավետիք Իշխանյանի փաստմամբ` մինչև մարտի 1-ի զոհերի հարցը մնում է առկախ, բաց, դատական համակարգը անկախ չէ հատկապես երկրի նախագահից, կառավարման համակարգում գերիշխում է կոռուպցիան: Պարոն Իշխանյանն ասաց. «Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի կառավարման ամբողջ համակարգը կառավարվում է կոռուպցիայով: Միայն չինովնիկների հայտարարագրած գույքն ինչ ասես` արժի, էլ չեմ ասում բիզնեսը»:

Ավետիք Իշխանյանն այս համատեքստում պատահական չի համարում այն, որ նրանցից որևէ մեկը քաղաքական ինչ-ինչ անհամաձայնություններ ունենալու դեպքում էլ երբեք հրաժարական չի տալիս, քանի որ ողջ կոմպրոմատը նրա գլխին կկոտրվի: Իրավապաշտպանն օրինակ բերեց Գագիկ Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին. «Անցյալ տարվա` ՀՀ նախագահի ջախջախումը Գագիկ Ծառուկյանին, և նրա կողմից որևէ քայլ չանելը նորից կապված էր դրա հետ, Հովիկ Աբրահամյանի` իր կարիերայի համար չպայքարելը ևս կապված է դրա հետ: Սա է Հայաստանի պատկերը»:

Ավետիք Իշխանյանի համար զարմանալի չի լինի, եթե ՀՀ-ն ներգրավվի ՀՄԿ ծրագրում, քանի որ որոշումը լինելու է քաղաքական: Հետաքրքրվեցինք` Ռուսաստան-արևմուտք հարաբերություններն այստեղ դերակատարություն կունենա՞ն, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Կան շատ խորքեր, նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները: Չեմ բացառում, նույնիսկ հավանական եմ համարում Հայաստանի ընդգրկվելը`ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից»:

Մեր այն դիտարկմանը, անշուշտ, Հայաստան ֆինանսական հոսքերի առումով դրական կլինի ծրագրում ներգրավվելը, բայց մյուս կողմից էլ դա չի՞ նշանակի, որ ՀՀ իշխանությունների մոտ մարդու իրավունքների, ժողովրդավարության ապահովման առումով ձգտումը կնվազի, քանի որ ԱՄՆ-ից այլևս սպասելիքներ չեն ունենա, պարոն Իշխանյանն արձագանքեց. «Կարող էի ասել` ստիպված են քայլեր անել, եթե գոնե ինչ-որ քայլեր արվեին Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ազատ արձակման առումով, քաղբանտարկյալների հարցը լուծված լիներ, Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը մինչև հիմա բանտում չլինեին»:

Փաստեցինք, թե իշխանությունները մինչև դեկտեմբեր ժամանակ ունեն, հետևաբար հնարավո՞ր է համաներման անվան ներքո վերոնշյալ անձինք ազատ արձակվեն: Պարոն Իշխանյանը չբացառեց. «Հնարավոր է համաներման անվան տակ որոշ անձինք բաց թողնվեն` նաև կապված մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների հետ: Նման լարված վիճակով ընտրությունների գնալը իշխող կուսակցության համար բարդ հարց է»:

Պարոն Իշխանյանը նշեց, թե ցանկալի կլիներ, որ Հայաստանի առաջ որոշ պայմաններ դրվեին Հազարամյակների մարտահրավերներ ծրագրում ներգրավվելու դեպքում. օրինակ` այդ օգնությունը կապված լիներ խորհրդարանական ընտրությունների որակի հետ. «Իհարկե, ինչ-որ պայմաններ կդրվեն, բայց եթե խոսքը իշխանության պահպանմանն է վերաբերվում, ապա այդ դեպքում ո՛չ «Հազարամյակների մարտահրավերները», ո՛չ Հայաստան-Եվրամիություն պայմանագրերը առաջնային չեն իշխանությունների համար: Նրանց համար առաջնային է իշխանություն պահելը. մտածում են` մյուսները կլինեն, շատ լավ, չլինեն, իշխանությունը կպահենք մի կերպ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930