Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր
Վերլուծական շարքի նախորդ՝ Ռուս-թուրքական սիրիական սիրախաղ՝ ղարաբաղյան ելևէջներով մասում[1] հանգամանորեն ներկայացվել էին ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ակտիվացման մասին պաշտոնական հայտարարություններն ու մեկնաբանությունները Երևանից, Բաքվից, Անկարայից ու Մոսկվայից:
Դրանց հոկտեմբերյան դինամիկան վեր էր հանել բավական ուշագրավ մի միտում. մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակի վերջը ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի դերի ակտիվացման մասին խոսակցությունները և դրանց վերաբերյալ Մոսկվայի հաստատող արձագանքը կամ հերքման բացակայությունն ավելի սպառնալից ու մտահոգիչ էին Երևանի համար, քան դրանից հետո, երբ Ռուսաստանում արդեն ավելի մեծ անհստակությամբ ու ընդհանրական ձևակերպումներով էին խոսում այդ մասին:
Կարդացեք նաև
Դիտարկված օրինաչափության պատճառները, ինչպես նշվել էր, թաքնված են ոչ այնքան դրանց կապակցությամբ պաշտոնական Երևանի դրսևորած անհանգստության ու կոշտ հայտարարություններում, որքան Մերձավոր Արևելքում՝ իրաքյան ու սիրիական թատերաբեմերում Թուրքիայի խուսանավումների մեջ, որոնք մերթ գոհացնում էին Մոսկվային, մերթ՝ մտահոգում:
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև աշնանից բռնկված զուգախաղը՝ տարբեր տարածաշրջաններում ու բնագավառներում՝ անվտանգության, էներգետիկայի, առևտրի ու տնտեսության, վթարի ենթարկված հարաբերություններն ու համագործակցությունը վերականգնելու մտադրությամբ, իրավամբ նշանակալի իրադարձություն էր: Եվ տակավին կարիք կա հասկանալու, թե առայժմ հակաամերիկյան հենքի վրա տակտիկական բնույթ կրող այդ համագործակցությունը որքանո՞վ է տևական կամ ռազմավարական նշանակության, որքա՞ն է հավանականությունը, որ այն կդառնա երկարատև գործընթաց՝ Հայաստանի ու Արցախի համար իր հնարավոր հետևանքներով:
Հայաստանի համար այլևս նորություն չպետք է լինի ընդհուպ այլ տարածագոտիներում ու խնդիրներով թուրք-ռուսական որևէ համագործակցության դեպքում ղարաբաղյան խնդրի շոշափումը, քանի որ Թուրքիան միշտ փորձել ու փորձելու է այդ համատեքստում իր և կրտսեր դաշնակից Ադրբեջանի համար հարակից օգուտներ նույնպես կորզել:
Ղարաբաղյան հակամարտության սիրիական համատեքստը որքան էլ դեռևս թույլ է արտահայտված, այդուհանդերձ, Երևանում այն չպետք է ուշադրության կենտրոնից դուրս մնա: Այն կարող է շատ էպիզոդիկ ու հանկարծակի ազդել, ինչպես օրինակ 2012թ., երբ Բաքուն զայրացավ միջազգային օրակարգում սիրիական խնդրի գերկարևորման փաստից ու որպես սիրիական թեմատիկայով ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան ու մերձավորարևելյան ուղևորության դեմ դեմարշ՝ նրան դիմավորեց հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներով ու հակամարտության թեժացմամբ՝ հասկացնելով, որ այս հակամարտությունը պակաս վտանգավոր չէ, քան սիրիականը:
Անշուշտ այժմ կարծես թե սիրիական ճգնաժամի ազդեցությունն այլ կերպ է դրսևորվում Հարավային Կովկասի վրա՝ առաջին հերթին ԱՄՆ-Ռուսաստան առանցքով դիմակայության խորացման տեսքով, որտեղ Թուրքիան մարտավարական խուսանավումների մեջ է, թեպետ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման դեպքերի թիվը նույնպես աճում է:
Հետևաբար, Հայաստանի ու Արցախի՝ Կովկասի վրա այդ խորացող ճգնաժամի բոլոր տեսակի ազդեցություններն ու դրանց ռիսկերը գնահատելու համար չափազանց կարևոր է մնում մերձավորարևելյան թատերաբեմում կատարվողի ըմբռնումը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԵՔ ՎԵՐՔԵՐԸ. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ՓԵՇՄԵՐԳԱՆ ԵՎ ՄՈՍՈՒԼԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո երկրում ծավալվող հակաժողովրդավարական զարգացումները զգալիորեն թունավորեցին Արևմուտքի ու հատկապես Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերություններն այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանի հրահանգով հազարավոր զինվորականներ, մտավորականներ, լրագրողներ ձերբակալվեցին ու խոշտանգվեցին, վարչական շրջանների ղեկավարներ ազատվեցին կամ փակվեցին հարյուրից ավելի լրատվամիջոցներ: Կատարվածը լրջորեն մտահոգեց Եվրոպային ու ԱՄՆ-ին, որն արտահայտվեց վերջիններիս՝ Թուրքիայի ղեկավարությանն ուղղված նրանց մտահոգություններում ու քննադատություններում:
Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները սկսեցին էլ ավելի սրվել, երբ երկրի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպիչ հռչակեցին ԱՄՆ-ում ապաստանած թուրք հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին ու Վաշինգոնի առջև նրան արտահանձնելու պահանջ առաջադրեցին, իսկ վերջինս էլ դրա համար փաստական ապացույցներ պահանջեց ՝ մինչև օրս դիվանագիտորեն ձգձգելով ու այդ կերպ մերժելով Անկարային:
Սակայն թվարկվածից զատ ևս մեկ խնդիր կար, որին ակնդետ հետևում էին թե՛ Անկարայում, թե՛ Մոսկվայում, և որը հավելյալ բարդություններ էր խոստանում ամերիկա-թուրքական հարաբերություններում: Խոսքը Մոսուլի ազատագրման երկար սպասված ռազմական գործողությունների մասին է, որի նախապատրաստական աշխատանքները վաղուց էին սկսվել, սակայն տարեվերջին պետք է պսակվեին քաղաքն ԻԼԻՊ/ԴԱԵՇ-ից վերջնականապես հետ վերցնելու աննախադեպ մասշտաբի գրոհով:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ այդ քաղաքն Իսլամական պետության խմբավորումներին հաջողվել էր գրավել 2014թ. հունիսի 1-ից մինչև 10-ը տևած մարտերի արդյունքում՝ երկրի պաշտպանական ուժերի բավականին թույլ դիմադրության պայմաններում: Թեպետ հենց քաղաքի անկումից հետո Իրաքի ղեկավարությունն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսեց մշակել քաղաքը վերանվաճելու պլան, այդուհանդերձ, 2015 և 2016թթ. իրականացված հարձակողական գործողություններում սոսկ քիչ առաջխաղացումներ գրանցվեցին:
