Սահմանամերձ Բերդ քաղաքը ժամանակի ընթացքում ավելի բարեկարգ, նորոգ է դառնում, այդ նպատակով բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգումն ավարտվել է, գործը կատարվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 70 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Այդ մանկապարտեզի 1-ին եւ 2-րդ մասնաշենքերը նախկինում հիմնանորոգվել էին: Քաղաքում գործող 2 մանկապարտեզներ է հաճախում մոտ 400 երեխա, երեխաների կրթության, դաստիարակության համար լավ պայմաններ են ստեղծված:
Տարեցտարի ընդլայնվում է Բերդ քաղաքի արտաքին լուսավորության ցանցը: Այժմ քաղաքի փողոցների մեկ երրորդը լուսավորվում է: 2017թվականին այդ ցուցանիշը կհասնի 80 տոկոսի: Քաղաքապետարանի կողմից Բերդ քաղաքի բազմաբնակարան բոլոր՝ 28 շենքերի հարկերում տեղադրվել են էներգախնայող, սենսորային լամպեր: Քաղաքի բնակիչներն այդ առթիվ քաղաքապետարանին հայտնում են իրենց գոհունակությունը:
Այս տարի Բերդում շահագործման հանձնվեց մանկական գեղեցիկ զբոսայգի, այն կառուցապատելու ծախսերի 30 տոկոսը տրամադրել է քաղաքապետարանը, 70 տոկոսը՝ Հայ օգնության ֆոնդը: ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ Բերդի քաղաքային մարզադպրոցի պատուհանների մի մասը փոխվել, եվրոպատուհաններ են տեղադրվել;: ՀՕՖ-ը Բերդի տարածաշրջանի համայնքներում մեծ ներդրումներ, բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, ինչի կապակցությամբ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հայտնեց իր երախտագիտությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