Այսօր Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մարզում դեֆիցիտ կա, պարտքեր կան եւ ինքը պետք է փորձի այդ պարտքերը փակել:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչու եք այդքան վատ ժառանգություն ստացել՝ մարզպետն ասաց, որ նման բան ինքը չի ասել. «Խոսքը գնում է համայնքների բյուջեի դեֆիցիտի մասին, որը մշտապես գոյանում է տարվա վերջ: Այս տարվա ընթացքում դա գոյացել է բնական պայմաններից, այսինքն՝ օբյեկտիվ պայմաններից: Դա նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, սակագների բարձրացումը, ինչի հետեւանքով ստեղծվել է դեֆիցիտ»:
Մարզպետը վստահեցրեց, որ արտառոց ոչինչ չի եղել եւ Սուրիկ Խաչատրյանին արդարացրեց՝ ասելով, որ դա բացարձակ մարզպետի աշխատանքի հետ կապ չունի. «Մարզպետարանի հետ էլ կապ չունի»:
Վահե Հակոբյանը մեր հարցին՝ ի՞նչ եք Դուք անելու Սյունիքում, որ Սուրիկ Խաչատրյանը չէր կարողանում անել՝ պատասխանեց. «Ես չեմ կարող ասել նախկին մարզպետն ինչ էր անում, ես կարող եմ ասել, որ ես անելու եմ այն, ինչ վերաբերում է նախ Սյունիքում բնակվող սյունեցու բարեկեցիկ եւ բարիդրացիական կոմֆորտ պայմաններում ապրելու, ոչ թե գոյատեւելու»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ սյունեցու կյանքի որակը փոխվելու է. «Ձգտելու եմ, որ փոխվի»:
Մեր դիտարկմանը, որ բյուջեն խոստումնալից չէ՝ մարզպետն արձագանքեց. «Ես բյուջեի վրա առանձնահատուկ հույս էլ չեմ դնելու: Ես այսօր շատ լավ պատկերացնում եմ ընդհանրապես երկրի բյուջեի վիճակը, եւ ինչ հիմա հատկացրել է կառավարությունը, կաշխատեմ դրանով բավարարվել»:
Մեր հարցին՝ այսինքն, ձեր պաշտոնավարման հետ հույսեր կարելի է կապել՝ նա պատասխանեց. «Ենթադրում եմ, որ այո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