Ըստ որում, Մոսուլի հարակից մի շարք բնակավայրերի ազատագրման գործում հատկապես աչքի ընկան ԱՄՆ վարչակազմի ու Պենտագոնի աջակցությունը վայելող քրդական ինքնապաշտպանական ուժերը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներ (YPG) անվանումով ոստիկանությունը կամ Փեշմերգան, որը Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) ռազմական թևն է: Անկարան այդ երկուսին էլ կապում է Քրդական բանվորական կուսակցության (PKK)-ի հետ ու ահաբեկչական ճանաչում՝ ԱՄՆ-ից նույնպես պահանջելով դադարեցնել նրանց ցուցաբերվող աջակցությունը:
Աշնանն ընդառաջ Մոսուլի վերջնական ազատագրման գործողությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն մոտենում էին ավարտին՝ թե՛ անհրաժեշտ թվով զորամիավորումներ վարժեցնելու, թե՛ նաև նրանց լոգիստիկ ու օպերացիոնալ աջակցության ծրագրավորման առումով, ինչի մասին Անկարան և Մոսկվան տեղյակ էին անգամ պաշտոնական լրահոսից: Ի վերջո, թուրքական ավելի քան 2000 հրահանգիչներ 2015թ. տարեվերջից տեղակայված են Իրաքի քրդական ինքնավարության «Բաշիկա» ռազմաբազայում և նույնպես ներգրավված են տեղական ուժերի վարժեցման գործում:
Այսպես. արդեն օգոստոսի 3-ին Իրաքում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը ոչ միայն Դամասկոսում, այլև Էրբիլում քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ քննարկում էր[2] Մոսուլի գործողությանը հնարավոր ու սպասելի հետևանք փախստականների հարցը լուծելու՝ քաղաքի հետազատագրական կառավարման պլանը: Օգոստոսի 8-ին նախագահ Բարզանին Էրբիլում Իրաքի Ազգային անվտանգության խորհրդական Ֆալիհ ալ-Ֆայադհի հետ ընդունել էր[3] ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Բրեթ ՄաքԳուրկին ու Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Ստյուրատ Ջոնսին և զեկուցում էր Մոսուլի ազատագրման գործողությունների պլանավորման առաջընթացն ու այդ գործընթացում Բաղդադի և Էրբիլի կորդինացիայի հարցերը: Եվ այսպես շարունակ:
Մինչդեռ Մոսուլի ազատագրումը Մոսկվայի ու Անկարայի համար տարբեր պատճառներով ցանկալի չէր:
Անկարայի պարագայում դա նշանակում էր առնվազն բախվել երկու մահացու հետևանքների. տարածաշրջանում (հետևաբար նաև Թուրքիայի ներսում), ինչպես նաև՝ ԴԱԵՇ-ի դեմ պայքարող Միջազգային կոալիցիոն ուժերի համար քրդական գործոնի ուժեղացումն ու կարևորումը, քանի որ Մոսուլի ազատագրման գործողություններում նրանց վերապահվող դերակատարումն ահռելի է. նախ՝ ԴԱԵՇ-ի կողմից վերահսկվող Մոսուլի շրջանը երեք կողմերից շրջապատված է հենց քրդերի վերահսկողության տակ գտնվող օղակով, ապաև՝ քրդական ստորաբաժանումները բավականին մարտունակ են դարձել վարժանքների ու տեղում ռազմական գործողությունների արդյունքում ձեռքբերած փորձառության հաշվին: Երկրորդը՝ այդ գործողության հաջողությամբ պսակվելուց հետո Անկարայի ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում առավել ևս չպահանջված ու անցանկալի էր դառնում, հատկապես, երբ նախորդած շրջանում Բաղդադի ու Անկարայի միջև այդ խնդրով վեճը քանիցս տարբեր ուժգնությամբ բռնկվել էր, երբ Իրաքի կենտրոնական իշխանությունները պահանջել էին հեռանալ երկրից:
Մոսկվայի համար դրանք այլ հետևանքներով էին հղի. Մոսուլի վերագրավումը սպառնում է հօգուտ ԱՄՆ-ի էապես փոխել մերձավորարևելյան քաոսի ստատուս քվոն ու ուժերի հավասարակշռությունը, որը «կայուն ու խրոնիկական» բնույթ էր ստացել 2015թ. սեպտեմբերին՝ նաև Ռուսաստանի «հակաահաբեկչական» ներխուժմամբ: Դրա արդյունքում դեպի սիրիական թատերաբեմ ու դրա հովանավորության տակ գործող Ասադի վարչախմբի դեմ կարող էին ուղղվել ոչ միայն իրաքյան թատերաբեմում պարտված, այլ նաև հաղթած դերակատարները՝ այնտեղից դուրս մղված Իսլամական պետության գրոհայիններից մինչև պրոամերիկյան խմբավորումներ, որոնք Ասադի հակառակորդներն են:
Երկուսն էլ չափազանց մտահոգված էին, որ անխուսափելի թվացող ու պատկերացող հետագա զարգացումներն ավելի արագ կհանգեցնեն Սիրիայի մասնատմանը, հատկապես, երբ միջազգային հարթակներում ավելի էին ինտենսիվացել այդ թեմայով արտահայտվող կարծիքները՝ որպես սիրիական քաոսը վերացնելու միակ ելք, իսկ գարնանը հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռքբերած մյունխենյան պայմանավորվածությունները պահպանվեցին սոսկ մի ընթացք և ոչ ավելին:
Ըստ այդմ, թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան ի սկզբանե շահագրգռված չէին Մոսուլի գործողության հաջողությամբ, ավելին՝ շահագրգռված էին դրա տապալմամբ, եթե այն հետագայում առավել ևս նպաստելու էր Սիրիայի մասնատմանը: Մինչ Մոսկվան գիտակցում էր, որ այդ ամենին ներսից խոչընդոտելու լծակներ չունի, և պլանավորվող գործողության վրա ազդելու իր միակ լծակը սիրիական թատերաբեմն է ու այնտեղ իր կողմից վերահսկվող դերակատարները, ապա Անկարան գերնպատակ դրեց ամեն գնով՝ թե՛ գործողության, թե՛ դրանից հետո «շրջանի կայունացման գործընթացի» մասնակիցը դառնալ: Ասել է թե՝ Անկարայի թիրախն այդ ամբողջ գործընթացում իր ներգրավվածության միջոցով Իրաքի քրդական ինքնավարությունում մնալն ու ներսից անջատողականության մեկնարկը թույլ չտալն էր:
Այդքանից հետո բնական ու սպասելի էր, որ Թուրքիայի այսպիսի հեռահար նպատակներին քաջատեղյակ ԱՄՆ-ը և Իրաքի կենտրոնական իշխանություններն ամեն ինչ պետք է անեին Թուրքիային գործողություններից հնարավորինս հեռու պահելու համար: Իսկ Ակարան չէր դադարում բարձրացնել երկու հարց. ինքը պետք է ներգրավված լինի Մոսուլի ազատագրման գործողություններում, և Փեշմերգան ու շիա խմբավորումները չպետք է մտնեն Մոսուլ:
Օգոստոսի 20-ին Իրաքի քրդական ինքնավարության նախագահականն ընդհուպ հայտարարություն տարածեց Մոսուլի գործողություններում Փեշմերգայի մասնակցության հիմնավորվածության մասին, ինչի առաջին հասցեատերը դրանից անհանգստացող Անկարան էր: Պաշտոնական Էրբիլը դրա համար 4 պատճառ էր վկայակոչել.
