Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ ճանապարհով է «Սասնա ծռեր» շարժումը մտադիր հասնել իշխանափոխության (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 16:12

«Հայելի» մամուլի ակումբում այսօր «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց շարժման՝ օրերս հրապարակած փաստաթուղթը, որում նախանշված են «Նոր հանրապետություն ստեղծելու հրամայականներն ու անելիքները»:

Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ նոր հանրապետության ստեղծումը ենթադրում է երկու փուլ. «Առաջինում իշխանափոխության իրականացումն է, որից հետո նախատեսվում է երկու տարի տեւողությամբ անցումային փուլ: Այդ ընթացքում պետք է իրականացվեն մեր նպատակները՝ Հայաստանի ապագաղութացում, ինքնիշխանության հաստատում, նոր Սահմանադրության ընդունում»:

Առաջին փուլի իրականացման համար Ալեք Ենիգոմշյանը ժամկետներ նշելը տրամաբանական չհամարեց. «Դա մոբիլիզացիայից է կախված եւ կազմակերպչական աշխատանքների ծավալից: Շատ ենք կարեւորում համազգային ներուժի ներգրավումը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ մեթոդներով են նախատեսում հասնել իշխանափոխության: «Վաղուց ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրություններ չկան, հույսը դնել դրանց վրա՝ անիրական է: Երբ քաղաքացիների քվեով փոփոխություն իրականացնելը հնարավոր չէ, ժողովրդի իրավունքն է ընդվզման ճանապարհով հասնել իրական փոփոխությունների եւ իշխանափոխության: Ընդվզումն իրենից ներկայացնում է քաղաքացիական անհնազանդության բոլոր լեգիտիմ միջոցները: Երբ իշխանությունները բռնատիրական են, քաղաքացիներն իրավունք ունեն նաեւ բռնությամբ պատասխանել: Քանի դեռ չկա նման մոտեցում, քաղաքացիական ընդվզումը կգնա խաղաղ ճանապարհով»,-պատասխանեց Ալեք Ենիգոմշյանը:

Հավելենք՝ «Սասնա ծռեր» շարժման փաստաթուղթը ենթադրում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, իսկ Արցախը պետք է միացվի Հայաստանին. «Դավաճանական մոտեցումների պատճառով Արցախը հռչակվեց առանձին հանրապետություն եւ չմիացվեց Հայաստանին: Արցախյան հարցը կախված վիճակում է պահում Հայաստանը»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Նա նաեւ նշեց, որ փաստաթուղթը ստորագրած անձանց անունների շարքում նշված է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի անունը. «Նա չի լռել եւ չի լռում»:

Ալեք Ենիգոմշյանը նաեւ վստահություն հայտնեց, որ առաջիկայում եւս կլինի հուլիսյան ժողովրդական մոբիլիզացիան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930