Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները

Նոյեմբեր 01,2016 16:28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Ավագյանը, ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  գիտնականներ, Հայաստանի ազգային ագրարային համալասարանի դասախոսներ և այլոք:

«Մենք կազմակերպել ենք այս հանդիպումը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ  կլոր սեղանի շուրջ մասնագիտական հանրույթի հետ բովանդակային  քննարկումներ ունենալու համար, որպեսզի վեր հանենք անասնաբուժության ոլորտի խնդիրները, լսենք ձեր առաջարկությունները` հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է կատարենք այս ոլորտը վերականգնելու համար»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բակային մորթի արգելման և սպանդանոցային մորթի անցման, անասնաբույժների մասնագիտական պատրաստվածության, հարկադիր սպանդի ենթակա հիվանդ կենդանիների դիմաց փոխհատուցման տրամադրման, վերահսկողության խստացման և այլ հարցեր:

Մասնագետների կողմից առաջարկներ հնչեցին անասնաբույժների կարգավիճակի հստակեցման, վարձատրության բարձրացման, կենդանիների համարակալման, հիվանդությունների կանխարգելման նպատակով հանրային իրազեկման ծրագրերի իրականացման, արհեստական սերմնավորման կիրառման, ներքին վերարտադրության կազմակերպման  վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները`  նախարարը նշել է.

«Դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ  մշակվել է  ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման հայեցակարգը, և այժմ քննարկվում են դրա ֆինանսավորման հարցերը: Կարծում եմ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ անասնաբույժները պետք է լինեն հաստիքային աշխատողներ և ֆինանսապես առավել պաշտպանված, ինչի վերաբերյալ մենք համապատասխան առաջարկություն կներկայացնենք կառավարության քննարկմանը: Բացի այդ, մենք այլևս տոհմային երինջների ներկրում չեն իրականացնելու, այլ ներսում ենք կազմակերպելու դրանց վերարտադրությունը, քանի որ ունենք տեղում այդ աշխատանքներն իրականացնելու հնարավորությունն ու կարողությունները»:

 

ՀՀ գյուղատնտեսության  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930