«Առաջինը՝ ներկայումս Քուրդիստանի շրջանի գլխավոր առաջնահերթությունն Իսլամական պետության ահաբեկիչների դեմ պատերազմն է: Փեշմերգայի ուժերն անցած երկու տարիներին իրենց դերն են ունեցել և կոտրել են ԻԼԻՊ-ի միֆը: Երկրորդը՝ Մոսուլի ազատագրումը, կարևոր է Քուրդիստան շրջանի, Իրաքի, Մերձավոր Արևելքի ու ամբողջ աշխարհի համար: Ի հավելումն դրա ռազմական ասպեկտի՝ հումանիտար ու քաղաքական հետևանքները Քուրդիստան շրջանի, Իրաքի ու տարածաշրջանի վրա պետք է հաշվի առնվեն: Երրորդ, ազատագրված Մոսուլը մեծ նշանակություն ունի Քուրդիստան շրջանի և Նինվեի գավառի ժողովրդի ու համայնքների համար: Պետք է Մոսուլ քաղաքի ու Նինվե գավառի կառավարման հարցում քաղաքական համաձայնության հասնել բոլոր կողմերի միջև, որպեսզի գավառի էթնիկական ու կրոնական համայնքների անդամների նկատմամբ հնարավոր ողբերգությունները կանխվեն, և լիակատար երաշխիքներ տրվեն Մոսուլ քաղաքի բնակչությանն ու գավառի բոլոր համայնքներին: Չորրորդ, Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում Փեշմերգայի դերի կապակցությամբ. Քուրդիստանի շրջանը հավատարիմ է մնում շրջանի, Իրաքի կառավարության և Կոալիցիոն ուժերի միջև նախորդ և այդ երեք կողմերի միջև ապագայում կնքվելիք բոլոր համաձայնագրերին»[4]:
Այս վերջին հիմնավորմամբ Էրբիլն ակնհայտ էր դարձնում, որ Փեշմերգայի մասնակցությունը եռակողմ համաձայնության արդյունք է, դրա որոշողն ինքը չէ, և այն արդեն կանխավ որոշված է:
Օգոստոսի 23-ին Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին անգամ պաշտոնական այց կատարեց Անկարա և հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Էրբիլի նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության[5] համաձայն՝ «Նախագահներ Բարզանին և Էրդողանը քննարկել են թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում Իսլամական պետության ահաբեկիչների դեմ ռազմական ջանքերը, և որ Թուրքիան կշարունակի սատարել ահաբեկչության դեմ պայքարող ուժերին: Նախագահ Բարզանին իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի աջակցության կապակցությամբ և ցավակցությունները հղել շաբաթվա սկզբին Ղազիանթեփում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի սիրելիներին ու հարազատներին»: Անկարան ընդամենը տեղեկացրեց[6], որ փակ դռների հետևում առանց լրատվամիջոցների 1 ժամ 50 րոպե տևած հանդիպմանը, ի թիվս Գյուլենի՝ դպրոցները Իրաքի քրդական ինքնավարության շրջանում փակելու և այլ հարցերի, կողմերը քննարկել են «տարածաշրջանային գործընթացներն ու ահաբեկչության, այդ թվում՝ ԴԱԵՇ-ի ու PKK-ի դեմ պայքարը»:
Օգոստոսի 24-ին, երբ Բարզանին Անկարայում շարունակում էր իր հանդիպումները, ու այդ օրը պաշտոնական այցով Թուրքիա էր այցելել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, թուրքական զինուժն արդեն Սիրիայի հյուսիսում գործողության էր դիմել, որի թիրախը հենց քրդական տարրն էր…
ԲԱՑԱՀԱՅՏ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ. «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 24-ին թուրքական զինուժը «Եփրատի վահան» անվանումով ռազմական գործողություն իրականացրեց[7] Սիրիայի հյուսիսում, որի ընթացքում թուրք զինվորականներն առաջին անգամ ուղղակիորեն ու բացահայտ համակարգեցին Սիրիայի տարածք ռազական ներխուժումը և հենց առաջին օրը գրավեցին Ջարաբլուս քաղաքը:
Չունենալով միջազգային մանդատ կամ պաշտոնական Դամասկոսի հրավերը՝ Թուրքիայի համար Սիրիայի հյուսիսում ուղղակիորեն ռազմական գործողություններ իրականացնելու առիթ դարձան օգոստոսի 21-ին Ղազիանթեփում իրականացված ահաբեկչությունը՝ արյունոտ հարսանիքն[8] ու դրան նախորդած այլ ահաբեկչական ակտերն Անկարայում, Ստամբուլում, Էլիազիգում, որոնց համար Թուրքիայի նախագահը հավասարապես մեղադրում էր թե՛ Իսլամական պետությանը՝ ԴԱԵՇ-ին, թե՛ քրդական խմբավորումներին, թե՛ անգամ գյուլենականներին: Իսկ գործողության «լեգիտիմության» հիմնավորում դարձավ թուրքական պետության ազգային անվտանգությանն ուղղված վտանգներից, այդ թվում՝ անդրսահմանային, նրա «ինքնապաշտպանության իրավունքը»:
Հենց գործողության մեկնարկի օրը պաշտոնական Անկարան հավաստիացրեց ԱՄՆ-ին ու միջազգային հանրությանը, թե Սիրիայում դրա նպատակը սահմանակից Ջարաբլուս քաղաքում ու հարակից տարածքում ԴԱԵՇ-ին արմատախիլ անելն ու Սիրիայի հետ սահմանի երկայնքով ահաբեկչական խմբավորումներից զերծ գոտի ստեղծելն է: Այդ կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն մասնավորապես հայտարարեց[9], թե նպատակը «ԴԱԵՇ-ի ահաբեկիչներին Թուրքիայի սահմաններից հետ շպրտելն ու Սիրիայի հյուսիսից դեպի երկրի խորքերը մղելն է»: Ավելին, Չավուշօղլուն փորձեց այն նաև լեգիտիմացնել ավելի վաղ ամերիկա-թուրքական համաձայնեցված պլանով՝ ընդգծելով սակայն, որ ԱՄՆ-ն իր պարտավորությունը չի կատարել.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստացան HIMARS հրթիռային համալիրներ տեղակայել թուրք-սիրիական սահմանին, սակայն, ցավոք, դեռևս դա չեն արել: Ներկայումս գործողության մեջ ներգրավված են Թուրքիայի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները: Միաժամանակ մենք օգտագործում ենք նաև այլ առկա հնարավորություններ: Սիրիական չափավոր ընդդիմության ուժերը նույնպես շարժվում են դեպի այդ տարածաշրջանը: Թուրքիայի ԶՈւ-երը համապատասխան միջանցք ստեղծելու համար անում են հնարավորինը: Այդպիսով, Թուրքիայի ԶՈւ-երն այդ տարածաշրջանում գործում են պլանին համապատասխան: Օդային աջակցության հարցով մենք համագործակցում ենք միջազգային կոալիցիայի հետ»:
Ոչ պակաս կարևոր էր այն, որ Թուրքիայի արտգործնախարարը HIMARS հրթիռային համալիրներով ԱՄՆ աջակցության պարտավորության մասին հիշեցնելուց բացի նաև պահանջեց, որպեսզի տարածաշրջանում նրա դաշնակիցներ հանդիսացող ու Պենտագոնի աջակցությունը վայելող YPG/PYD-ի ստորաբաժանումներն անհապաղ վերադառնան Եփրատի արևելյան ափը. «ԱՄՆ-ը դա խոստացել է, իսկ մենք համապատասխան պայմանավորվածություն ենք ձեռքբերել: Նախազգուշացնում եմ, որ հակառակ դեպքում մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք»,-հայտարարել էր Չավուշօղլուն:
Այդ նույն օրն այցով Անկարայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրիմի հետ համատեղ ասուլիսում նախ հարկադրված եղավ դատապարտել[10] ռազմական հեղաշրջման փորձն ու հերքել տարածված լուրերը, թե իբր Վաշինգտոնը տեղեկություններ է ունեցել դրա նախապատրաստման մասին, սակայն գործընկերոջը չի տրամադրել՝ այդ կերպ փորձելով փարատել կատարվածին ԱՄՆ-ի՝ թեկուզև լռելյայն մասնակցության մասին լուրերը: Իսկ «Եփրատի վահան» գործողության կապակցությամբ էլ ԱՄՆ փոխնախագահը թեպետ հրապարակավ ոչինչ չհայտարարեց ու չողջունեց այն բացի ասելը. «Թե՛ YPG-ի զինյալները, թե՛ Բաշար Ասադի կառավարական ուժերը ոչ մի դեպքում չպետք է անցնեն Եփրատ գետի մյուս ափը: Անցնելու դեպքում նրանք (YPG) չեն ստանա ԱՄՆ աջակցությունը»: Այդ խնդրով Անկարա-Վաշինգտոն պայմանավորվածությունը համատեղ ասուլիսում վերահաստատել էր նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրիմը[11]:
Միաժամանակ, ԱՄՆ-ը չէր խուսափել գործողությանն իր մասնակցությունից. «Մենք Թուրքիայի հետ սինխրոն ենք գործում: Եթե դա լինի օդային գործողություն, ապա մենք կաջակցենք օդից»,-լրատվամիջոցներին հայտնել էր Բայդենին ուղեկցող ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան[12]: PYD-ի կապակցությամբ էլ պաշտոնյան հաստատել էր, որ նրա հետ կապված սիրիական ժողովրդավարական ուժերը մի քանի օր առաջ շարժվել են Մանբիջ (թուրքերեն՝ Մյունբիչ) քաղաքից հյուսիս, սակայն իրենց ունեցած տեղեկություններով հետ են քաշվում, ինչի մասին տեղեկացվել է նաև թուրքական կողմը:
Գյուլենի արտահանձնումից մինչև Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությանն ԱՄՆ-ի ու կոալիցիոն ուժերի աջակցության հարցերը քննարկվել էին նաև Թուրքիայի նախագահի ու ԱՄՆ փոխնախագահի հանդիպման ընթացքում:
Սակայն, նախ թուրքական զինուժի կողմից սիրիական Ջարաբլուս քաղաքի անխոչընդոտ և դյուրին գրավման փաստը հաստատեցին տեղից ստացվող այն զեկույցներն ու պնդումները, թե իրականացված գործողության իրական և սկզբնական թիրախը հենց քրդական YPG/PYD ուժերն են: Վերջիններս Ջարաբլուսի շրջանում ամրապնդվել էին այն բանից հետո, երբ արդեն մեկ շաբաթ առաջ Իսլամական պետությունն այնտեղից հանել էր իր գրոհայիններին… Ավելին, հետագայում պարզ դարձավ, որ թուրքական «զինուժի հետ համագործակցող սիրիական չափավոր ընդդիմության ստորաբաժանումների» մեջ են մտնում ոչ միայն Ազատ սիրիական բանակի (FSA), այլև որոշ զեկույցների գնահատմամբ՝ նույնիսկ Ալ-Քաեդայի հետ կապված Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ խմբավորման ստորաբաժանումները[13]:
Օգոստոսի 25-ին Habertürk, Show TV և Bloomberg HT հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրիմը նաև փակագծեր էր բացել[14] «Եփրատի վահան» գործողության քրդական թիրախի կապակցությամբ. «Այդ երկրում (Սիրայում-Ս.Ս.) պետք է իրենք՝ սիրիացիներն ապրեն: Մենք թույլ չենք տա, որ PYD-YPG տարրերը գրավեն այդ հողերը և փորձեն պահպանել ստատուս քվոն: Սիրիական ընդդիմադիրները վերահսկողություն հաստատեցին Ջարաբլուսի նկատմամբ և սկսեցին վերահսկողություն ապահովել հարակից գյուղերի նկատմամբ: Ամբողջ տարածքը, այդ թվում՝ բուն Ջարաբլուսը, պետք է մաքրվեն PYD-ից և YPG-ից»:
Վարչապետը նաև «ճիշտ չէր համարել գործողության իրականացման կապելը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ու հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանիի՝ Անկարա կատարած այցելության հետ», այլ դա պայմանավորել էր Թուրքիայի սահմանների մոտ ստեղծված լուրջ վտանգով: Նա վերստին հնչեցրել էր ԱՄՆ-ի խոստումը, որ PYD-ը պետք է վերադառնա Եփրատի արևելյան ափ՝ պահանջ դնելով, որ դա կատարվի նաև Մանբիջում. «PYD-ի գրոհայինները, որոնք գտնվում են նաև Մանբիջում, պետք է անցնեն գետի արևելյան ափը: Դա ԱՄՆ պարտավորությունն ու երաշխավորությունն է Թուրքիային: Մեր գործողությունները կշարունակվեն մինչև պայմանավորվածությունների իրացումը: Մենք պետք է վստահ լինենք, որ ոչինչ մեր երկրին չի սպառնում»:
Ռազմական գործողության հաջորդող օրերին, երբ թուրքական զինուժն ու նրա հետ համագործակցող ուժերը Ջարաբլուսը վերցնելուց հետո ժամերի ընթացքում վերահսկողության տակ առան նաև Ամարնա, Յուսեֆ Բեք և Այն ալ-Բայդա գյուղերը, որոնց մասին խոսել էր վարչապետը, ու սկսեցին շարժվել Մանբիջի ուղղությամբ, որը YPG-ը և արաբ գրոհայինները մեկ շաբաթ առաջ ԱՄՆ օդուժի աջակցությամբ ԴԱԵՇ-ից հետ էին վերցրել ու շրջանով մեկ զգալի ներկայություն ապահովել իրենց տեղական դաշնակիցների օգնությամբ, առավել պարզ դարձավ, որ Մանբիջը թուրքական զինուժի գլխավոր թիրախն է հենց YPG-ի ու այնտեղ կատարված ռեվերսի համար:
ԱՄՆ-ից ու Արևմուտքից լուրջ քննադատություններ հնչեցին Անկարայի հասցեին անմաքուր խաղեր խաղալու համար, ինչը վկայում էր, որ Մանբիջի մասով ԱՄՆ-ը հավանաբար պարտավորություն չի ստանձնել Անկարայի առջև: Համոզվելով նախորդ շաբաթավերջին ու հատկապես կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, թուրքական զինուժի իրական թիրախի՝ YPG-ի հարցում, երբ Անկարան ինքն էլ հայտարարեց[15], որ «25 քուրդ ահաբեկիչ» է վերացրել, ԱՄՆ պաշտպանության քարտուղարությունն օգոստոսի 29-ին դատապարտեց թուրքական ուժերի և YPG-ի միջև բախումները՝ դրանք համարելով “անընդունելի,” իսկ կողմերին էլ կոչ անելով անհապաղ թուլացնել լարվածությունը[16]. «Մենք ուզում ենք հստակ դարձնել, որ այն տարածքներում, որտեղ ԻԼԻՊ չկա, այդ բախումներն անընդունելի և խոր մտահոգության առարկա են: Մենք կոչ ենք անում բոլոր զինված դերակատարներին կանգ առնել»,-վերաշարադրելով Պենտագոնի դիրքորոշումը՝ հայտարարեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ հատուկ բանագնաց Բրեթ ՄաքԳուրքը:
Նույն օրն ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարթերը Թուրքիային կոչ արեց չթիրախավորել սիրիական ապստամբների քրդական տարրերին. «Մենք կոչ ենք արել Թուրքիային… կենտրոնացած մնալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրա և չներգրավել սիրիական պաշտպանության ուժերին, և անցած մի քանի օրերի ընթացքում մենք մի քանի զրույցներ ենք ունեցել»:
Ի պատասխան Վաշինգտոնից հնչող այս քննադատությունների՝ Թուրքիան էլ Վաշինգտոնին էր մեղադրում, թե ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Անկարայում տված խոստումը չի պահպանվել, և նրանք մնացել են իրենց առաջխաղացման դիրքերում: Ի հակառակ դրա՝ քուրդ պաշտոնյաները հայտարարեցին, թե YPG-ը կատարել է պահանջը: Մինչդեռ Անկարայի համար խնդիր էին նաև YPG-ի տեղական դաշնակիցները կամ «ակտիվիստները», որոնց էլ հենց թիրախավորել էր թուրքական զինուժը: Այդ մասին Թուրքիայի վարչապետը չափազանց անկեղծ խոստովանել էր:
Սեպտեմբերի 8-ին Պենտագոնի կազմակերպած հեռուստակոնֆերանսում[17] միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Դորիանը հենց Բաղդադից, ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցերի, մի քանի հստակեցումներ մտցրեց: Նախ նա հայտարարեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում HIMARS հրթիռային համակարգերն օգտագործվել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի իրականացրած գործողությունների ժամանակ և արդյունավետորեն խոցել են ԴԱԵՇ-ի թիրախները, սակայն անտեղյակություն դրսևորեց ու «խոստացավ ճշտել», թե արդյոք դրանք ընթացիկ շաբաթում էլ օգտագործվել են YPG/Փեշմերգայի օգտին, ինչի մասին տարբեր չճշտված հաղորդումներ կային:
