Օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսեց քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծելու մասին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ նախատեսվում է երթուղային ցանցի վերանայում, շարժակազմի վերանայում. «Այլընտրանք չունենք իսկապես: Պետք է գնանք մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ մայրաքաղաքում շահագործելուն, միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք»:
Կամո Արեյանը հասարակական տրանսպորտի վիճակը Երեւանում այսպես գնահատեց. «Ոլորտը խնդիրներ ունեցող է: Մենք գիտակցում ենք դա»:
Նա ասաց, որ կառավարման մոդելը, ամեն ինչ պետք է փոխվի, գծատերերը նույնպես այսքան շատ չեն լինելու. «Քաղաքապետը եղավ շատ անկեղծ եւ օբյեկտիվ, որ տրանսպորտի խնդիրը ծառացած է մեր առջեւ»:
Հարցին՝ քանի՞ տարի է պետք, որ քայլեր լինեն՝ նա պատասխանեց, որ ժամկետ չեն կարող նշել, բայց որ դա հրատապ խնդիրներից է՝ փաստ է:
Կարդացեք նաև
Հարցին՝ դա ենթադրո՞ւմ է ուղեվարձի ավելացում՝ Կամո Արեյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց. «Հիմա այդ հարցը ես չեմ շոշափում, ես նշեցի հիմա մեզ ինչ է պետք»:
Փոխքաղաքապետն ասաց, որ 20 կմ ճանապարհաշինության ծրագիրն էլ նախատեսված է կենտրոնը բեռնաթափելու համար՝ արագընթաց ճանապարհ, Աշտարակի խճուղի, Դավթաշենի կամուրջ, այնուհետեւ կապը դեպի օդանավակայան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