Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուն վատառողջ է

Նոյեմբեր 01,2016 16:02

Մալաթիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօր դատական նիստը կրկին հետաձգվեց նույն պատճառով: Դատական նիստն արդեն երրորդ անգամ հետաձգվում է Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ դատարան չներկայացնելու պատճառով:

Կալանավայրից այս անգամ գրությամբ դատարանին տեղեկացրել էին, որ չեն կարողացել Ստեփան Հակոբյանին նստեցնել մեքենա, ուղարկել դատարան:

Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ դատարանին դիմում էր ուղարկել, որով հայտնում էր, որ Ստեփան Հակոբյանն, օգտվելով իր իրավունքից, չի ցանկանում հարցաքննվել: Բացի այդ, փաստաբանը տեղեկացրել էր, որ այսօր այլ դատական նիստերով է ծանրաբեռնված ու չի կարող ներկայանալ նիստին, ապա խնդրել էր հետաձգել նիստը, առանց իր ներկայության չհարցաքննել Ստեփան Հակոբյանին:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի ութին:

«Ամեն դեպքում ինձ համար զարմանալին այն է, որ կալանավայրերի վարչությունը դատապարտյալին չի կարողանում ներկայացնել դատարան: Հիմա Ստեփան Հակոբյանի ցանկությունը կլինի, ցուցմունք կտա, թե չի տա, այլ խնդիր է, խնդիրն այն է, որ դատապարտյալին չեն կարողանում բերել: Ես նման դեպքի չեմ հանդիպել»,- դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց Սեդրակ Զատիկյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Մեր հարցին, թե Ստեփան Հակոբյանի՝ դատարան չներկայանալը ի՞նչ հետեւանք կունենա դատաքննության վրա, տիկին Էլբակյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, Ստեփան Հակոբյանը գործով անցնում է, դատաքննության լրիվությունն ապահովելու խնդիր կա…դատարանն ամեն անգամ գրություններն ուղարկում է, իր որոշումներն ընդունում է, ուղարկում է, որ կատարվի: Այ, թե ինչու դատարանի որոշումները չեն կատարվում կամ ով չի կատարում, երեւի կիմանանք հաջորդ դատական նիստերին, եթե Ստեփան Հակոբյանն էլի չներկայանա»:

«Ես Ստեփան Հակոբյանի հարցաքննության նպատակահարմարությունը չեմ տեսնում: Առավել ես, որ նա օգտվել է իր իրավունքից ու դիմումում նշել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ: Ի սկզբանե հայտնի է, որ եթե դատարան էլ ներկայանա, իր իրավունքն է ցուցմունք չտալը: Այս դեպքում, երբ դատական նիստերը ձգձգվում են, չեմ հասկանում՝ ինչ նպատակ են հետապնդում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա, Ստեփան Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով այսօր չի ներկայացել դատարան. «Չնայած իր իրավունքից օգտվելով՝ չի ցանկանում ցուցմունք տալ, բայց նաեւ առողջական խնդիրների պատճառով այսօր չներկայացավ դատարան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930