Թերևս այս երկու հանգամանքները վկայում են այն մասին, որ Վաշինգտոն-Անկարա առանցքով ամերիկյան կողմը կատարել էր իր պայմանավորվածությունները՝ ապահովել էր Ջերաբլուսից բուն YPG-ի ստորաբաժանումների հեռացումը Եփրատ գետի ձախ հատվածից ու թուրքական զինուժի գործողությանն աջակցելու նպատակով տրամադրել HIMARS համակարգերը ԴԱԵՇ-ի թիրախների դեմ: Սակայն Անկարային չէր գոհացրել այն փաստը, որ Մանբիջը ոչ թե իր դրածո խմբավորումների, այլ YPG-ի տեղական աջակիցների վերահսկողության տակ է մնում:
Թերևս, ի հեճուկս Անկարայի՝ ամերիկյան գնդապետի մեկ այլ հայտարարություն, որը նաև վերաբերում էր Թուրքիայի մոսուլյան վերքին, այնքան էլ հաճելի չէր: Գնդապետ Դորիանը, խոսելով քաղաքի ազատագրման գործողությունների պլանավորման ընթացքի մասին, նախ չհերքեց, որ HIMARS համակարգերը Թուրքիայից տեղափոխվել են Արևմտյան Քայյարահ ռազմաբազա (Մոսուլից 65կմ հեռավորության վրա), որտեղ նրանք կարող էին օգտագործվել Փեշմերգայի գործողություններին աջակցելու համար (իսկ Անկարան, բնականաբար, գիտեր, որ դրանք այլևս իր տրամադրության տակ չեն):
Իսկ Մոսուլի ազատագրման համար իրականացվող վարժանքների, զորավարժությունների, որոշ գյուղերի ազատագրման գործողությունների ու դրանցում ներգրավված ստորաբաժանումների մասին խոսելիս էլ գնդապետը հաստատեց, որ նրանց շարքում լինելու են նաև Փեշմերգայի բրիգադները, «թեպետ նրանց մասնակցության մանրամասները դեռևս պետք է մշակվեն»:
Սա մի լուր էր, որը չէր կարող անտարբեր թողնել ու չանհանգստացնել Անկարային: Իսկ դա հաստատող այլ հաղորդագրություններ, որոնք գալիս էին Իրաքի քրդական ինքնավարությունից, չէին կարող վրիպել թուրքական իշխանությունների աչքից:
Իրար հետևից Բաղդադ ու Էրբիլ էին այցելում Միջազգային կոալիցիայի առանցքային երկրների պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը վկայում էր, որ քաղաքի ազատագրման գործողությունը մոտ է:
Այսպես. սեպտեմբերի 15-ին Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին Էրբիլի Սալահանդին նստավայրում ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոնի (Էնթնի) Բլինքենին ու նրա գլխավորած պատվիրակությանը[18], որի կազմում էր նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարի Գլոբալ կոալիցիայի հարցերով ԱՄՆ հատուկ նախագահական բանագնաց Բրեթ ՄաքԳուրքը՝ շոշափելով Մոսուլի ազատագրման գործողության հարցերը:
Սեպտեմբերի 19-ին մեկ այլ ուշագրավ ու կարևոր հանդիպում էր ունեցել նախագահ Մասուդ Բարզանին. շրջանի պաշտպանական ու անվտանգության կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ նա ընդունել էր ԱՄՆ-ի և Իրաքի մի շարք բարձրաստիճան զինվորականների. «Հանդիպման ժամանակ, որի հիմնական առանցքը եղել էր Մոսուլի գործողությունը, մասնակիցները քննարկել էին գործողության որոշ մանրամասներ: <…> Փեշմերգայի և Իրաքի ուժերն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ կսկսեն Մոսուլ քաղաքն Իսլամական պետության ահաբեկիչներից հետ վերցնելու գործընթացը, ինչը համաձայնեցվեց մասնակիցների կողմից»,-ազդարարում էր նախագահականի հաղորդագրությունը[19]:
Սեպտեմբերի 22-ին Բարզանին հանդիպեց[20] Միացյալ Թագավորության պաշտպանության պետքարտուղար Մայքլ Ֆալոնին: Հանդիպմանը կողմերը քննարկել էին Մոսուլի ազատագրման գործողությունների նախապատրաստության ընթացքը, իսկ Մայլքլ Ֆալոնն էլ իր երկրի անունից հիացմունք և շարունակական աջակցություն էր հայտնել Փեշմերգային: Բացարձակ նույնաբովանդակ օրակարգով և ուղերձափոխանակությամբ հաջորդ օրը նախագահ Բարզանին հանդիպեց Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին[21], ապա ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Ջոզեֆ Վոտելի գլխավորած պատվիրակությանը[22]:
Ավելի վաղ Միջազգային կոալիցիայի առաջատար երկրների ռազմական ու քաղաքական պատվիրակությունները նույնաբովանդակ հանդիպումներ էին ունեցել թե՛ Էրբիլում՝ քրդական ինքնավարության իշխանությունների, թե՛ Բաղդադում՝ Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, որոնց ժամանակ քննարկվող հարցերից գլխավորը Մոսուլի ազատագրման գործողության ընթացքն էր, հիացմունքի առարկան՝ Փեշմերգան, որպես դրա առանցքային դերակատար:
Սեպտեմբերի 23-ին Financial Times-ը բարձրաստիճան զինվորականների վրա հղումով բացահայտ դարձրեց[23], որ «Մոսուլի վերագրավման պլանավորման աշխատանքները շարունակվում են», իսկ քաղաքի ուղղությամբ գրոհը կարող է սկսվել «մի քանի շաբաթից»: Սա մի լուր էր, որը թե՛ անհանգստացնում էր Անկարային, թե՛ շտապեցնում:
Արևմտյան լրատվամիջոցների համաձայն՝ Միացյալ Թագավորության պաշտպանության քարտուղար Մայքլ Ֆալոնը ճեպազրույցի ժամանակ հաստատել էր, որ «այժմ կա բոլոր կողմերից տեղում համաձայնեցված պլան, որը պետք է ապահովվի, որպեսզի ազատագրումը սկսվի ու ընթանա այնպես, որ դրան վստահեն Մոսուլի տարբեր խմբերը: Մենք ակնկալում ենք, որ քաղաքի օղակման գործողությունը կսկսվի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, և Մոսուլն էլ դրա արդյունքում կընկնի…. Մենք պետք է կարողանանք ԴԱԵՇ-ին Իրաքից դուրս մղել գալիք մի քանի ամիսների ընթացքում՝ այս տարվա մնացած ամիսներին ու հաջորդ տարվա մեջ»: Մայքլ Ֆալոնը նաև նշել էր, որ համաձայնություն է ձեռբերվել այն մասին, թե Մոսուլը շրջափակելիս ինչպես պետք է համագործակցեն ցամաքային ուժերը:
Իսկ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Դորիանն էլ տեղեկացրել էր, որ այդ նպատակով վերջին օրերին ԱՄՆ-ը «մի քանի հարյուր հոգանոց» զորք է տեղակայել Մոսուլից հարավ Եփրատի երկայնքով՝ Քայյարահում գտնվող զորամասերից մեկում, որի առաքելությունն էր լինելու Մոսուլի ուղղությամբ գրոհին աջակցող լոգիստիկ կենտրոն դառնալը:
Մեկ այլ՝ բրիտանացի բարձրաստիճան զինվորական, Միացյալ Թագավորության պաշտպանության անձնակազմի ղեկավարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մարկ Քառլթոն-Սիթն էլ հայտարարել էր, թե «ԴԱԵՇ-ի պաշտպանական կառույցների վրա և ամբողջ քաղաքի շրջակայքով օդից աջակցության գործողությունն արդեն տեղի է ունենում: Մենք այժմ կազմում ենք հետախուզական քարտեզը՝ ապահովելու համար, որ երբ վերջնական գործողությունն սկսվի, այն որքան հնարավոր է կատարվի հնարամտորեն և վիրաբուժական մանրակրկիտությամբ, որպեզի կառավարելի լինի»:
Թուրքիան կատարելապես խոցված էր. ինքը ներգրավված չէ Մոսուլի ազատագրման գործողություններում, դրա պլանավորման աշխատանքներում ու որոշումներում, իսկ դրանք կարող են սկսվել մի քանի շաբաթից….
