Հոկտեմբերի 29-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ես նկարում եմ հին քաղաքը» բարեգործական մրցույթ-ակցիայի արդյունքներով ընտրված լավագույն նկարների ցուցահանդես-վաճառքը:
Մրցույթը տեղի էր ունեցել հունիսի 1-ին՝ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ տաճարի բակում` համընկնելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Մրցույթին մասնակցում էին տարբեր ազգությունների ավելի քան 50 աշակերտներ (4-9-րդ դասարաններ) Թբիլիսիի դպրոցներից: Երեք լավագույն նկարների հեղինակները պարգեւատրվեցին հատուկ մրցանակով՝ եռօրյա ճանապարհորդություն դեպի Հայաստան:
Արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 25 նկարների ցուցահանդես-վաճառքին ներկա էին հոգեւորականության, գործարար շրջանակների, մտավորականության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Կոջորի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մանկատանը՝ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով:
Կարդացեք նաև
Մրցույթն ու ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել էին Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամի, Վրաստանի ոչ կառավարական կրթական «Թանադգոմա» («Աջակցություն») ասոցիացիայի, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից՝ ՀԱԵ Վիրահայոց թեմի «Հայարտուն» հայկական մշակութային – կրթական կենտրոնի աջակցությամբ:
Մամլո հաղորդագրություն