Կոտայքի մարզի Զովունի համայնքում մի քանի օրից համայնքի ղեկավարի լիազորությունները վայր դնող Սերժիկ Ավետիսյանի եւ նորընտիր գյուղապետի՝ Վրույր Սիմոնյանի շուրջ խոսակցություններն ավելի են թեժանում: Aravot.am-ի հետ զրույցում Վրույր Սիմոնյանն ահազանգել էր, որ Սերժիկ Ավետիսյանն աճուրդի է հանել համայնքի սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները:
Մեզ հետ զրույցում Սերժիկ Ավետիսյանն իր հերթին անդրադարձավ Սիմոնյանի հայտնած տեղեկությանը, թե օրեր անց Ավետիսյանն աճուրդի է դնելու համայնքի մանկապարտեզի մասնաշենքը:
Սերժիկ Ավետիսյանը նախ հստակեցրեց, որ դա ոչ թե մանկապարտեզի մասնաշենք է, այլ համայնքին պատկանող մեկ այլ շենք, որը ոչ թե աճուրդի է դրվում, այլ վարձակալության. «Մանկապարտեզի շենքն օտարվելու իրավունք չունի: Դա հանրության շենք է. մեկը պե՞տք է լինի, որ վարձակալի, նպատակային օգտագործվի: Վարձակալության տալու մասին է խոսքը: Դա մանկապարտեզի շենքը չէ, այլ առանձին մասնաբաժին է, որը մենք մեր ուժերով վերականգնել ենք՝ որպես հանրության շենք ենք օգտագործում»:
Նշենք, որ խոսքը հանդիսությունների սրահի մասին է, որի շուրջ աղմուկ էին բարձրացրել մի շարք բնակիչներ, Սերժիկ Ավետիսյանն էլ նրանց դժգոհությունը սադրանք էր որակել:
Կարդացեք նաև
«Ընդամենը հանրային՝ վերոնշյալ շենքը վարձակալության տալու մասին է խոսքը: Մանկապարտեզը դրա հետ կապ չունի…Հո իր ծնողների (նկատի ունի Վրույր Սիմոնյանի ծնողներին) նմա՞ն չէ, որ կոլտնտեսության հսկայական ճաշարանը կոպեկներով գնեցին, փոշիացրին՝ ծախեցին, մենք էլ ծախսերի տակ ընկանք, որ այդ հանրային շենքը սարքենք՝ ժողովուրդը յոլա գնա: Կոպեկներով առել են ճաշարանը, մասնատել ու ծախել»,-ասաց Սերժիկ Ավետիսյանը:
Հարցրեցինք՝ ճ՞իշտ է, որ նա աճուրդի է հանել գյուղապետարանի պահեստը: Սերժիկ Ավետիսյանը վստահեցրեց, որ դա «քանդուքարափ տեղ» է, եւ կրկին խոսքը ոչ թե վաճառելու, այլ վարձակալությամբ տալու մասին է. «Այդպես ասողները կամ կիսագրագետ են, կամ գործից անտեղյակ են: Սադրիչներ են…»,-ասաց Ավետիսյանը:
Նա մեկնաբանեց նաեւ Վրույր Սիմոնյանի մտավախությունը, թե «Ավետիսյանը գնալուց առաջ գյուղում էլ շենք, շինություն չի թողնի՝ ամենը աճուրդի հանելով»:
«Իր հերը շենք-շինություն թողե՞լ է: Սաղ ծախել է՝ ֆերմաների տարածքները, անասնագլխաքանակները…»,-բարկացավ Սերժիկ Ավետիսյանը: Ապա շարունակեց. «Դուք գիտե՞ք՝ ես ինչքա՜ն աշխատանքներ եմ արել գյուղի համար…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