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄԱՐՇ ԵՎ ՇԱՆՏԱԺ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի, ՈՐՈՆՔ ՇՈՅՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ԱՆԿԱՐԱ-ԲԱՂԴԱԴ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ի պատասխան «Եփրատի վահան» գործողության կապակցությամբ Անկարայի հասցեին հնչած ամերիկյան ու արևմտյան քննադատությունների և որպես Մոսուլի թատերաբեմում Թուրքիային չներգրավելու որոշման դեմ դեմարշ՝ սեպտեմբերի 28-ին երկրի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը մի շարք ուղիղ և անուղղակի մեղադրանքներ հասցեագրեց[24] ԱՄՆ-ին: Նրա խոսքերով՝ ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորումն իր գոյությամբ «պարտական է» Սիրիայում քաղաքական անկայունությանը, այն է՝ ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությանը, ու մեղադրեց վերջինիս քուրդ գործընկերներին. «Եթե չլիներ քաղաքական անկայունությունը, ապա չէին լինի նաև PYD/YPG գրոհայինները, որոնք գրավել են Սիրիայի գրեթե ողջ հյուսիսը՝ այնտեղ կանտոններ ստեղծելով: Թուրքիան պետք է հակազդեր նրանց, ովքեր երկրի հարավ-արևելքում կարերն են քանդում: Ոչ մեկն իր վրա քաջություն չէր վերցնի՝ փորձելով վերահսկողություն իրականացնել թուրքական քաղաքների նկատմամբ»:
Փոխվարչապետն անուղղակիորեն սիրիական քաոսին ու այն ստեղծողին մեղադրեց նաև իրենց բոլոր ողբերգությունների մեջ՝ պետական հեղաշրջումից մինչև տարածաշրջանային տերությունների հետ հարաբերությունների վատթարացում. «Կարող եմ անգամ ենթադրություն անել, որ տարածաշրջանային որոշ ուժերի հետ Թուրքիայի հարաբերություններում լարվածություն չէր ծագի. օրինակ, Ռուսաստանի հետ ճգնաժամը տեղի չէր ունենա, որը գրեթե մեկ տարի տևեց, և Իրանի հետ շատ հարցերով տարաձայնություններ չէին առաջանա: Եթե չլիներ սիրիական ճգնաժամը, ապա հնարավոր է՝ Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքը համարձակություն չէր ունենա հեղաշրջման փորձ կատարել: Չեմ պնդում, թե ամբողջ մեղքն ընկած է Սիրիայի վրա, սակայն սիրիական հակամարտությունը նպաստեց բացառիկ լուրջ քաղաքական անկայունությանը, որն անդրադարձավ այլ երկրների վրա»:
Ապա արձանագրելով, թե Ստամբուլում, Անկարայում, Ղազիանթեփում ու Էլիազիգում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի պատճառը սիրիական քաղաքականության փակուղի մտնելն է, Կուրտուլմուշը հայտարարեց, թե «Սիրիայում որևէ կողմ չի կարող կարգավորում ապահովել, որը միայն կբավարարի իր շահերին»: Թերևս սա արդեն Անկարայի դիրքորոշման մեջ նկատելի տեղաշարժ էր Սիրիայում Ռուսաստանի պաշտպանյալ Ասադի շահերը նույնպես բավարարելու անհրաժեշտության մասին:
Սեպտեմբերի 29-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթնի Բլինկենը հայտարարեց [25], որ ոչ Պեշմերգան, ոչ էլ շիա ստորաբաժանումները չեն մտնի Մոսուլ: Ըստ նրա՝ «Մոսուլն ազատագրող ուժի առանցքը կկազմեն Իրաքի անվտանգության ուժերը, որոնց կօժանդակի կոալիցիան՝ Փեշմերգայի աջակցությամբ», և որ ԱՄՆ-ը փորձում է կայացնել ուժեղ՝ 15.000-անոց սուննի արաբական առաջատար ուժը, որը քաղաքում կարգերը կվերականգնի. «Ցեղային տարրերը, որոնք արդեն վարժեցվել, զինվել և կազմավորվել են այն նպատակով, որ դրանցից 15.000 գերազանցապես կլինի այն առաջատար ուժը, երբ քաղաքն ազատագրվի»:
Թվում է, թե այս հայտարարությունը պետք է հանգստացներ Թուրքիային, սակայն նախ Անկարան վստահ չէր կարող լիներ, որ գործողությունը հենց հայտարարվածի հանգույն է լինելու՝ Փեշմերգան ու շիա ստորաբաժանումները ետնապահ են լինելու, նաև չէր համարում, թե դա այն է, ինչ իրեն է պետք՝ մասնակցություն ողջ գործընթացին, և շարունակեց գրգռել թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Բաղդադին՝ դեր հայցելով Մոսուլի գործողություններում:
Թուրքիան ի սկզբանե հրաշալի հասկանում էր դրանում իր մասնակցության բոլոր բարդությունները, հատկապես, երբ դրանց համակարգողը Վաշինգտոնն էր, իսկ պաշտոնական Բաղդադն էլ շարունակում էր պահանջել, որպեսզի թուրք զինվորականները լքեն Իրաքի տարածքը, որտեղ նրանք գտնվում էին 2015թ. տարեվերջից:
Բաղդադի հետ այդ խնդրով տևական լարվածության խորապատկերին, իբրև Մոսուլի ազատագրման գործողություններին ընդառաջ դիրքավորում, Թուրքիայի խորհրդարանը նախ հայտարարեց[26], ապա հոկտեմբերի 1-ին որոշում ընդունեց[27] «Թուրքիայի զինված ուժերի մանդատը մեկ տարով երկարացնելու մասին՝ թույլ տալով նրանց Սիրիայի և Իրաքի տարածքում Թուրքիային սպառնացող որևէ վտանգի դեմ անդրսահմանային գործողություններ և ռազմական ներխուժում իրականացնել», որի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 2-ին (Առաջին անգամ այդպիսի որոշում կայացվեց 2014թ., ապա ևս մեկ տարով հետաձգվեց 2015թ.):
Կառավարության ներկայացրած որոշումը թույլ է տալիս նաև օտար ուժերին օգտագործելու թուրքական ավիաբազաները և Թուրքիայի տարածքն այդ նույն վտանգների դեմ պայքարում, որոնց մեջ Անկարան մտցնում է «ԴԱԵՇ-ը, Քրդական բանվորական կուսակցությունն (PKK) ու նրա սիրիական ճյուղավորումներին, Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) և նրա Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներ (YPG) ոստիկանությունը»: Որքան էլ ԴԱԵՇ-ը և PKK-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից նույնպես ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ, այդուհանդերձ, նրանք Անկարայի հանգույն ահաբեկչական չեն համարում PYD-ին և YPG-ին, ավելին՝ վերջիններս հանդիսանում են ԴԱԵՇ-ի դեմ պայքարում Պենտագոնի ու Արևմուտքի ամենաարդյունավետ գործընկերը:
Մինչ բանաձևի ընդունումը խորհրդարանի նիստի բացման իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ բարձր գնահատեց[28] Սիրիայում թուրքական զինուժի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը՝ որպես «ահաբեկչական կազմակերպություններից զերծ գոտի ձևավորելու փորձ»: Վստահություն հայտնելով Մոսուլն Իսլամական պետությունից վերանվաճելու հեռանկարին՝ նա նաև սպառնաց Իրաքի կենտրոնական կառավարությանն ու իրենց արևմտյան դաշնակիցներին, թե Անկարան պետք է ներգրավված լինի ցանկացած գործողությունում և որոշումների ընդունման գործընթացում. «Թուրքիան չպետք է անտեսվի սեղանի շուրջ: Այլոք այդպիսի սահման չունեն (Իրաքի և Սիրիայի հետ): Միգուցե նրանք ցանկանում են, որ մենք հանդիսատես մնանք, սակայն այդ որոշումն էլ պետք է այստեղ կայացվի»:
