«Ինձ էլ է հետաքրքիր, թե իրենց ի՞նչն է տուժել, որ առողջ ման են գալիս եւ դատական նիստ են եկել, տեսաք՝ դատական նիստերի դահլիճ են եկել»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով 44 տուժողներին, ասաց նրանց պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Նա նշեց, որ դեռ պարզ չէ, թե նրանցից ովքեր ինչ վնասվածքներ են ստացել, սակայն իր տեղեկություններով՝ նրանցից որեւէ մեկը էական վնասվածք չի ստացել: Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ բոլոր 44 տուժողներն էլ ոստիկաններ են:
«Մեղադրանքի հիմքում դրված են ոստիկանների ցուցմունքները եւ տեսանյութը, բայց տեսանյութը ոչինչ չի ապացուցում: Չի երեւում՝ Արարատը խփում է, թե՞ չի խփում, պարզապես քաշքշուք է ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Իսկ Արման Առաքելյանի վերաբերյալ չկա որեւէ ապացույց»,- ասաց նա:
Արա Ղարագյոզյանը ընդգծեց, որ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա անձը չի կարող կալանքի տակ գտնվել. «Իմ 2 պաշտպանյալներն էլ անօրինական գտնվում են կալանքի տակ, որը տեսաք այս 3 ամիսների ընթացքում պարբերաբար բողոքարկվեց, գրավի միջնորդություններ ներկայացվեցին, որոնք չբավարարվեցին: Նույնիսկ դատավորն առանց պաշտպանական կողմի դատական նիստեր անցկացրեց: Սա ապացուցում է, որ մենք չունենք արդարադատություն եւ իրականացվում է քաղաքական պատվեր»:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Իսկ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
«որեւէ մեկը էական վնասվածք չի ստացել»
այսինքն, Հայաստանում կարելի է մէկուն հարվածել, վրան բաներ նետել, սակայն եթէ վնասվածքը էական չէ, դա հանցագործություն չի՞
երեվի Օրէնքը այդպէս է, միայն երբ որ հարվածը ստացողը ոստիկան է… քանզի ան մարդ չի…
………………………………………………….
«ընդգծեց, որ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա անձը չի կարող կալանքի տակ գտնվել »
իրապէ՞ս… ոստիկանի վկայությունը, օրինապէս, չեղեա՞լ է Հայաստանում…
այստեղ եւս, երեվի միայն ոստիկանի պարագային այդպէս է…
քանզի ան մարդ չէ
………………………………………………………..
իրոք բացառիկ են Հայաստանի փաստաբանները… եւ միշտ, ինչ լա՜ւ են բացատրում Օրէնքը հանրության եւ իրենց հաճախորդներին