Դրանից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրիմը նախազգուշացրեց, որ սուննիներով բնակեցված քաղաքի վրա Իրաքի բանակի գրոհը կարող է սրել տարածաշրջանային լարվածությունը, եթե դրա առաջատար ուժը դառնան շիա զինված ուժերը: Մոսուլի գործողություններին Անկարայի մասնակցության անհրաժեշտությունը փաստարկելու համար վարչապետ Յըլդրիմը դիպավ Բաղդադի նուրբ լարերին ու քննադատության ենթարկեց Իրաքի զինվորականներին 2014թ. հունիսին Իսլամական պետության գրոհայիններին թույլ դիմադրություն ցույց տալու մեջ, երբ նրանք նահանջել էին ու թույլ տվել, որ ԴԱԵՇ-ը գրավի Մոսուլը. «Որտե՞ղ էր Իրաքի կառավարությունը, երբ մեկ օրում գրավվեց Մոսուլը»[29]:
Թուրքական խորհրդարանի որոշմանն ու Անկարայի նկրտումներին պաշտոնական Բաղդադի արձագանքը շատ կոշտ էր՝ թե՛ հայտարարություններով, թե՛ նաև Իրաքի խորհրդարանի կոնտր որոշմամբ: Մասնավորապես, Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին բանաձև ընդունեց, որով «դատապարտվեց թուրքական ռազմական ներկայությունն ու երկրի կառավարությունից պահանջվեց դրանց վերաբերվել որպես «զավթիչ ուժերի»: Բանաձևը նաև կոշտ գնահատականներ էր տվել Թուրքիայի նախագահի որդեգրած դիրքորոշմանն ու վարած քաղաքականությանը:
Հենց նույն օրը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնական հայտարարությամբ «դատապարտելի ու անընդունելի համարեց այն ու մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրանքները»՝ նշելով, որ այն «չի արտացոլում Իրաքի ժողովրդի մեծամասնության տեսակետը, որը Թուրքիան պաշտպանել է ամեն առիթով ու ամեն հնարավոր եղանակով»՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում ինքն է տուժել Իրաքից եկող սպառնալիքներից, այլ ոչ թե հակառակը:
Հիշեցնելով Թուրքիայի՝ ստեղծման պահից իսկ հակա-ԴԱԵՇ-յան միջազգային կոալիցիայի անդամ լինելը, ինչպես նաև իրենց խորհրդարանի բանաձևի ոչ նոր (առաջին անգամ նման բանաձև ընդունվել է 2007թ.) լինելու հանգամանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ը միտում տեսավ հենց այս պահին Իրաքի խորհրդարանում նման հակաթուրքական բանաձև ընդունելու մեջ. «Մենք համարում ենք, որ անազնվություն է, երբ Իրաքի խորհրդարանը, որը տարիներով չի առարկել ընդունված բանաձևը, այժմ օրակարգում հարցը դնում է այնպես, ասես թե խոսքը նոր ակտի մասին է, ու մի ժամանակահատվածում, երբ ահաբեկչությունն այսքան շատ մարդկանց կյանքեր է խլում Իրաքում և Թուրքիայում»:
Դրանից բացի պաշտոնական Անկարան նաև հայտարարեց, որ «Թուրքիան, ինչպես և իր պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը, ինքնապաշտպանության իրավունքն իրացնելիս իր աներերությունը կպահպանի Իրաքի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ»: Վերջում թուրքական ԱԳՆ-ը Բաղդադի իշխանություններին «կոչ էր արել հետ-ԴԱԵՇ-յան շրջանում մի կողմ թողնել իրենց շահերը և բռնել Թուրքիայի բարեկամական ու օգնության ձեռքը՝ հանուն Իրաքի և տարածաշրջանի՝ ԴԱԵՇ-ի դեմ պայքարի նման բախտորոշ խաչմերուկում»[30]:
Որպես բողոքի նշան երկու կողմերն իրենց դեսպաններին սեփական մայրաքաղաք կանչեցին՝ մյուս կողմին ուղղված մտահոգություններն ու դժգոհությունները փոխանցելու նպատակով, իսկ բարձր մակարդակով դիվանագիտական մեղադրանքները շարունակվեցին:
Հոկտեմբերի 5-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նախազգուշացրեց[31] Թուրքիային, որ վերջինս, Իրաքի տարածքում իր զորքերը պահելով, «տարածաշրջանային պատերազմի» ռիսկեր է ստեղծում. «Մենք թուրքական կողմին ավելի քան մեկ անգամ խնդրել ենք չմիջամտել Իրաքի հարցերին, և ես վախենամ՝ թուրքական արկածախնդրությունը տարածաշրջանային պատերազմի վերաճի: Թուրքական ղեկավարության պահվածքն ընդունելի չէ, և մենք չենք ցանկանում ռազմական հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ»:
Նույն օրը Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը մի կողմից իր երկրի անունից վերստին համագործակցության պատրաստակամություն հայտնեց Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ ահաբեկչության վտանգի վերացման դեմ պայքարում, այդ թվում՝ Մոսուլում, բայց և հիշեցրեց. «Իրաքի Քրդական տարածաշրջանային վարչակազմի իշխանությունները Մասուդ Բարզանիի գլխավորությամբ ամենասկզբից Անկարային խնդրել են աջակցություն ցուցաբերել տեղական ուժերի վարժեցման գործում՝ հետագայում Մոսուլի ազատագրման գործողություններում դրանց մասնակցության նպատակով: Դա անհերքելի փաստ է»[32]:
Եթե Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելն ու այնտեղ «Եփրատի վահան» ռազմական գործողություններ իրականացնելը հստակ միջազգային իրավունքի խախտում է, քանզի այդ երկրի իշխանությունները նման խնդրանքով երբևէ պաշտոնապես չեն դիմել Անկարային, ապա Իրաքի դեպքում Թուրքիան օգտագործում է առաջացած իրավական թնջուկը, որի մյուս երկու կողմերն Իրաքի կենտրոնական կառավարությունն են ու Քրդական ինքնավարության ղեկավարությունը:
Ի հակառակ պաշտոնական Բաղդադի՝ վերջիններս ավելի վաղ Անկարայից աջակցություն ու համագործակցություն էին խնդրել Հյուսիսային Իրաքում քուրդ և սուննի գրոհայիններին վարժեցնելու հարցում, որի պատրվակով էլ Թուրքիան նախ 500, ապա 2000 հոգանոց զորախումբը տեղակայեց այնտեղ: Եվ տևապես, ի պատասխան պաշտոնական Բաղդադի՝ հյուսիսային Իրաքից դուրս գալու պահանջներին՝ Անկարան վկայակոչում է հենց քրդական ինքնավարության իշխանությունների դիմումը:
Սակայն, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում հղում էին կատարում Մասուդ Բարզանիի ավելի վաղ խնդրանքին՝ ոչինչ չասելով այն մասին, թե արդյոք օգոստոսի 23-ին Անկարա կատարած այցի ընթցքում նա նույնպես խնդրել կամ համաձայնել է, որ թուրքական զինուժը մնա Իրաքի հյուսիսում: Երկու կողմի հաղորդագրությունները, որոնք մեջբերվեցին, այդ մասին լռում էին:
Այնուհետև թուրք փոխվարչապետը հավելել էր[33]. «Իրաքը և Սիրիան պատկանում են այդ երկրների բնակիչներին: Թուրքիան չի կարող թույլ տալ, որպեսզի ահաբեկչական խմբավորումները փոխեն այդ երկրների էթնիկական կազմն ու ժողովրդագրական կառուցվածքը: Դա չպետք է թույլ տան նաև Իրաքն ու մյուս երկրները»:
Բաղդադից Անկարայի հասցեին շարունակաբար հնչող մերժումների ու քննադատությունների խորապատկերին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը, հոկտեմբերի 6-ին Իրաքի խորհրդարանի բանաձևը որակելով Անկարայի համար «կտրականապես անընդունելի», վերստին անդրադարձավ[34] այդ երկրում իրենց ռազմական ներկայությանը. «Բաշիկայի շրջանում թուրք զինվորականների ներկայությունը չի նշանակում, թե Թուրքիան մտադիր է զավթել իրաքյան հողերը: Եթե Իրաքի իշխանությունները ինչ-որ բանի արձագանքեին էլ, ապա նրան, որ ԴԱԵՇ-ի գրոհայիններին հաջողվեց գրավել Մոսուլ և Ռաքքա քաղաքները մեկ օրվա ընթացքում», – Բաղդադի բաց վերքի վրա կրկին աղ լցրեց Անկարան: Փոխվարչապետը վերստին հղում կատարեց Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի այն խնդրանքի վրա, որպեսզի իրենք վարժեցնեն տեղացի ուժերին Մոսուլը ԴԱԵՇ-ից ազատագրելու գործողության համար:
Դրանով Անկարան ոչ միայն փորձում էր օրինականություն հաղորդել հարևան երկրում իր գտնվելուն, այլ նաև ակնարկում էր, թե ժամանակին երկկողմ պայմանավորվածությունների մեջ մտել է թե՛ մինչև գործողությունը՝ «Մոսուլի տեղական բնակչությանը պարզապես օգնելով քաղաքը պաշտպանել ահաբեկիչներից», թե՛ պլանավորված ռազմական գործողություններին, թե՛ նաև դրանից հետո՝ «նրանց աջակցելով քաղաքի ու շրջանի կայունացման գործում»:
Քանի որ Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևը պաշտպանել էր նաև ԱՄՆ-ը, Թուրքիայի վարչապետը նրանց ևս հակադարձելու յուրահատուկ եղանակ ընտրեց. «Մենք նախընտրում ենք չմեկնաբանել Վաշինգտոնի հայտարարությունը: Հակառակ դեպքում ստիպված կլինենք հարց տալ այն պատճառների մասին, որոնց համար ԱՄՆ-ն այժմ գտնվում է Իրաքում»:
Ամերիկա-թուրքական և թուրք-իրաքյան հարաբերություններում այսպիսի վայրիվերումների համատեքստում Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պլանավորած հանդիպումը կատարյալ առիթ էր մասնակցություն ունենալու Մոսուլի թատերաբեմի հակոտնյա Հալեպի ռուսական ռազմական գործողություններին՝ այդ կերպ ուղղակիորեն հարվածելով ու սպառնալով Վաշինգտոնի ու Բաղդադի շահերին:
Շարունակելի
[1] Սաֆարյան Ս., Ռուս-թուրքական սիրիական սիրախաղ՝ ղարաբաղյան ելևէջներով, 24.10.2016, ՄԱՀՀԻ
[2] President Barzani Meets with U.N. to Iraq, 03.08.2016, Kurdistan Region Presidency
[3] President Barzani Holds a Joint Meeting with Iraqi NSA and US Delegation, 08.08.2016, Kurdistan Region Presidency
[4] A Statement From the Kurdistan Region Presidency, 20.08.2016, Kurdistan Region Presidency
[5] President Barzani and President Erdogan Meet in Ankara, 24.08.2016, Kurdistan Region Presidency
[6] Президент Турции принял главу КРАИ, 23.08.2016, Агенство «Анадолу»
[7] Türkei startet snti-is-offensive in Syrien – panzer haben grenze passiert, 24 08 2016, de.news-front.info
[8] Turkey wedding blast: 30 dead and 90 hurt in Gaziantep, 21.08.2016, BBC
[9] МИД Турции: наша цель – вытеснить ДАЕШ с севера Сирии, 24.08.2016, Агенство «Анадолу»
[10] Вице-президент США осудил попытку военного переворота в Турции, 24.08.2016, Агенство «Анадолу»
[11] Премьер Турции: Террористы PYD и YPG не попадут на западный берег Евфрата, 24.08.2016, Агенство «Анадолу»
[12] Представитель администрации США: “Мы действуем синхронно с Турцией“, 24.08.2016, Агенство «Анадолу»
[13] Turkish Parliament Extends Mandate for Military Operations in Syria and Iraq, 02.10.2016, NSNBC international
[14] «Весь район, включая Джераблус, должен быть очищен от PYD и YPG», 24.08.2016, Агенство «Анадолу»
[15] Deaths as Turkey targets Kurdish fighters in Syria, 28.08.2016, Al Jazeera
[16] Turkish-backed Syrian rebels advance towards Manbij, 30.08.2016,
Al Jazeera [17] Department of Defense Press Briefing by Col. Dorrian via Teleconference from Baghdad, Iraq, 08.09.2016, Operation Inherent Resolve
[18] President Barzani Receives a United States Delegation, 15.10.2016, Kurdistan Region Presidency
[19] President Barzani Receives a Joint American and Iraqi Military Delegation, 19.10.2016, Kurdistan Region Presidency
[20] President Barzani and Michael Fallon Meet in Salahadin, 22.09.2016, Kurdistan Region Presidency
[21] President Barzani Receives German Minister of Defense, 23.09.2016, Kurdistan Region Presidency
[22] President Barzani Receives a U.S. Military Delegation, 23.09.2016, Kurdistan Region Presidency
[23] Coalition drive to recapture Mosul from Isis to begin ‘in weeks’, 23.09.2016, Financial Times
[24] Сирийский кризис нельзя урегулировать в интересах одной стороны, 28.09.2016, Агенство «Анадолу»
[25] No Peshmerga, Shia militia will enter Mosul: US, 29.09.2016, Anadolu Agency
[26] Turkish Parliament to extend military operation mandate, 20.10.2016, DAILY SABAH
[27] Turkey MPs Back Extension Of Troop Mandate In Syria, Iraq, 01.10.2016, RFERL
[28] Turkish Parliament Extends Mandate for Military Operations in Syria and Iraq, 02.10.2016, NSNBC international
[29] Iraq warns Turkey it risks ‘regional war’ by keeping troops on Iraqi soil, 05.10.2016, The Telegraph
[30] Press Release Regarding the Resolution Adopted By the Iraqi Parliament on 4 October 2016, No: 246, 4 October 2016, Republic of Turkey Ministry of Foreign Affairs
[31] Iraq warns Turkey it risks ‘regional war’ by keeping troops on Iraqi soil, 05.10.2016, The Telegraph
[32] Турция готова к сотрудничеству для ликвидации терроризма в Ираке, 05.10.2016, Агентство Анадолу
[33] Турция готова к сотрудничеству для ликвидации терроризма в Ираке, 05.10.2016, Агентство Анадолу
[34] Турция не претендует на иракские земли – вице-премьер, 06.10.2016, Агентство Анадолу